մարինե իսրայելյան

Կգնե՜մ ոսկի…

Ամռան գալստյան հետ, ինչպես շատ ուսանողներ, ես ևս որոշեցի աշխատել, բայց նախևառաջ պետք է գտնել աշխատանք: Աշխատանքի փնտրտուքներով տարված` քայլերս ինձ տարան դեպի «Տաշիր» առևտրի կենտրոն, որտեղ ինչ-որ գործատուի գրասենյակ պիտի այցելեի: Առաջին հարկում ընդարձակորեն ծավալվում է ոսկու շուկան: Ներս մտնելով` շուրջբոլորս փնտրում էի անվտանգության որևէ աշխատակցի, որն ինձ կուղեկցեր վերոնշյալ գրասենյակը: Հայացքս, շուրջս ծփացող թանկարժեք փայլփլումներից երեսուն սանտիմետր բարձրության վրա զննելով մարդկանց դեմքերը, փորձում էր գտնել պահանջված անձին: Օրը բավականին շոգ էր, և ես փոքր-ինչ հոգնած տեսք ունեի, մազերս անփութորեն փռված էին ուսերիս (առհասարակ՝ մազերս հարդարել չեմ սիրում, գուցե դա իմ թերություններից մեկն է), և երբ ավելացնենք դեմքիս անորոշ արտահայտությունը, գուցե ստեղծվի մի տպավորություն, որը, հավանաբար, վաճառողներից մեկին առիթ տվեց ենթադրություններ անելու: Այդ մարդը, մի պահ միայն գրավելով հայացքս իր մի քանի բառով, կարողացավ բավականին խորը տպավորություն թողնել: Դա մոտ 50-55 տարեկան, միջահասակ, ցցուն, լերկությունից փայլող ճակատով, սպիտակամազ մի տղամարդ էր, կլորիկ կարմիր այտերն ու փոքր փորը հուշում էին բավարարված կյանքի մասին, իսկ կտավն ամբողջացնում էին փոքրիկ աչքերը, որոնք վայրկյանում կարողանում էին ֆիքսել քառակողմ աշխարհի բոլոր շարժումները: Ինձ նետված կես հայացքն էլ բավական էր հասկանալու, որ ես ոսկի գնելու ոչ մի նպատակ չունեմ: Երբ անցնում էի նրա կողքով, ինձ հառելով խորամանկ ժպիտից ծամածռված իր դեմքը, երգեցիկ ձայնով շպրտեց. «Կգնե՜մ ոսկի…»: Եթե շանթը հարվածեր, ավելի չէի էլեկտրահարվի, քան այդ պահին: Ինչո՞ւ նա չգոչեց. «Գնեցե՜ք ոսկի»: Այս արտահայտություններից յուրաքանչյուրն այդ պահին խորը ենթատեքստ ուներ: Հեգնելը վատ բան է, բայց, կարծում եմ, նա արժանի էր այն խոր հեգնական ժպիտին, որն այդ պահին առկայծեց դեմքիս: Աչքերիս առջև այդ էակն իր մեջ խտացրեց խորամանկը, խարդախն ու վաշխառուն և դարձավ կերպար: Արդյոք ի՞նչը ինձ այդպես հուզեց այդ մարդու երկու խոսքի մեջ. դա ոչ թե այնտեղ այցելելու իմ նպատակի մասին նրա ստացած սխալ տպավորությունն էր, այլ այն գիտակցումը, որ հասարակության մեջ կան այնպիսի արարածներ, որոնք օգտվելով մարդկային դժբախտություններից, կարիքից, անմեղությունից` իրենց կանչող ժպիտով ծուղակում են մարդկանց, որոնցից մեկին այդ պահին նա տեսավ իմ մեջ:

Աշխարհը տհաճությամբ ընդլայնվեց առջևս: Կյանքում այնքան շատ են անելանելի վիճակում գտնվող մարդիկ, որոնցից էլ հմտորեն օգտվում են «բարիները»: Ամեն օր մենք բազմաթիվ դեպքերի մասին ենք կարդում, լսում հեռուստացույցով, որոնք իրենց շատության պատճառով երբեմն կորցնում են հուզելու ընդունակությունը: Ասում են` մարդկային դժբախտություններն են սնում հեռուստատեսությունը: Բայց կենդանի մի դիպվածը կարող է ավելի լայն հասկացողություն ընձեռել, քան լրատվության բազմազան միջոցները: