anush mkrtchyan

Կետադրված կյանք

Բռնի՛ր ձեռքս ու արի: Արի՛, որ կետադրենք իրար, կետադրենք իրարով, կետադրենք կյանքը: Ես միշտ էլ սիրել եմ ստորակետ դնել քեզանից հետո ու առաջ, որ առանձնանաս, որ վերաբերականի նման միշտ էլ անկարևոր մեկը մնաս, որ նախադասության անդամ չդառնաս, որ այդպես էլ ողջ կյանքումդ եղանակավորես, իսկ դու ավելորդ մնաս:

Իսկ դու միշտ բութ ես դնում, որ ստորադասես մեզ, որ դու գերադաս դառնաս, իսկ ես կախվեմ քեզանից: Կամ էլ հեռացնում ես մեզ հատկացուցիչի ու հատկացյալի նման, մեր մեջ խցկելով ավելորդ բառեր, ավելորդ հեռավորություն:

Չհամարձակվես ինձ շեշտել, ու ոչ էլ անունս կբացականչես, քեզ պահիր ձևականություններդ, որ քեզ փակագծերի մեջ չառնեմ ու հարկ եղած դեպքում դուրս չշպրտեմ: Չեմ ուզում, որ ինձ մեծատառ գրես, ուզում եմ հասարակ լինել, չտարբերվել: Ոչ էլ կկրճատես կամ կուլ կտաս ինձ քո հապավումներում:

Ես քեզ չակերտների մեջ եմ առնում, որ ուղղակի կերպով մեջբերեմ, քեզնից հետո էլի ստորակետ դնեմ, հետո գծիկով նոր կյանք սկսեմ:

Ու բավական է այդ գրողի տարած բազմակետերով շարունակես պահել այն, ինչ չկա: Ատում եմ այդ անորոշությունը, ատում եմ այն բոլոր միջակետերը, որոնցով երբևէ հավասար ենք եղել:

Ջնջում եմ բոլոր նշանները, գրողի ծոցը թող գնա այդ հուզականությունը: Մի պահ դադար տուր ու դիր վերջակետ: Կյանքն ավարտվեց, իջեցրե՛ք վարագույրները: