«Կենաց» առանց «Ո՜ղջ, առո՜ղջ»-ի

- «Հիմա՛ գոնե մի քիչ ապրենք, քանի դեռ ուշ չի… »

Մայրս սիրում է տարբեր մեջբերումներով լցնել մեր առօրյա կյանքը՝ հատկապես իմը, որովհետև նույնիսկ ի՛նքն իր մեջբերումները երբեմն չի լսում, ու որովհետև ամենից ուշադիր միայն ես եմ երևի շուրջբոլորս հնչող բոլոր բառերը վերցնում ու զտում ներսումս (միգուցե պարապ եմ, դրանից է):

Մտածում եմ, եթե մայրիկիս բոլոր մեջբերումներին հետևեինք, շատ-շատ բաներ այլ կերպ կլինեին: Մի խոսքով, ամեն ինչ միշտ ճիշտ կլիներ, ու նույնիսկ չէինք կարողանա բողոքել:

Մի րոպե, կներեք, ընկերուհիս է զանգում:

-Հաստա՞տ կգաս:

-Հա, գալու եմ:

-Համոզվա՞ծ ես, որ խնդիրներ չեն առաջանա:

- …

- …

-Լուրջ, գալու եմ, ինչ էլ լինի:

- Դե լավ ա, որ տենց ես տրամադրված:

-Հա, երևի…

Հանգամանքները, բախտը, փողը, երկիրը, մեր անտաղանդությունը կամ էդքան էլ կարող չլինելը, սուրճի բաժակի միջի օձը (ոնց-որ թե վատ նշան էր), թուղթուգիրը, վատ մարդիկ, բախտը, գուշակ Մանուշակն ու մի շարք էսպիսի հարմար բաներ, ավելի մեծ դեր ունեն մեր կյանքում, քան մենք ինքներս:

Երբեմն վատ երազի պես տեսնում եմ ինձ՝ամբողջ կյանքում ալարելուց, մի տասն անգամ թուղթուգրված, էդ ջահելների զարգացած մտածելակերպը չհասկացող, մի հատ էլ չընդունող, թոշակից բողոքող ու մեկ-մեկ էլ կողքի հարևանի հետ համեմատվելիս… Հետո ուշքի եմ գալիս ու հասկանում, որ ինչ էլ լինի, չե՛մ կարող էդպիսին դառնալ, որովհետև էդպիսին չեմ (հուսամ):

Տասնյոթն էլ ցրված ու անուշադիր լինելու, էգոիստ լինելու, ականջներն ու աչքերը փակ ապրելու կամ երևակայական կախարդական շարինգան աչքով աշխարհին նայելու ու հրաշքներ գործելու ժամանակը չէ: Արդեն ինքս ինձ վրա շատ աշխատելու և ամենավատը սպասելու ժամանակն է (էդպես երևի նյարդային համակարգս իրեն պաշտպանում է, որ մարդ ես, մի բան լինի՝ չգժվի): Արդեն գիտակցելու, դառն իրականությունը թխվածքաբլիթով կուլ տալու ու իրենց ուզածներից շատ հեռու կանգնածներին հեգնանքով չմոտենալու, վախկոտ չլինելու, մեկ-մեկ ալարելու, բայց բամբասող ու ապերջանիկ, գուշակ Մանուշակի մշտական «կլիենտ» տատիկի մասին վատ երազը տեսնելուց հետո՝ վեր թռնելու ու մի բան անելու, ապագա դժբախտներին փոխել փորձելու ու չկարողանալու, հետո կոմպրոմիսի գնալու, վերջում ամեն ինչի վրա թքելու ու դեմ գնալու ժամանակն է:

Էս թեյիս բաժակով էլ կենացս ասեմ ու գնամ: Խոսք եմ տալիս, երկար չի տևի (խոստումները պահելու ժամանակն էլ է):

Իմ կյանքում, բացի ինձնից, ոչ ոք ու ոչ մի բան մեղավոր չի լինի ապրած-չապրածիս, արած-չարածիս, տեսած-չտեսածիս համար:

Իմ կյանքում չգնահատված մարդ չի լինի, ուշադրություն ու սեր չստացածը չի լինի:

Իմ կյանքում չեն լինի «իսկ եթե»-ներ, «բա, որ»-ներ՝ բեկումնային պահերին:

(Կենացս քիչ-քիչ նմանվում է մոտիվացիոն վիդեոյի սցենարի):

Իմ կյանքում չեն լինի  «Նա կոտրեց ինձ, դրա համար էլ …» , «Դու՛ էիր մեղավոր, որ …»-ներ:

Իմ կյանքում չեն լինի «Ես չէի կարող», «Ինձ մոտ չէր ստացվի» կամ «Ես այդքան ունակ չեմ, որ… » արդարացումներ:

Իմ կյանքում կան ու կլինեն վատ մարդիկ, դժբախտ պատահարներ, կորուստներ, չընդունողներ, ընդիմացողներ, խանգարողներ, դժբախտ՝ «ճիշտ ապրել» քարոզողներ, բարբարոսներ, տարբեր «ճիշտ մտածողներ», որ վստահ են իրենց կարծիքը մյուսին հրամցնելու մեջ: Կլինեն վատ ժամանակներ՝ անտանելի թվացող ու անվերջ թվացող, կլինեն կոտրվելու, միգուցե հիասթափվելու, բոլոր կրքերը կորցրած ու թքած, աննպատակ ու անուրախ գոյատևելու շրջաններ:

Իմ կյանքն իդեալական չէ ու չի լինի, ու միգուցե ես մեկ-մեկ մոռանամ էն ամենը, ինչ հենց նոր գրեցի: Բայց իմ կյանքը չի՛ դառնա ափսոսանքի, մեղադրանքի, սահմանափակումների ու քննադատությունների կույտ ու առավել ևս,  չի՛ ընկնի ինչ-որ մեկի ոտքի տակ ու խանգարի՝ անպիտան դառնալու պատճառով: (Կարծես թե սովորել եմ իրերն իրենց անունով կոչել):

«Ո՜ղջ, առո՜ղջ»-ի  փոխարեն էլ մայրս հաստատ մի լավ բան կասի իր մեջբերումներից: