araqs azizyan

Կիսատ երազներ

Ու արդեն երկրորդ տարին է՝ նույն կերպ ամեն առավոտ քնից չկշտացած, հոգնած դասի եք գնում: Արթնանում եք դու ու քո կիսատ քունը, կիսատ մնացած երազները, գնում եք լվացվելու, հետո գալիս եք հագնվելու՝ անընդհատ հիշելով ու վերլուծելով երազը: Երբ ուզում ես մտածել, որ մենակ ես, հիշում ես, որ կիսատ մնացած երազը հետդ է, վերցնում ես ականջակալներդ, գնում քայլելով կանգառ՝ տրանսպորտին սպասելու, էլի մենակ չես, էլի կիսատ մնացած երազը, ու արդեն ականջակալները հետդ են, չես մոռանում, չես հանգստանում, այն քեզ հետ է էլի, որովհետև կիսատ է, որովհետև էլի մենակ ես, մենակ երազի հետ, կռվում ես, ուզում ես հիշես՝ ինչ էր, ինչի կիսատ մնաց, քեզ հույս ես տալիս, որ կհիշես, կամ կգա էլի գիշերը ու կիսատ քնի ժամանակ կշարունակես. գոնե մի անգամ կիսատ չմնա, գոնե հասկանաս, որ կշարունակվի, որ չես մոռանա այն էլի, որ կկառուցես էն, ինչ կիսատ թողեցիր։ Ու մտածելով՝ հասնում ես քաղաք, էլի նույն մետրոն, նույն կիսատ մնացած երազների մտքերով մարդիկ, էլի նույն ուրախ-տխուր, մի տեղ ամեն ինչից հոգնած, մի տեղ` նեղված դեմքերը, էլի մետրոյի աշխատողների շտապող հայացքները: Գնում ես՝ մտածելով երազի ու օրվա երազների մասին, հասնում ես դասի, ընկնում դասերով ու մոռանում առավոտվա կիսատ երազի մասին, օրվա վերջում միայն մտածում ես, որ մի տեղ՝ անցումում, մետրոյում, համալսարանում մոռացար, կորցրիր կիսատ երազը։ Ախր, կիսատ էր ու տենց էլ մնաց: Կիսատ կմնան բոլոր սերերը, կիսատ կմնան «լավ» հարաբերությունները, կիսատ կմնան դասերը, ընկերների հետ շփումը, բայց երբեք չենք մտածի․

-Ախ, առավոտվա կիսատ երազն էլ թողեցինք կիսատ։

Էլ ո՞նց չի մնա ամեն ինչ կիսատ, երբ կյանքը արևածագից է, իսկ մեր գիշերվանից կիսատ երազ էր մնացել: Կիսատ ենք մնում մենք, կիսատ է մեր օրը՝ չկշտացած քնով, կիսատ մնացած զանգերով, ժպիտներով վայելե՞նք ամեն րոպեն ու վայրկյանը, դարձնենք մե՞րը, պայքարե՞նք մեր կիսատի համար:

Այո՛, պայքարենք, որ կիսատ չմնանք, որ արևն էլ ավելի ջերմ ժպտա, որ հենց արևն ինքն էլ կիսատ չմնա: