nare gevorgyan ashtarak

Կլսե՞ք արդյոք մեզ

-Դպրո՞ց: Ու սա դպրո՞ց է համարվում, չէ՛, մեկ է՝ մեր դպրոցն ավելի լավն է, քան Վարդգես Պետրոսյանի անվանը:

Հոգնել եմ նման անիմաստ արտահայտություններ լսել դպրոցիս հասցեին, հոգնել եմ շարունակ բոլոր հասակակիցներիս համոզել, որ իմ դպրոցն ամենից լավն է, հետո՞ ինչ, որ չունենք ինֆորմատիկայի, շախմատի, քիմիայի, ֆիզիկայի դասասենյակներ, չունենք միջոցառումներին համապատասխան բեմ և դահլիճ, չունենք մարզասրահ, միևնույնն է՝ ունենք հրաշալի մասնագետներ և դպրոցի քանդված պատերի ներսում ձևավորված ջերմ մթնոլորտ:

Իմ դասղեկը բոլոր դասամիջոցներին մտնում է մեր դասարան և խստիվ արգելում դպրոցում կտրուկ շարժումներ անել, առավել ևս՝ վազել, քանզի ամեն րոպե դպրոցի փլվելու վտանգը շատ մեծ է, հատկապես՝ դասամիջոցներին: Ես ցավ եմ ապրում, որ մենք ստիպված ենք անել դասադուլ, որպեսզի կառուցեն այս կրթօջախը, ծանր եմ տանում այն փաստը, որ առաջին դասարանի երեխաները նույնիսկ նորմալ սանհանգույցներից չեն կարողանում օգտվել:

Լուսանկարը՝ Նարե Գեւորգյանի

Լուսանկարը՝ Նարե Գեւորգյանի

Մեր դասարանը այս տարի ավարտական է՝ իններորդ, բնականաբար, ունենք նաև տարեվերջյան քննություններ, և դրանք հանձնելու համար մեզ հարկավոր է նորմալ ուսում, դպրոցին վայել դասասենյակներ, քիմիայի և ֆիզիկայի համար լաբորատորիաներ, որպեսզի կարողանանք պատկերացում կազմել էլեկտրահաղորդականության ստուգման սարքի կամ այլ սարքերի մասին, իսկ ավարտական միջոցառումն արդեն 2-րդ տարին է, որ անցկացվում է ոչ թե մեզ այդքան հարազատ դպրոցում, այլ Գիտավանում (մեծ բեմ չունենալու պատճառով դահլիճը նաև ծառայում է որպես առաջին դասարանցիների դասասենյակ):

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի կաթսայատունը վաղուց դարձել է աշակերտների համար դասասենյակ, որտեղ ուսուցիչը ձմռանը դասը պատմում է բղավելով, որ կաթսաների ձայնի ներքո՝ իր դասը լսելի լինի վերջին նստարանին նստողների համար: Դե, իսկ գրադարանի մասին նույնիսկ խոսելն, ինձ թվում է, անիմաստ է, որովհետև գրադարանավարուհուն հատկացված է մի փոքրիկ խուց, դա էլ նրա համար, որ սեպտեմբերին բաժանվող գրքերը դնելու տեղ լինի:

Ես, իմ դասընկերները, դպրոցի մյուս աշակերտները, և վստահ եմ, ուսուցիչները ևս, պատրաստ ենք գնալ դասադուլ-գործադուլի, բայց հարց է առաջանում՝ ինչքա՞ն դասի չգնալ և պահանջել պատկան մարմինների ուշադրությունը՝ այս ավերված շենքին: Չէ՞ որ ես 9-րդ դասարանում եմ, և այդ բացակայությունները կխանգարեն քննություններիս: Ես ուղղակի ամաչում եմ նայել մեր փոքր աշակերտների մայրիկների աչքերին, երբ նրանք ստիպված են ամեն տարի գումար հավաքել դասարանի հատակը և պատերը ներկելու, դասարանի դռան համար փական առնելու և նմանատիպ այլ ծախսերի համար: Շատ հաճախ, եթե ոչ ամեն օր, մեր դպրոցի պատերից մի ծեփ պոկվում և ընկնում է հատակին: Լինում են թե՛ մեծ կտորներ, թե՛ փոքր, իսկ եթե, Աստված չանի, դրանց տակ լինի երեխա, մեր օրենքի պաշտպանները պատասխանատո՞ւ են դրա համար:

Համենայնդեպս, իմ դասարանն ունի 3 մեդալակիր և 7-ից ավելի հարվածային սաներ, իսկ ամբողջ դպրոցում՝ 600 աշակերտների մեջ (դպրոցը նախատեսված է 200 աշակերտի համար), կան շատ ու շատ լավ առաջադիմությամբ երեխաներ: Շնորհակալ եմ, որ այսքան ժամանակ արհամարհում եք Վարդգես Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմին և ձեր այդ վերաբերմունքով խրախուսում մեզ՝ ձեր ապագա սերնդին, լինել ավելի ուշադիր մեր ուսման նկատմամբ: