Կարևորի մասին

Բոլորս էլ կյանքի տարբեր ժամանակահատվածներում ինչ-որ բանի ենք սպասում. կապ չունի` մեծ-փոքր, տղա թե աղջիկ: Բայց որպես կանոն, ամենքիս ակնկալածը տարբեր է մյուսներից: Իմն էլ բացառություն չէ: Սպասելիքներս շատ են կյանքից, բայց հիմնականում ամենից առաջ սպասում եմ՝ խաղաղության: Իմ սպասած խաղաղությունը յուրահատուկ է: Յուրաքանչյուրն էլ սպասում է խաղաղության. կապ չունի` պետք է դա իրենց, թե ոչ: Բայց ինձ այս խաղաղությունն իրոք պետք է, մեզ բոլորիս է պետք:
Էլ չեմ ուզում պատերազմ, սպասում եմ այն օրվան, որ էլ չեմ լսի խլացնող զենքերի ձայնը, չեմ անհանգստանա մտերիմներիս համար, ովքեր ընդամենը գնացել էին դրսում զբոսնելու: Էլ չեմ ուզում լսել, որ հազիվ երեք-չորս տարեկան երեխան, ով պետք է խոսեր «վերջին մոդայի» ավտոմեքենաների կամ տիկնիկների մասին, զարմացած խոսում է, թե օրինակ՝ երեկ ինչպես է հակառակորդը «բենպեյով» խփել իրենց լուսամուտին:
Չմտածեք, թե ես այս խաղաղությանը սպասել եմ մեկ շաբաթ կամ ամիս առաջ: Ո՛չ, ես դրան սպասել եմ ծնվածս օրվանից կամ այն ժամանակ, երբ արդեն հասկացել եմ, որ դրսում լսվող հրավառության ձայները ամենևին էլ հրավառություն չէ, այլ…
Ի՞նչ եք կարծում, դեռ շարունակեմ սպասե՞լ: Հնարավոր է, որ մի օր արթնանամ ու ամեն ինչ լավ լինի:
Դե ինչ, սպասում եմ…