Stella Avetiqyan

Կհաղթահարեմ

Լավ հիշում եմ. 2016 թվականի հունիսի 6-ն էր: Մեր համայնքում այդ օրը միջոցառում կար՝ նվիրված երեխաների միջազգային օրվան: Այն արդեն ավարտվել էր, երբ անծանոթ համարից զանգեց մեկը (կարծեմ Լուսինե Կարապետյանը) և երկար խոսեց, բայց միայն մի քանի բանն եմ հստակ հիշում: Ասում էր, որ Դսեղից իրենք թղթակից չունեն և կցանկանային, որ մեզ մոտից էլ լինեն ու, կարծեմ ինձ և Խառատյան Սուսաննային՝ համադասարանցուս, ֆեյսբուքով նամակ էին ուղարկել, որ սեմինար ունեն Լուռու պատանիների համար և ցանկանում են նաև մենք մասնակցենք: Թարսի պես ես այդ սեմինարի օրերին Երևանում էի լինելու: Դրա համար՝ պահը չկորցնելով, Ղուլինյան Անիի հետ խոսեցի: Եվ քանի որ չէի կարող մասնակցել, Անիին առաջարկեցի: Ճիշտն ասած, հիմա բարի նախանձով եմ լցված, որ Անին այդպիսի լավ հնարավորություն է ունեցել, դարձել է լավագույն թղթակից, մասնակցել մեդիա ճամբարի, Պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխության մրցանակակիր:

Ժամանակն անցավ, Անին դարձավ թղթակից, բայց մի օր էլ սկսեցի նորից հետաքրքրվել 17-ով, բայց արդեն որպես պատանի լրագրողների կայքով, այլ ոչ թե սեմինար կազմակերպած որևէ «կառույցի»: Իմացա, որ ես էլ կարող եմ թղթակցել: Ճիշտն ասած, մեկնարկը այդքան էլ լավ չտվեցի: Չէր ստացվում լրագրողական տեսանկյունից նյութ գրելս, բայց դե՜ ոնց ասում են. «Անհնարին ոչինչ չկա, ցանկություն է պետք»:

Չստացված նյութիցս հետո հոկտեմբերին գրեցի առաջին հաջողված նյութս: Մեծ բավականություն ստացա, երբ տեսա իմ նյութը հրապարակված:

Իսկ երբ «Մանանայի» առաջին մրցանակաբաշխության ժամանակ բեմի վրա տեսա ընկերուհուս՝ Անիին, լցվեցի բարի նախանձով և որոշեցի, որ մյուս տարի ես էլ կգտնվեմ իր կողքին՝ հաղթահարած այս անտանելի ծուլությունը: Ու այդ ժամանակ հպարտ կասեմ, որ 17.am-ի անդամ եմ, լիարժե՛ք անդամ: