Անահիտ Բադալյան

Կիսված ապրիլն ու հիշողությունները

Բարև, հին ընկեր: Հուսամ՝ լավ ես: Վաղուց չէինք զրուցել, բայց քննությունները, «դեդլայններն» ու քոլեջի էս աննկարագրելի ակտիվ կյանքը շատ ու շատ բաների ժամանակ չեն թողնում: Էսօր ուզում եմ պատմել էս ամիսների մասին: Գիտե՞ս, դու շատ բաներ գիտես: Առանձին դեպքերով քեզ հետ բազմիցս կիսվել եմ, շատ բաների մասին պատմել եմ, սիրուն տեսարանները ևս փորձել եմ քեզ տեսանելի դարձնել: Բայց էսօր ուզում եմ խոսել էն մասին, թե մարդն ինչքան կարող է հասունանալ մի քանի ամսում:

Ամեն գիշեր քնելուց առաջ փորձում եմ մտովի հետ գնալ ու հասկանալ՝ ինչ եմ արել վերջին ամիսներին, ինչ եմ սովորել: Ու մտքիս առաջին թռիչքս է գալիս: Ես՝ դեռ երկար մազերով, հուզված՝ համ հայրենիքն ու բոլորին լքելու, համ ապագայի հանդեպ մեծ հույսեր, բայց մի քիչ տագնապ ունենալու պատճառով: Հետո հիշում եմ կորած ճամպրուկս՝ Վենետիկի օդանավակայանում: Նստած մարտկոցս ու Իտալիայում կորչելու մեծ վախս եմ հիշում: Օդանավակայանում 6 եվրոյով գնած պիցցայի մի փոքր կտորն ու լարվածությունից էդ պիցցայից առանձնապես բան չհասկացած ստամոքսս: Ցավող մեջքս եմ հիշում, որ երեք մեծ պայուսակ ուսերին 3-4 ժամ քաշ էր տվել Երևանից Վենետիկ: Հիշում եմ առաջին անգամ UWC Adriatic-ի ավտոբուս նստելս ու ամրագոտի կապել մոռանալս (վերջինս հաճախ էր կրկնվում սկզբնական շրջանում): Հետո հիշում եմ քոլեջ ժամանելս, ականջներիս իտալերենը, որ էն ժամանակ դեռ բացարձակապես չէի հասկանում, ու շուրթերիս անգլերենը, որ ամրապնդվեց էս ամիսների ընթացքում: Հիշում եմ սենյակիս պատուհանին մոտենալը, այն բացելն ու լաց լինելը: Երջանկությանս չհավատալն եմ հիշում: Հետո Նեմրայի “Last Chance To Love”-ը բարձր միացրած՝ սենյակս ձևավորելն եմ հիշում: Հիշում եմ՝ ինչ երկար էի նայում լուսնին ու ինչի մասին ասես՝ չէի մտածում․ հեռու անցյալից մինչև մոտ ապագա: Էկոնոմիկայիս առաջին տնայինն եմ հիշում, որի վրա երևի 3 ժամ ծախսել եմ, որ անթերի ստացվի, էն տնայինը, որը հիմա առավելագույնը 25 րոպեում կավարտեի: Հուզված Անահիտին եմ հիշում՝ կյանքում առաջին անգամ փիլիսոփայության դասախոսությանը նստած, էն Անահիտին, որը հիմա ձկան նման լողալ է սիրում փիլիսոփայության մեջ: Հա, լողալու մասին: Հիշում եմ՝ ծովի ափին ընկերներիս լողալիս լուսանկարելս ու իրենց պես լողալ իմանալ ցանկանալս: Ու հիշում եմ և այն, որ լողում եմ հիմա արդեն: Տեղանքին անծանոթ լինելու պատճառով մի քիչ անհանգիստ լինելս եմ հիշում ու հիմա Դուինոյով անընդհատ զբոսնելու անհագ ցանկությունս: Կյանքիս ամենասիրուն մայրամուտներն եմ հիշում ու ամենապայծառ արևածագերը: Երևի ոչ ամենատաքը, որովհետև ինձ ջերմացնողներից քիչ ավելի հեռու եմ: Սիրուն օրեր եմ հիշում, պաղպաղակներով ու ժպիտներով լիքը օրեր: Կարևոր թեստերից առաջ չփակված աչքեր ու թեստը ավարտած մաքուր խիղճ եմ հիշում: Էսքանը հիշում եմ մի ակնթարթում, բայց թվում է՝ երկար ժամանակ է պահանջվել էսքանը հիշողության գիրկը գցելու համար: Ու մի բան էլ եմ հիշում, որ հիմա ես ծովից ծով եմ, էնպես, ինչպես իմ Հայաստանը՝ ժամանակին: Ծովի էս կողմում ես ժպտալ ու անկեղծ ուրախանալ եմ սովորել, ինքնուրույն ու հաստատակամ ապրելուն ու ինքս իմ մասին հոգ տանողը լինելուն եմ հարմարվել, բայց այդ ամենը շնորհիվ էն մեծ կամքի ուժի, որ ծովից էն կողմ եմ ձեռք բերել: Ես ծովից էն կողմ մի ուրիշ ծով ունեմ: Իմ սիրելիների, թանկերի ստեղծած ծովը՝ խաղաղ, ջերմ, տաք ու ջինջ:

Ես ուզում եմ իմանաս, որ բոլոր ծովերում էլ փոթորիկներ լինում են: Բայց նավերը շարունակում են հանդարտ լողալ նրանց մակերեսին: Պինդ մնա, եթե փոթորիկներ սկսեն քո հոգու ծովերում, դուրս չգաս ափերիցդ ու չբորբոքվես: Ծովը նրանով է գեղեցիկ, որ կարողանում է լուռ հանդուրժել անձրևը, ձյունը, քամին ու այդքանով հանդերձ չի դադարում սիրունագույնս արտացոլել արևի լույսը:

Այս յոթ ամսվա ընթացքում շատ եմ մտածել ծովի մասին՝ ծովի ափին նստած: Ժամանակը, հեռավորությունը, քո առջև դրված նպատակների խոստումնալից ու պարտավորեցնող լինելն ու մտերիմներիդ բացակայությունը թափահարում են ալիքներդ, բարեկամս, ուզում են հունից հանել հոգուդ ծովը: Խաղաղ մնա, որ քեզ նայելիս մարդիկ զգան այն, ինչ ես՝ Ադրիատիկին: Սեր, հիացմունք, ներդաշնակություն ու․․․ կարոտ:

Հ․Գ․ Դասերի ու հանձնարարությունների թոհուբոհում շաբաթ օրը Սլովենիա եմ այցելելու, կկիսվեմ։ Մինչ հանդիպում, իմ բարեկամ: