Կաքավասարի Գարունը

Արդեն գարուն է։ Արևը ջերմ ժպտում է և տաքացնում մեր սրտերը։ Բնությունը, ինչպես նաև Կաքավասար գյուղս, աստիճանաբար արթնանում են ձմռան խոր քնից։

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Գարունն իր առեղծվածային գույներով է պատել գյուղս։ Օդը մանկան արցունքի պես պարզ է ու ջինջ։ Երկնքում լողում են ճերմակ-ճերմակ ամպերը, որոնք շարժվում են դեպի հորիզոնը, իսկ ծառի նուրբ բողբոջներով ճյուղերը օրորվում են մեղմ քամուց։ Մեր տան կողքով հոսող գետակը վարարել է ձնհալի ջրերից, և ուրախ քչքչոցով հոսում է սարերից ներքև, հաղթահարելով ամեն մի խոչընդոտ։ Թռչունները երամներով վերադառնում են իրենց հին, բայց և հարազատ դարձած վայրերը՝ փողոցները լցնելով իրենց ուրախ ծլվլոցով։ Իրենց ժրաջան աշխատանքներն են սկսել փոքրիկ և աշխույժ մեղուները։ Նրանց նուրբ թևերի տզզոցը խառնվելով թռչունների ծլվլոցին, մի հետաքրքիր, բայց և տարօրինակ երաժշտության է նմանվում։ Ամբողջ գյուղը պարում է այդ երաժշտության ներքո։

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Արևն իր ջերմ ճառագայթները սփռում է, կրկին ժպիտ նկարում մարդկանց դեմքերին։ Իսկ գարունը իր կախարդական վրձինը ձեռքին, երփնագույն ներկերով երջանկություն է նկարում։
Գարնանային անուրջները պատել են մարդկանց մտազբաղ հոգիները, ու ստիպում են կրկին երազել ու հավատալ․․․ Հավատալ հրաշքին։

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Լուսանկարը` Մարինե Նիկողոսյանի

Գարնան գալստյան մասին մեզ առաջինը հայտնում են կապուտաչյա, փոքրիկ ու համեստ ձնծաղիկները։ Նրանք բացվում են ուղղակիորեն ձյան մեջ, և համարձակորեն ժպտում բոլորին։ Շուտով կծաղկեն նաև ծառերը, և կնմանվեն սպիտակ հագած նորահարսերի։ Եվ այս ամենը նշան է այն բանի, որ արդեն գարուն է, և անցյալում է մնացել ձմռան ցուրտն ու ահարկու սառնամանիքը։
Դուք էլ նայեք ու ժպտացեք: