Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Կհաղթի, չէ՞, թագավորը

Կյանքիս 18-րդ տարին նշանակալից դարձավ մի շարք նոր, բարդ, եզակի ու խճճված դեպքերով, որոնց ազդեցությունը ինձ վրա կրելը միաժամանակ և’ հետաքրքիր էր, և’ երջանկալի, և’ պարտավորեցնող, և’ հպարտացնող։

Հիմա կուզեի պատմել այդ դեպքերից ոչ պակաս կարևոր ու  զավեշտալի մեկի  մասին։

Ինձ ու ինձ նման շատ երիտասարդներ առաջին անգամ ընտրության մասնակցելու հպարտության զգացումը սրտում,  օրեր առաջ կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը’ մասնակցելով ընտրություններին, իրենց փոքրիկ, բայց որոշիչ ընտրությամբ ազդելով ողջ ընթացքի վրա։

Քանի որ Երևանում եմ սովորում, հատուկ ընտրության մասնակցելու համար որոշեցի հասնել Ստեփանավան։

Այսպես այդ օրն էլ ընտրություն կատարելուց հետո  ինձ ասացին, որ  եթե ցանկանամ, կարող եմ, որպես օգնական գրանցվել ու  մի պապիկի օգնել։ Մեծ սիրով համաձայնեցի։

-Ըհը, պապի ջան, հիմա ո՞րին եք ուզում ընտրեք։ Էս ՀՀԿ-ն ա, էս… Ո՞րն եք ուզում` «Իմ քայլը», «Լուսավոր»…

-Ազիզ ջան, x-յանին եմ ուզում, մեկ էլ Փաշինյանին։

-Հա, պապի ջան, բայց մենակ մեկին կարաք ընտրեք, ո՞րն եք ուզում։

-Հաա՞, դե Փաշինյանին ուրեմն։

-Պապ ջան, իրա անունն էլ չկա, ես մոռացել էի, ինքը թեկնածու ա վարչապետի, իրան չենք կարա ընտրենք։

-Հա ՜, դե ուրեմն x-յանին, ազիզ ջան։

-Ըհը, դե էկեք, էս մնացածը դեն գցենք ու ընտրենք։

-Բայց կհաղթի չէ՞, մեր թագավորը, մեր Նիկոլը։

-Հա, բա ոնց, պապի ջան։

-Ըհը՜, ապրե’ս հա, բալա ջան։

Էական ոչինչ չէի արել, բայց այնքան ուրախ էի, որ կարողացա օգնել պապիկին։

Իրականում մեզ շրջապատող մարդկանց մեծ մասը, լինի դա 6 տարեկան երեխա, 18 տարեկան պատանի, թե 80 տարեկան պապիկ, իրենց հույսը դրել են թագավորի վրա, ու մեծ սպասելիքներ ունեն նրա հետ կապված, սակայն շատերս նույնիսկ չենք հասկանում, որ անհատ անձը ինչքան էլ հզոր ու պայքարող լինի, չի կարող միայնակ ամեն ինչ փոխել։

Եկեք յուրաքանչյուրս մեր մեջ փնտրենք այդ փոփոխությունը և գնանք դրա հետևից, որովհետև եթե մենք  մեր մեջ հեղափոխություն չանենք, երբեք էլ չենք հասնի երանելի արդյունքի։ Եկեք փոխենք մեր մտքերը, գործողությունները, որոնք դեռևս չեն վերածվել բնավորության, իսկ եթե արդեն ուշ է` պայքարենք դրանց դեմ ու օգնենք մյուսներին հետևել փոփոխությանը։