edita galstyan

Կգա, որ պահմտոցի խաղանք

Ավտոբուսում շոգ էր: Պատուհանը բացել էի, որ մի քիչ քամի գար: Թորոս հասնելուն տասը րոպե էր մնում… Երբ ավտոբուսից իջանք, ինձ մի հարց էր տանջում. «Ինչպես եմ այս ծանր ճամպրուկը մինչև սենյակս հասցնելու»: Մի կերպ հասա սենյակս, տեղավորեցի իրերս, և քանի որ դրսում շատ լավ եղանակ էր, որոշեցի մի փոքր շրջել ճամբարի տարածքում:

Դուրս եկա տնակիցս ու առաջինը նկատեցի, որ ինչ-որ մարդիկ կային, որոնք ճամբարականներ չէին: Նրանք սայլակներով շրջում էին և հավաքում գետնին թափված աղբը: Այդ կանանց հետևից երեխաներ էին վազվզում: Երեխաները չափից դուրս կեղտոտ էին, շորերը՝ պատառոտված, դեմքերը՝ արևառ: Իսկ երեկոյան էլ նկատեցի այդ երեխաների զվարճալի քայլը: Դրսի բեմը մեծ սպիտակ կտորով էր ծածկված, և երբ քամին փչում էր, կտորի ծայրերը վերև ու ներքև էին շարժվում: Երեխաները կախվում էին կտորից ու ճոճվում քամու հետ զուգընթաց:

Երեք-չորս օր էր անցել ճամբար ժամանելուցս. սենյակ էի վերադառնում հերթական դասընթացից հետո: Սենյակս գտնվում էր անմիջապես բեմի դիմաց: Բեմի կողմից աղմուկ լսեցի, գլուխս դարձրի, որ տեսնեի՝ ինչ է պատահել…

Վախից քարացած մնացի տեղումս կանգնած: Մի խումբ մարդիկ էին հավաքվել: Գետինը ամբողջությամբ արյան մեջ էր: Հասկանալով, որ քաջությունս չի հերիքի մոտենալու և նայելու համար, մտա սենյակ: Ընկերներիցս իմացա, որ այն կանանցից մեկի երեխան հերթական անգամ կախվել էր կտորից ու ճոճվել: Քամին անկանխատեսելիորեն ուժգնացել էր, երեխային բարձրացրել էր վերև ու հետո նետել քարերի վրա:

Դուրս եկա, որ տեսնեի, թե ինչ է կատարվում դրսում: Նկատեցի, որ ծառերի հովին՝ խոտերի վրա, մի երեխա է նստած լալիս: Մոտեցա նրան, կողքին տեղավորվեցի, սկսեցի հետը զրուցել.

-Անունդ ի՞նչ է:

-Լիլիթ:

-Լաց մի էղի, լը սիրուն ժպտա:

-Գիտես՝ ընկերս էր ընկնողը:

-Վայ, ըբը ի՞նչղ եղավ, օր ընկավ:

-Մենք մեզի համար կխաղայինք, քամին օդը հանեց Արամին ու շպրտեց այ էն քարին:

Անկեղծ ասած՝ չգիտեի՝ ինչ ասեի: Սկսեցի թեման փոխել.

-Ըբը, ստեղ ընչի՞ գուկաք:

-Մեր մամաները ստեղ կաշխատին, իրանց հետ գուկանք, օր տունը մենակ չմնանք: Ամեն առավոտ ոտքով գուկանք, իրիկունն էլ կերթանք մեր գյուղ:

-Հա, բը դպրոց կերթա՞ս:

-Չէ, ես շորեր ու կոշիկներ չունիմ: Ոչ էլ գիրք ու տետր ունիմ:

Ու այստեղ ես ինձ հազիվ զսպեցի, որ լաց չլինեի: Վազեցի սենյակս ու քաղցրավենիք բերեցի այդ փոքրիկ աղջնակին:

-Աբրիս, քուրիկ: Շատ համով է:

Մյուս օրերին, երբ տեսա փոքրիկին, հարցրի՝ ինչպես է ընկերը: Նա ժպիտը դեմքին ինձ նայեց:

-Արդեն լավ է: Բդի գա, օր իրար հետ պահմտոցի խաղանք: