Ani avetisyan

Կարգավիճակը՝ ուսանող

Բանավոր քննությունիցս ուղիղ 10 րոպե առաջ սկսեցի մտածել՝ ի՞նչ վատ կլինի, որ արվեստաբան դառնամ։ Դե հա, նախորդ երկու քննություններդ հանձնել ես բավականին լավ, իսկ վերջինից առաջ մոռանում ես՝ ընդհանրապես ինչ ես անում համալսարանում, առավել ևս, եթե քիչ առաջ՝ բախտի բերմամբ, թե պատահմամբ, հայտնվել էիր անգլերենի բանավոր քննության լսարանում։ Դե արի ու պատկերացրու, թե ինչ է սպասվում քեզ մի սենյակ այն կողմ։

-Մամ, բա որ կտրվե՞մ։
Հա, հաստատ կտրվելու եմ։ Գիտեմ՝ վատ հարցեր են լինելու։
Լավ, Անի, հանգիստ, շնչի՛ր։ Տե՛ս, հանձնաժողովն ինչ լավն ա, ինչ հանգիստ են, ուրախ։ Մի վախեցիր, էլի։
Ես 15-րդն եմ. լա՞վ է, թե՞ վատ։ Ինչ լինում է՝ լինի։ Մնաց սպասեմ։
Մինչ իմ՝ լսարանում հայտնվելը, քննությունը հանձնել ու դուրս էին եկել երևի չորս-հինգ հոգի, ես էլ աշխարհի բոլոր հնարավոր թեմաներով արդեն ծանրաբեռնել էի գլուխս։ Ախր, հաստատ գիտեմ՝ լինելու են էնպիսի հարցեր, որոնք չեմ պատրաստել, միշտ էլ էդպես է լինում։
Չերկարացնեմ։ Սրանք ընդամենը մեկ հազարերորդ մասն էին այն բոլոր մտքերի, որոնք հասցրել էին անցնել գլխովս. Որդան Կարմիրի «Քայլ արա»-ից մինչև CNN-ի լրատվական թողարկումները, ֆուտբոլ, թենիս, Ջոնի Դեփ, կիտ-կատ, խոնավ անձեռոցիկ, տետրերս, թերթեր…
Ահա, եկավ կազմակերպիչն ու, գիտեմ, իմ անունը պիտի կարդա։ Հաշվել էի։ Անձնագիրս ու անցաթուղթս ձեռքիս մեջ ամուր պահած՝ մոտեցա բաղձալի, բայց չգիտեմ ինչու՝ հենց նոր ճռճռալ սկսած դռանը, որից այն կողմ մոտ մեկ տասնյակ դիմորդներ սպասում էին իրենց հերթին, ինչպես ասում են, այնտեղ նրանց ապագան էր որոշվում։ Բայց, դա չափազանցված է։ Դեռ ոչ ոք լսարանից անբավարար գնահատականով դուրս չէր եկել։

Վերջ։ Լսարանում եմ։ Թերթիկիս համապատասխան սեղանի մոտ ազատ տեղ չկա, նստում եմ մյուս խմբի մոտ։ Էլի չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ։ Տոմսն արդեն ձեռքումս է։ Հարցերը կարդացել եմ, մեկ-մեկ էլ նշումներ եմ անում։ Չնայած, ի՞նչ մեղքս թաքցնեմ, մի քանի րոպե հետո նշումներս հոդված դառնալու բոլոր շանսերն ունեին։ Մյուս դիմորդների գնահատականները լսում էի, պատասխաններն էլ։ Մտքում շարադրում էի իմ պատասխանը։ 15 րոպե ժամանակ ունեմ, կհասցնե՞մ։ Լավ, մի բան կանեմ։ Եթե 18-ից ցածր լինի՝ բողոքարկելու եմ։ Պիտի, պիտի անվճար ընդունվեմ։ Չէ, անհույս է։ Անի՛, շնչիր։
Քիչ այն կողմ Լաուրան էր պատասխանում։ Թղթերս մի կողմ եմ տանում ու լսում։ Գիտի՝ ինչ է ասում։ Ու ուրախանում եմ, որ 17-ի հետ հեռու կամ մոտ «ազգակցական» կապ ունեցողներն այսքան լավ գիտեն, թե ինչ են ուզում և ինչու։ Վստահ էի, որ բարձր կստանա։ Ուրիշ տարբերակ չուներ։
Արդեն մեկ ժամ կլինի, ինչ նստած եմ։ Չէ, պատասխանս արդեն պատրաստ է։ Տեղս սիրով զիջում եմ անհամբերներին ու լսում նրանց պատասխանները։ Իսկ եթե լուրջ՝ գնալով ավելի համարձակ էի դառնում։ Մի քիչ էլ ու կգնամ, կպատասխանեմ։
Նստում եմ, տոմսս տալիս քննողներին, բացում նշումներս ու սկսում։ Մինչ այդ մեր սեղանից հեռու կանգնած հանձնաժողովի նախագահը գալիս ու կանգնում է կողքիս։ Դե հա, լարվում եմ, բայց վստահ-վստահ ասում այն, ինչ նախապես մտածել էի։ Ոնց որ ստացվում է։ Խոսքիս կեսից նայում եմ ապագա դասախոսիս՝ գլխով է անում։ Հա, հաստատ սխալ բաներ չեմ ասել։ Նախագահն էլ չի դժգոհում։ Բախտս բերեց։
Ինձ քիչ թվացած 15 րոպեն, փաստորեն, կբավարեր երեք տոմս պատասխանելու համար։

Ու… Վերջին հարցի կեսից, երբ դեռ նոր ուզում էի պատմել իմ պատկերացրած ռադիոհաղորդման մասին, լսում եմ երազանքներիս արտահայտությունը.

-Պարոն Զաքարյան, 20 ստացող ունենք։

Հա՞։ Ե՞ս։ Չէ, ինչ-որ բան այնպես չի։ Հիմա հանձնաժողովի նախագահը հաստատ կմերժի։ Հաստատ։ Բա ես պիտի բողոքարկեի։

Չէ, չէ։ Իզուր չէր, որ շատերի համար խիստ թվացող հանձնաժողովի նախագահը լավ տպավորություն էր թողել։ Հաստատ գիտեր, որ 20 պիտի ստանամ՝ անվճար լինելու համար։ Բայց որտեղի՞ց։ Է՜, ի՞նչ եմ խոսում։

Փաստորեն, արդեն ուսանող եմ, հա՞։ Զգույշ, աստիճանները, ընկա՛ր, կամաց։ Ճանապարհին էլ հիշեցի, թե միասնականից ուշանալուս պատճառով ոնց էի «ծանոթով» արտագրող դիմորդի տպավորություն թողել։ Հիմա էլ նույնը կլինի էլի, երևի։

Չէ, առանց վնասվածքների տուն հասա։ Ամենադժվարը ամսի 15-ին սպասելն էր։ Մինչև անունս չկարդայի ցուցակում, չէի հավատա, որ էլ աշակերտ ու դիմորդ երևույթների հետ ոչ մի ընդհանուր կապ չունեմ։