Կարևոր շաբաթ մեր կյանքում

Օգոստոսի յոթը շատ կարևոր օր էր իմ և ընկերներիս կյանքում: Մասնակցելով «Նորագույն տեխնոլոգիական ձեռներեցությունը աղջիկների համար» մրցույթին և հաղթահարելով հայաստանյան և երկրորդ փուլերը՝ մենք հնարավորություն ստացանք ներկայացնելու մեր երկիրը միջազգային հարթակում: Պետք է մեկնեինք Սան Ֆրանցիսկո: Մեծ ոգևորությամբ, սիրտներս լցված մեծ հույսով և հավատով, հրաժեշտ տալով բոլոր հարազատներին՝ բարձրացանք օդանավ: Անցանք Վիեննան, այնուհետև՝ Նյու Յորքը և վերջապես մենք Սան Ֆրանցիսկոյում ենք: Մեզ դիմավորեց մի աղջիկ՝ Մոնիկան, որին տեսնելուց և բարևելուց հետո մոռացանք հոգնածության մասին: Մոնիկան մեզ ուղեկցեց մինչև մեր սենյակ և թողեց, որ հանգստանանք, քանի որ մեզ մեկ շաբաթ ուրիշ կյանք էր սպասվում:

Հաջորդ առավոտյան ծանոթացանք մյուս ավագ և կրտսեր թիմերի, կազմակերպիչների հետ: Նախաճաշից հետո եկավ ուսուցիչներից մեկը, և սկսեցինք զրուցել այն մասին, թե ինչու ենք այստեղ, ինչն է մեր նպատակը և ամենակարևորը՝ թե ինչ ենք ցանկանում փոխել աշխարհում: Իսկ հետո մյուս խմբերի հետ ավելի մտերմանալու համար կանգնել էինք դեմ դիմաց և պետք է մեկ րոպեի ընթացքում պատմեինք մեր ստեղծած հավելվածի մասին: Հետո այցելեցինք «Կռուպտիկ» ընկերությունը: Մեզ էին սպասում փորձառու մասնագետները: Բաժանվեցինք մի քանի խմբերի և ծանոթացանք այն մասնագետների հետ, որոնք վերամշակում են ձայները և օգտագործում խաղերի մեջ: Հենց այդ ժամանակ մասնագետներից մեկն ինձ կանչեց իր մոտ, և ես պետք է փորձեի հրեշի ձայն արձակել: Իմ ձայնի օրինակով ցույց տվեցին, թե ինչպես է տեղի ունենում ձայնի վերափոխումը: Բավականին գիտելիքներ ստանալուց հետո՝ բոլոր թիմերից մեկ հոգի պետք է ներկայացներ իր թիմին և ստեղծված հավելվածը: Այսպես անցավ մեր առաջին օրը:

Հաջորդ օրը ամենապատասխանատու օրն էր. մենք պետք է ներկայանայինք ժյուրիի անդամներին: Բայց մինչ այդ բոլոր թիմերը պետք է պատրաստեին պաստառներ: Ուղևորվեցինք «Գուգլ» ընկերություն: Այստեղ ժյուրիի անդամները մոտենում էին մեր պաստառներին և հարցեր տալիս հավելվածից: Երկրորդ համարի տակ պետք է ելույթ ունենայինք մենք: Այն խնդիրը, որը դրված էր մեր առջև, մենք կատարեցինք: Այս ընթացքում մեր կողքին էր և մեզ քաջալերում էր հայկական համայնքը: Հաջորդ օրվան երևի թե ամենաշատն էինք սպասում. այց քաղաքի տեսարժան վայրեր: Ճիշտ է՝ օրը մի փոքր ամպամած էր, բայց դա մեզ չխանգարեց: Առաջինն այցելեցինք Վիկտորյա թագուհու տունը, որտեղից երևում էր քաղաքը: Մեզ հետ էր նաև էքսկուրսավարը, որը սիրով պատասխանում էր մեր բոլոր հարցերին և ծանոթացնում քաղաքի հետ: Հաջորդ վայրը, որն այցելեցինք, Ոսկե դարպասներն էին: Ճիշտ է՝ մենք չկարողացանք բարձրանալ կամրջի վրա, բայց կարևորը՝ տեսանք այն, իսկ մառախուղը, որը ծածկել էր կամրջի մի մասը, էլ ավելի խորհրդավոր տեսք էր հաղորդում: Եղանք նաև Խաղաղ օվկիանոսի ափերին, ինչպես նաև տեսանք նավահանգիստը:

Արդեն վերադարձի պահն էր, պետք է պատրաստվեինք մրցանակաբաշխությանը: Ելույթ ունեցանք հանդիսատեսի առջև և պատրաստ էինք լսելու արդյունքները: Առաջինը կարդացին մեր թիմի անունը: Այնքան շփոթված էինք, որ չհասկացանք՝ ինչու են կանչում: Կրթություն անվանակարգում մենք զբաղեցրել էինք առաջին տեղը: Բայց սա դեռ վերջը չէր: Մեր թիմին ևս մեկ անգամ հրավիրեցին բեմ: Եվ իմացանք, որ սահմանված էր ևս մեկ մրցանակ տասներկու թիմերից մեկի համար՝ «Հանդիսատեսի համակրանք»: Ունենալով երկու հազարից ավելի հանդիսատես՝ մենք կարողացանք շահել այդ մրցանակը:

Մեր վերջին օրն Ամերիկայում ամբողջությամբ անցկացրինք հայ համայնքի հետ: Եվս մեկ անգամ շրջեցինք քաղաքով մեկ: Այցելեցինք Սան Ֆրանցիսկոյում գտնվող միակ հայկական եկեղեցին: Ծանոթացանք մեր հյուրերի հետ, որոնք մեզ հարցեր էին տալիս հավելվածի, նաև ծրագրավորման մասին: Իսկ Սան Ֆրանցիսկոյի կանանց կազմակերպության տնօրենը՝ մեր շատ սիրելի Քրիստինեն, մեզ համար պատրաստել էր փոքրիկ անակնկալներ: Սա շատ կարևոր կյանքի դպրոց էր, որտեղ մենք սովորեցինք լինել հաստատակամ մեր նպատակների մեջ, ունենալ երազանքներ և դրանք իրականացնել, օգնել մեկս մյուսին, դառնալ ոչ թե թիմ, այլ իրական ընտանիք: