amalya harutyunyan

Կգա՞ս Երևան

Բարի լույս: Առաջին բանը, որ կանես դու, երբ աչքերդ բացես խորը քնից հետո, դե, ասենք, կարող է լինել հեռախոսդ վերցնելը, մտածելը՝ ինչպես սկսել օրդ, իսկ ես ամեն առավոտ պատուհանիցս պիտի Երևանիս նայեմ:

Զարմանալի՞ է, երևի՝ չէ, ինչպես դու, այն մյուսն ու այն մեկը իր մարզն է սիրում, այնպես էլ ես` Երևանը:

Կգա՞ս: Գիտեմ, որ գաս, ուզելու ես Երևանը տեսնել, դե ինձ էլ կհարցնես․

-Օպերա, Կասկադ, Հրապարակ կտանե՞ս:

Խնդրում եմ՝ չնեղանաս, երբ ասեմ, որ չեմ տանի, որ դրանք իմ ամենաչսիրած տեղերն են, որ դրանք տեսնելով՝ դու երբեք չես ճանաչի մեր քաղաքը:

Հա, ու խնդրում եմ՝ չասես, որ ամենահետաքրքիրն էնտեղ է, չէ, քեզ խաբել են՝ փորձելով ամենագեղեցիկը թաքցնել աչքիցդ: Գիտե՞ս՝ նրանք ինձ խաբել չկարողացան:

Որ գաս, Երևանի մարդկանց անտարբեր ու սառը չկոչես, հա՞, խտրականություն դնող ու իրենց բարձրահարկերը պաշտողներին իսկական երևանցու տեղ չընդունես, հա՞:

Մի քանի օր առաջ էր, որ գնացել էի Վայոց Ձոր, չէ, չէ ոչ մի ծրագիր, ոչ մի ճամբար, ուղղակի հյուր, 17-ն ու #ՏՆԱԿ2017-ը ինձ ամուր կապերով կապել են այդ մարզին ու երեխաներին: Ու չնայած, որ էստեղ ապրում են տեղեկացված ու ազատամիտ երիտասարդներ, ես օրը մի քանի տասնյակ անգամներ լսում էի «ոնց որ Երևանից չլինես» արտահայտությունը:

Չէ, մարդիկ, չէ, ես երևանցի եմ ու ես էլ կարող եմ սիրել գյուղը, խտրականություն չդնել, հանգիստ ու առանց փնթփնթոցների ապրել գյուղական միջավայրում, առանց բողոքի քայլել քարքարոտ ու դժվարին ճանապարհներով, ունենալ շատ-շատ մտերիմ մարդիկ մարզերից:

Վայոց Ձորում ու, առհասարակ, ամեն տեղ Երևանից դուրս, մարդկանց թվում է, որ ես երևանցի չեմ, կամ Երևանում եմ ապրում սովորելու համար, բայց ես ծնվածս օրվանից եղել եմ քաղաքումս, ու ինձ դա երբեք իրավունք չի տվել ուրիշ կերպ նայել մարզի բնակչությանը:

Իմ նմանները ոչ թե «ոնց որ Երևանից չլինես»-ներն են, այլ հենց իսկական երևանցիները, ովքեր իրենց հարազատի նման կընդունեն իրենց տանը, կսիրեն գյուղն ու էդ միջավայրը, ցույց կտան իրական Երևանը, երեկոյան թեյի կամ սուրճի առաջ քեզ իրենց բակի ամենաանհավանական պատմությունները կպատմեն: Դու ուղղակի պետք է գտնես, իսկ ես հավատացնում եմ` նրանք հաստատ կան:

Խնդրում եմ, որ գաս, չասես, որ էստեղ բոլոը զարգացած են, բոլորը ակտիվ են, բոլորը ամեն ինչ գիտեն: Չէ, միանգամայն կսխալվես: Մարզերի երեխաները հազար անգամ տեղեկացված ու իրավագիտակից են, հազար անգամ ավելի շատ ապագայի հույսեր ունեն ու հազար անգամ շատ ակտիվ քաղաքացիական կյանքով են ապրում:

Որովհետև բոլոր ծրագրերն էլ միտված են դեպի մարզեր՝ պատճառաբանելով, որ էնտեղ ակտիվության խնդիր կա: Կներեք, էլի, պիտի ժխտեմ, բայց ամենասիրուն Երևանիս հիմա ամենամիապաղաղ կյանքն է պատել: Տուն, դպրոց, համալսարան, աշխատանքի, գոնե մի քանի քայլ դրսում ու կրկին տուն: Երևանս այլևս առաջվա ակտիվությունը չունի: Գուցե չի էլ ունեցել, չգիտեմ: Բայց փաստն այն է, որ մի խումբ էլ ակտիվ երիտասարդություն շատ ծրագրերի մասնակցել ուղղակի չի կարողանում, քանի որ ապրում է Երևանում: Չե՞ք կարծում, որ անարդար է:

Բայց դու կգաս, չէ՞:

Որ գաս, քեզ Հրապարակի, Օպերայի փոխարեն Երևանի հին ու սիրուն շինությունները ցույց կտամ:

Որ գաս, Կասկադից երևացող տեսարանի փոխարեն քեզ բարձր տանիքներից փոքրիկ տնակներով ու շենքերով իսկական Երևանը ցույց կտամ:

Որ գաս, Հյուսիսային պողոտայի փոխարեն Արամի, Բուզանդի փողոցներով կքայլենք, բարձրահարկերի փոխարեն գողտրիկ ու կիսակառույց շենքերը ցույց կտամ, ամեն մեկի մասին քեզ կպատմեմ:

Որ գաս, սառը ու անտանելի գրասենյակային մթնոլորտների փոխարեն Անգլիական ու Չարենցի այգում կնստենք խոտերին ու երկար կխոսենք:

Մեծ ու պճնված ամենագնացների փոխարեն քեզ մետրո կտանեմ, կայարանների ու մետրոպոլիտենի սիրունությունը քամին ականջիդ կշշնջա:

Քեզ թանկանոց սրճարանների, ռեստորանների փոխարեն տատիկիս պատշգամբ կտանեմ, կնստեցնեմ հին աթոռներին կամ թախտին ու տատիս թխած տաք-տաք հաց ու պանիր կհյուրասիրեմ, էստեղ կզգաս ամենաիրական Երևանը, կլսես տատիս պատմությունները առաջվա «էլեկտրիչկաների», փողոցների ու մարդկանց մասին: Ու տատիս աչքերը կփայլեն, կփայլեն, որովհետև տարիներ առաջ ցանկացած հյուրանոցից լիքն է եղել իր տունը, հիմա դատարկ է, բայց ամեն հյուրից ինքն ուրախանում է, ինքն ուզում է պատմել ու պատրաստել ամենահամեղն ու ուրիշը: Դու մենակ թե կգաս, հա՞:

Որ գաս, քեզ հազար ու մի անիմաստ պաստառների փոխարեն համալսարանական խոստովանությունների պատերը ցույց կտամ, ամենահասարակի շքեղությունը կներկայացնեմ քեզ:

Հա, որովհետև Երևանն էդպիսինն է: Իր շքեղ բարձրահարկերը ու փողոցները ոչինչ են, իսկ ամենահասարակ տներն ու պատշգամբները՝ շքեղության գագաթնակետ:

Կգա՞ս: Որ միասին բացահայտենք իրական Երևանս, էն Երևանս, որտեղ ես, դու, նա, մենք իրոք տանն ենք: