anush hovhannisyan

Կար ու չկա

Մայրիկս միշտ պատմում է իր մանկությունից, և դա իմ ամենասիրելի զրույցներից է: Ես հետաքրքրասիրությամբ անընդհատ հարցեր եմ տալիս, իսկ նա սիրով ու համբերատարությամբ պատասխանում է: Պաշտում եմ, երբ նա սկսում է պատմել իրենց բակային խաղերից, որոնք նրանց առօրյայի մի մասն են եղել, իսկ մենք անգամ դրանց անունները չենք լսել:

Այ, օրինակ՝ յոթ քարը: Դա խաղացել են այսպես. ռետինե գնդակը (պայթած ու անպետք) կտրել են 7 շրջանների, որոնք 1-ից 7 համարակալված են եղել, և «գործնագործի» նման բաժանվել են 2 խմբի: Կենտրոնում իրար վրա շարված են եղել գնդակի կտորները, իսկ խաղի կենտրոնում գտնվողը պետք է գնդակից պաշտպանվելու հետ մեկտեղ կարողանար հարթ գետնին դասավորել կտորները և հակառակը՝ հավաքեր իրար վրա: Ակտիվ, շարժուն ու շատ հետաքրքիր խաղ, որի մասին լսելիս էլ անգամ ցանկանում ես ինքդ խաղալ:

Իսկ մյուս խաղի անունն է «չլիկ դաստա», որը, ըստ բակային կանոնների, խաղում էին միայն տղաները: Խաղում էին ընդամենը 2 փայտի կտորով, որոնցից մեկի օգնությամբ մյուսը պետք է կարողանային հարվածելով պտտեցնել: Երկու փայտի օգնությամբ նրանք կարողացել են խաղ մտածել ու հետաքրքրացնել իրենց առօրյան: Իսկ աղջիկները խաղում էին «ռեզին», պարան, «լյագուշկա»: Այսպես կարելի է խաղերի անվերջանալի մի շարք գրել ու անպայման շարքի վերջում չմոռանալ նշել բակային ճամբարները: Ինչպես ասում է մայրիկս՝ իրենց բակը լրիվ վերածված է եղել օլիմպիական խաղերի մարզադաշտի:

Միայն լսելուց այս ամենի մասին, մի պահ նախանձ եմ զգում, որ եղածը խաղեր են, բայց ես դրանք չեմ խաղացել: Չնայած՝ ես դեռ մի փոքր ուրախանալու տեղ ունեմ, քանի որ երբ փոքր էի, մեր բակում դեռ չկային տներ՝ համակարգիչներով զինված, ու մենք էլ էինք խաղում՝ մոռանալով ժամանակի մասին, խաղում էինք մինչև ուշ գիշեր:

Սիրում եմ, երբ մայրիկս սկսում է իրենց չարաճճիություններից պատմել, ու երբ հարցնում եմ, թե նա ինչ կաներ, եթե հիմա նույնը մենք անեինք, սկսում է ծիծաղել ու ասում, որ շատ խիստ կբարկանար ու կզրկեր բջջայինից: Իսկ իրենց ժամանակ ամենածանր պատիժը բակ իջնելու հնարավորությունից զրկվելն էր:

Այո, փոխվել է ժամանակը, անգամ պատժի մասին պատկերացումներն են փոխվել: