mariam papoyan portert

Կիսելի բաժակն ու չկերած բորշը

-Իմ աղջիկ, հեսա վերջացնում եմ, համբերի,- արդեն 7-րդ անգամ վերջացնում էր մայրս ու ամեն վերջացնելուց ավելի ուժեղ էր ձգում մազակալը։

Սա դեռ քիչ է, մի հատ էլ տնից դուրս գալիս ընտանիքիս բոլոր անդամները իմ ու սպիտակ սևամորթների, ձկների ու էլի շատ անհավանական բաների միջև զուգահեռ պիտի անցկացնեին ու հետո ինձ ու մորս ուղեկցեին մինչև դուռը։ Ատում էի ամեն օր ավելի տարօրինակ թվացող սանրվածքներս, որովհետև հատուկ դրանց համար մաման գիշերվանից ինձ տրամադրում էր, որ առավոտյան պիտի նոր ապուշություն շինի գլխիս վրա։ Բայց էդ ինձ էդքան էլ չէր ջղայնացնում, որքան լուրջ մեծահասակների կիսազմայլ հայացքները սանրվածքներս տեսնելիս։ Մեկ-մեկ քիչ էր մնում գային շոշափեին, նկարվեին հետս։ Թանգարանում վերջին նմուշի տեղ կանցնեի։ Հասնում էինք մեր խմբի դռան մոտ։ Գրողը տանի, լավ է՝ մեր խումբը առաջին հարկում էր, որովհետև բացի սանրվածքներիցս ու կիսազմայլ հայացքներից՝ ես նաև մանկապարտեզի աստիճաններն էի ատում, երբ տանում էին դահլիճ՝ եսիմինչեր անելու։ Ի դեպ, ես էդ եսիմինչերի գլխավոր թիրախն էի, քանի որ պարի էի գնում ու իբր տաղանդավոր երեխա էի։ Միակ բանը, որ էնտեղ սիրում էի, կիսելիս բաժակն էր։ Հոգ էի տանում դրա մասին էն օրվանից սկսած, երբ տեսա, թե ոնց մեր խմբի Ռուբենը ջարդեց կիսելիս առաջին բաժակը։ Քիչ էր մնում՝ գազարիս բարձով խեղդեի։ Հա, ես գազարն էի, ոչ մի տեսանկյունից բախտս չէր բերել։ Կիսելիս բաժակը էնքան փխրուն էր, մեծահասակի պատասխանատվությամբ խնամում էի, ինքս էի լվանում ու տալիս Նարինե մորաքրոջը։ Անփույթ շարժուձև ուներ Նարինե մորաքույրը, մեկ էլ տեսար՝ գցեր, ջարդեր, իրեն շատ չկար։ Մինչև կիսելիս բաժակը ջարդելը մտածում էի՝ վատ տղա չի Ռուբոշը։ Հետո հերիք չի ջարդեց, մի հատ էլ մի անգամ լեգոյով խփեց, ու ճակատիցս արյունը ֆշշաց։ Ինքն էլ էդ օրերից միացավ սանրվածքներիս, աստիճաններին, մեծահասակների հայացքներին, ու մի խոսքով՝ ես իրեն էլ սկսեցի չսիրել։ Վերջիվերջո, մեծ բան չէի կորցնում։ Մեզ կապում էր միայն չկերած բորշը ու դրա փոխարեն՝ իր տատիկի բերած աղցանները, թե բա՝ մեղք ենք, սոված չմնանք։ Ամեն երեքշաբթի ու հինգշաբթի պարի էի։ Դեռ հետո իմացա, որ երեքշաբթի- հինգշաբթի էին։ Այն ժամանակ գիտեի՝ ամեն օր եմ։ Նշված օրերին մաման ինձ պիտի շուտ վերցներ, ասում էր.

-Կես ժամ կպառկես, կգամ ես։

Չէի սիրում էդ պարի օրերը։ Ես կես ժամ պառկում էի ու աղոթում, որ մաման էդ օրը շուտ չգա, չգնանք պարի։ Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ աղոթքներս տեղ էին հասնում, մնացած օրերին փուչ էին լինում։ Նեղվում էի մի քիչ։ Կյանքիս առաջին հիասթափությունն էր ընդունելը, որ ոչ մեկը վերևում նստած ցանկություններովդ չի հետաքրքրվում, ու էդ օրերին էլ ուղղակի պար չկար, դրա համար մաման չէր գալիս։ Կիսելիս բաժակն էլ ամբողջ կյանքում ինձ նույն հավատարմությամբ չպիտի պատասխաներ։ Ռուբոշն էլ վատը չէր, կարևորը՝ ճակատիս սպին անցավ։ Ինքն էլ երևի դեռ բորշ չի սիրում, բայց ընկեր Գայանեն ասում էր.

-Սոված մնա, լավ էլ կուտի։

Հաստատ կուտի։