Lilit Grigoryan

Կարծրացած «ճշմարտությունը»

Ուզում եմ բացահայտել ինձ համար վերջերս պարզ դարձած մի «ճշմարտություն», սուտ ճշմարտություն, թե՝ սովորողը չունի ապագա, աշխատանք չի կարող գտնել: Կարծրատիպ է սա դարձել, ու սրանից ես շատ եմ բորբոքվում: Ինքս էլ դպրոցում լավ եմ սովորում, ընդհանրապես շատ եմ սովորում, ու մեծ-մեծ հույսեր ունեմ պայծառ ապագա ունենալու հետ կապված: Բայց մի կողմից էլ, որ էսպիսի բաներ չե՞ն ասում… Դե արի, ու նույն նախանձախնդրությամբ շարունակիր:

Չէ՛, ինչքան էլ արհամարհես այդ կարծիքները, չի ստացվում լիովին արհամարհել: Խոսում են փաստերով, ասում. «Ես դպրոցն ավարտեցի մեդալով, համալսարանը կարմիր դիպլոմով, չունեմ հիմա գործ: Ո՞ւմ է պետք սովորելը, կյանքդ վայելի՛»: Սպանում են քեզ այս խոսքով, սպանում այն, ինչ ծրագրել ես, ջարդում են վարդագույն ակնոցներդ, ջարդում ու փշրում այն, ինչի համար շարունակում ես ապրել:

Ի՞նչ, մտածող մարդ չմնա՞ այս աշխարհում: Բոլորը փողի ոտքերը սրբե՞ն: Ու ցավոք, էսպես են խոսում մեզանից մեծերը, ովքեր պիտի քաջալերեին մեզ: Վերջապես մեզանից շատերը դառնալու են Ազգային ժողովի պատգամավորներ, նախարարներ, շատերն էլ բժիշկներ, ուսուցիչներ, գիտնականներ: Դե, իհարկե, մենք երևի պիտի փողի հետևից վազենք ու սովորենք կողոպտել, խաբել… Իսկ այդ նույն մարդիկ այդ ժամանակ կասեն, թե մենք «կաշառակեր էլիտար մասսան» ենք, մենք փչացնում ենք հասարակությունը, խաբում ժողովրդին: Դե բա էլ ի՞նչ սովորենք հնից:
Անընդհատ մտահոգությունների մեջ եմ, բայց արդեն որոշել եմ, որ այդպիսի կարծիքներն ինձ համար երբեք չհանձնվելու, ավելի առաջ շարժվելու դասեր եմ դարձնելու: Մի տեսակ՝ հրման կետ: Սա խորհուրդ կտամ բոլորին:

Ու մի բան ևս. եթե մենք ունենք գիտելիքներ, խելացի ենք, սեր ունենք սովորելու նկատմամբ, մենք ենք դառնալու այս երկրի լավագույն շինարարները, մենք ենք մեր երկրին պայծառ ապագա խոստանալու փոխարեն պայծառ դարձնելու մեր երկիրը, մենք ենք երկրի ուժը: Թող սխալ չհնչի, բայց մենք նաև հարուստ ենք լինելու, չմտածե՛ք: Մենք և՛ ունենք հոգևոր հարստություն, և՛ կունենանք նյութականը՝ բարեկեցիկ կյանքի համար: Այդքան մի՛ մտահոգվեք և նման մարդկանց մի լսեք: Գիտելիքը միշտ էլ ուժ է: