Կենցաղային խնդիրներ

Լուսանկարը՝ Սյուզաննա Քոսյանի

Լուսանկարը՝ Սյուզաննա Քոսյանի

Մեր կենցաղային առօրյայում լուրջ հարց է դարձել կենցաղային աղբի տեղափոխումը: Եթե բազմաբնակարան շենքը բարձրահարկ չէ և չունի աղբատար, ուրեմն նրա բնակիչները դատապարտված են իրենց օրվա գրաֆիկը պլանավորել այնպես, որ շաբաթվա ֆիքսված երեք օրերը ընտանիքի որևէ անդամ մինչև կեսօր մնա տանը: Աղբատար մեքենան այդ «հաճույքը» պատճառում է մեզ միայն որոշակի օրերի: Երբեմն աղբատար մեքենային սպասողը լինում եմ ես: Եվ քանի որ այն չունի ժամանելու որոշակի ժամ, առավոտյան ժամը 10-12-ը ես նաև լարում եմ իմ լսողությունը՝ սուլիչի ձայնը լսելու համար: Հաճախ ականատես եմ լինում տհաճ տեսարանի, երբ մեր շենքի այն բնակիչները, ովքեր աշխատանքի են և չեն կարող այդ ժամին տանը գտնվել, առավոտյան աշխատանքի գնալիս մուտքի մոտ են դնում իրենց կենցաղային աղբը, որը մինչև աղբատար ավտոմեքենայի հայտնվելը հոշոտված և գզգզված է լինում շների կողմից: Ուզում եմ իմանալ, արդյոք հնարավոր չէ՞ աղբահանությունը կազմակերպել ամեն օր և առավոտ շուտ, երբ բոլորը տանն են: Իսկ եթե ոչ, ապա մշակել այնպիսի մեխանիզմ, որ հնարավորինս մաքուր և հարմարավետ լինի: