arxiv

Կենտրոնից 17 կմ հեռավորության վրա…

Ձորաղբյուրի ամառանոցում` կենտրոնից 17 կմ հեռավորության վրա, բավականին հով և գեղեցիկ մի բլրի լանջին գտնվում է մեր տունը: Ոչ թե ամառանոցը, այլ հենց տունը: Արդեն մեկ տարի է, ինչ ընտանիքով այնտեղ ենք ապրում:

Մեր տունը շատ լավ է կառուցված: Լողավազանը մեծ է, մաքուր և գեղեցիկ: Ամառվա շոգից փախնելու համար միայն պետք է մտնել ջուրը: Ահա ջուրը լցրեցինք, տաքացավ, որոշեցինք առաջին անգամ լողալ: Հանկարծ լսվեց դռան զանգի ձայնը, դուռը բացեցինք: Երջանիկ դեմքերով մարդիկ ներխուժեցին մեր տուն: Այդ մարդկանց չէինք էլ հիշում, երևի նախկինում երբեք մեր տուն չէին եկել: Չնայած նրան, որ մեր սառնարանը լիքը լցրեցին, ես շատ դժգոհ էի, որովհետև երբ յոթ-ութ հոգով մտան լողավազանը` զովանալու Երևանի շոգ արևից, ջուրը պղտորվեց: Այդ օրը անցավ, հաջորդ օրը, երբ լողավազանի ֆիլտրն արդեն մաքրել էր ջուրը, որոշեցի հովանալ: Եվ հանկարծ մի ուրիշ խումբ «մսակեր զովացողների» ժամանեց մեր տուն: Իհարկե, հայրիկս շատ էր ուրախանում, քանի որ պարծենում էր իր ստեղծածով: Բայց ես, ինչպես միշտ, դժգոհ էի: Բոլոր հին ու նոր ընկերները, ծանոթները, նույնիսկ գործընկերներն արդեն մեր լողավազանում լողացել էին: Բոլորը գալիս էին և, մտնելով մեր տուն, ասում.

-Շնորհավո՜ր, ոտքս խերով լինի:

Իհարկե, մենք ժպտալով բարևում էինք: Այդքան էլ ասացին` ոտքս խերով լինի, բայց հյուրերն անընդհատ գալիս էին ու գալիս: Արդեն օգոստոսն էր: Առաջին հյուրը, որին ես ուրախացա, ընկերս էր: Առաջին հանգիստ օրը մենք մտանք լողավազան ու հանգիստ լողում էինք: Ես պատմում էի իմ դժբախտության մասին: Հանկարծ վազելով եկավ եղբայրս: Նա դեռ փոքր էր և լողալ չգիտեր: Նրան թույլ չէինք տալիս առանց հայրիկի հսկողության ջուրը մտնել: Ես, օգտվելով առիթից, նրան թեթև ջրեցի: Նա նույնպես օգտվեց առիթից և, վերցնելով ջրի հաստ ռետինե խողովակը, որի ծայրին ամրացված էր «ուղղորդիչ» ատրճանակ, սկսեց խեղդել մեզ: Նա ատրճանակն ուղղում էր մեր գլխին, և որպեսզի խուսափենք, սուզվում էինք և առանց թթվածնի մնում ջրում երկար ժամանակ: Իհարկե, մի քանի րոպե անց նա արդեն գտնվում էր տանը լացակումած և կապտած դեմքով:

Հիմա արդեն երկրորդ ամառն է, և ես հույս ունեմ, որ «մսակեր զովացողների» հոսքի թիվն այս ամառ գոնե երկու անգամ կկրճատվի: