Juliabrahamyn12

Կեսգիշերին` ժամը մեկին

Հեչ մտածե՞լ եք, որ կեսգիշերին` ժամը մեկին, չարժի Երևանի փողոցներից շաուրմա գնել և ուտել։ Մանավանդ, երբ դու գերմանացի ես։

Սա հիշեք, իսկ ես սկսեմ ամենասկզբից։

Երկու շաբաթ առաջ դասախոսս հաղորդագրություն ուղարկեց, որում ասվում էր, թե Գերմանիայից հյուրեր են գալու, որոնց հետ մենք պետք է մեկ շաբաթ ժամանակ անցկացնենք։
«Ընտիր»,- մտածեցի ես, որովհետև հասկացա՝ պրեզենտացիա չեմ պատրաստելու։

Հաջորդ օրն արդեն մենք կանգնած էինք քոլեջի բակում, իսկ գերմանացիները մի փոքր շփոթված իջնում էին իրենց ավտոբուսից։ Հա, մի բան էլ, իրենց հետ պետք էր անգլերեն խոսել, քանի որ անգլերեն ծրագրով էին եկել, և մենք «հալլո»-ի փոխարենք ասում էինք «հայ»։ Սա ուղղակի ասացի, որ հիշեք։

Առաջին օրը մենք ծանոթացրեցինք մեր քոլեջի հետ, ցույց տվեցինք ուսանողների պատրաստած գորգերն ու կտավները և մտանք ամբիոններ։
Լեկցիաներին նստելը նրանց ընդհանրապես դուր չեկավ։ Բանից պարզվում է,  որ հիանալի կրթական համակարգ ունեցող զարգացած եվրոպացիները հիացած էին Հայաստանի երիտասարդությամբ և կրթության մատուցման ձևով։

-Դուք ամեն ինչ ավելի ծավալուն եք անցնում ու հետաքրքիր, իսկ մենք չենք հասցնում հետևել ձեր դասերին։

«Էհ, բա մենք ի՞նչ ասենք»,- ես ու ընկերուհիս հայացքներով ասացինք այս կյանքի փորձից բխող նախադասությունը և շարունակեցինք ճանապարհը։

Քոլեջից դուրս գալուց հետո գնացինք դեպի Կենտրոն։ Ողջ կյանքիս պրակտիկայի ընթացքում հասկացել եմ, որ օտարերկրացիներին ամենից շատը հետաքրքրում է Կասկադը։

-Իսկական արվեստանոց է բաց երկնքի տակ,- ասաց գերմանացիներից մեկը, ու ես չեք պատկերացնի, թե ինչ մեծ կամքի ուժով ինձ պահեցի, որ հանկարծ չասեմ. «Տո, չէ հա, Կասկադն ա ուղղակի»։

Դե, քոլեջի հետ ծանոթությունն արված է, մի քանի լավ մարդկանց հետ ծանոթությունն արված է, Կենտրոնով զբոսանքը՝ նույնպես։ Ժամանակն էր տուն գնալու, իսկ գերմանացիները մի փոքր էլ կբացահայտեն Երևանը։

Հաջորդ օրը, երբ դռների մոտ կանգնած հաշվում էի գերմանացի ուսանողների քանակը, պարզվեց, որ չորս հոգի պակաս են։

-Բա մնացած չորսն ո՞ւր են։

-Ջուլի ջան,-նրանց հայ դասախոսն էր, ով երիտասարդ տարիքից ապրում էր այնտեղ,- գիշերը փողոցից շաուրմա են գնել՝ հիմա հյուրանոցում պառկած են։

Լսե՞լ եք այն արտահայտությունը, որ ասում է, «Մենք իրար հայացքներով հասկացանք»։ Այ, հենց այդպես էր, որովհետև տվյալ դեպքում ինչ-որ բան ասելն անհնար էր, մեզանից միայն հասնում էր մի փոքր կյանքի փորձով, ափսոսանքով ու հումորով ծիծաղել։
Չէ, կատակ եմ անում, մեզնից հասնում էր միայն ծիծաղել։

-Լավ, անցնենք առաջ։

Ասեմ նաև, որ ուսանողները զարմացել էին, որ մենք՝ հայերս, կարողանում ենք չորս լեզուներով անկաշկանդ խոսել ու երեք այբուբենով գրել։ Հա, միգուցե իրենք գիտեն հինգից վեց եվրոպական լեզու, բայց հո մե՞կ այբուբեն է։

Դե, ինչ ասեմ, սա էլ մեր կյանքն է։

Մնացած հինգ օրերը անցան համարյա թե նույն կերպ, ուղղակի արդեն մի փոքր մտերմիկ զրույցներ էինք վարում ազատ ժամանակ, որը սովորաբար նրանց լանչն էր, արդեն իրար գրկախառնությամբ էինք բարևում, ոչ թե «հայ» ասելով։

Միայն վերջին օրն էր, որ բոլորս լուռ էինք։ Դե, վերջին օր էր, վերջիվերջո։ Մի տեսակ չուզենալով ասացինք` «հայ» ու գրկախառնվեցինք, ավելի դանդաղ քայլեցինք դեպի քոլեջի դուռը, նկարներում արդեն մեծ-մեծ ժպիտներով չէինք։ Հիմա իրենք կգնան իրենց քոլեջ՝ սովորելու ժեստերի լեզուն ու սոցիալական աշխատանքի հմտությունները, մենք էլ էստեղ՝ մեր լեզուներն ու պատմությունը սովորելով։

-Կհանդիպենք,- գերմանացիներից Ռոուզն էր, որի հետ բավականին մտերմացել էինք։
-Հա, բա ինչ,- սա էլ ես էի, դե, ինչ արդեն գիտեք։

Վերջին անգամ գրկախառնվեցինք, արդեն ուրախ ժպիտները դեմքներիս նկարվեցինք, որովհետև անպայման կհանդիպենք, չէ՞, ու նրանք նստեցին իրենց ավտոբուսը, մենք էլ գնացինք լսարաններով։

Ես, իհարկե, կցանկանայի հիմա ցուցադրել ժեստերի լեզուների հմտություններս, որոնց սկսեցի տիրապետել մեկ շաբաթվա ընթացքում, բայց քանի որ ես ընդամենը տառերից բաղկացած տողեր եմ՝ կգրեմ․

-Կեսգիշերին՝ ժամը մեկին, հանկարծ Երևանի փողոցներից շաուրմա չուտեք, մանավանդ, երբ դուք գերմանացի եք։

Գնացի։