Elena hovhannisyan

Կհանեմ ականջակալներս

Դեն նետեք ձեր բերաներից անիմաստ ու տհաճ խոսակցությունները և մենք դեն կնետենք ականջակալները, որոնք այդքան նյարդայնացնում են ձեզ:
Պահեք ձեր բերաներում ձեր անհաճո խոսքերը, և մենք կպահենք իրականությունը մեր մեջ: Մենք ականջակալներ կրում ենք ամեն օր, օրվա մեջ ամեն պահ, որովհետև հոգնել ու զզվել են մեր ականջները ձեր անիմաստ բամբասանքներից, որովհետև մենք ինքներս փրկել ենք ուզում մեր ականջները, դրանք այնքան մե՜ղք են, երբ կարմրում են ձեր բարձր ձայներից, բայց բարձր երաժշտությունից՝ երբեք: Դեն նետեք ձեր կյանքից այդ բամբասանք կոչվածը, և մենք, ականջակալները դեն նետելով, ձեզ հետ կլսենք այդ երաժշտությունը՝ չվախենալով, որ դուք կքննադատեք մեր ճաշակը:
Ես սիրում եմ ականջակալներս շա՜տ, որովհետև դա ինձ օգնում է փակել ու խլացնել շուրջս լսվող ամեն ինչ։ Ճիշտ է՝ այն չի օգնում ազատվել ձեր ներկայությունից, բայց ազատում է ձեր տհաճ ձայներից, որոնք երբեմն այնքան անհեթեթ են: Պաշտելու աստիճան եմ սիրում իմ ականջակալները, բայց և չեմ պաշտում, այդպես էլ չսիրեցի պաշտել մարդկանց կամ իրերի: Հիմարությու՜ն է:
Ասում են՝ տարիքից է, մի փոքր մեծանալուց հետո ականջակալներով երաժշտություն լսելը էլ չի գոհացնի, կամ էլ սարսափելու չափ շատ դուր չի գա մեզ՝պատանիներիս կամ երիտասարդներին: Եվ ինչո՞ւ չէ՝ նաև մեծերին, ընդհանրապես՝ մարդկանց, ովքեր հոգնել են ձեր խոսակցություններից: Սիրում եմ իմ ականջակալները, բայց ոչ ուրիշինը․ այն աղտոտված է իր շրջապատի մարդկանց անիմաստ ու անհաճո խոսակցություններով, իմն ինձ հերիք է, իմ ականջակալներն արդեն ամեն ինչ պահել են իրենց մեջ ու պատնեշ ստեղծելով՝ թույլ չեն տվել այն բաներ հասնեն ականջիս: Սիրում եմ ականջակալներս՝ չնայած այն փաստին, որ դրանք նաև կյանքեր են խլում, երբեմն փորձանքի մեջ էլ են գցում: Տարված լինելով ականջակալիդ փոխանցած բարձր երգով՝ շրջապատդ երկրորդական ես համարում՝ չմտածելով, որ դիմացդ էդ ականջակալները չսիրող և հեչ էլ քեզ նման երազկոտ մեկը չէ, այլ սթափ վարորդ, որին ընտանիք է սպասում, և ինքը հեչ էլ մեղավոր չէ, որ դու ապրում ես ականջակալներովդ ու բարձր երգովդ ստեղծած երազկոտ աշխարհում ու ատում ես իրականությունը: Իսկ դու ատում ես իրականությունը նրանց պատճառով, ովքեր իրենց խոսքը (բամբասանքը) բերաներից դուրս չթռցնելու դեպքում մտածում են, թե էդ պահին կմեռնեն: Եփվեք ձեր մեջ, բայց թող ձեր տհաճ կամ հաճո խոսքը դուրս չթռնի ձեր բերանից, ինչպես կաթսան, որ ժամերով եփվում է, բայց կափարիչը լավ փակելու դեպքում հոտն այդպես էլ չի տարածում:
Մի հարմարավետ իր էլ աչքերի համար է պետք՝ ականջակալներիս նման։ Ակնո՞ց, չէ, ակնոց պետք չէ աչքերի համար, դա միայն արևից է պաշտպանում, ոմանց էլ ուղղակի գեղեցկության համար է տրվում, իսկ մեր աչքերին մի հարմարանք է պետք, որ ձեզ էլ այլևս չտեսնենք: Չտեսնենք, թե ինչպես եք նայում անցորդին և անիծում ձեզ ողջույն չհղելու համար, չնայած, որ դուք անծանոթ էիք։ Բայց դա ձեզ չի հետաքրքրում՝ թող ողջույն հղեր, տարեց կին եք, ի՞նչ է որ: Ուզում եմ կոտրել այն կարծրատիպը, երբ ասում են, թե ականջակալներով մարդիկ անտարբեր են, չկա նման բան: Այո՛ մենք անտարբեր ենք, գուցե խանութի կողքով անցնող մի կնոջ նկատմամբ, որը գումարն էր հաշվում ու նյարդայնանում, մենք անտարբեր ենք գուցե խանութի ապակուն փակցված ցուցանակին, որի վրա գրված է «Տարածքը վաճառվում է», որովհետև հավատացեք, դա մեզ հետաքրքիր չէ, այ մեզ հետաքրքիր է, թե ինչու էր այդ կինը նյարդայնացած, հավանաբար նա օգնության կարիք ուներ: Ձեզ նույնպես չի հետաքրքրում, թե ինչ էր փակցված խանութի ապակուն: Ձե՛զ, որ ականջակալներ այդպես էլ չսիրեցիք, որովհետև ձեզ մարդիկ շատ դուր եկան, դուք մարդկանց ու նրանց տեսակները սիրեցիք, կամ էլ ուղղակի չսիրեցիք այդ երկու բարակ լարերը քարշ տալ ձեզ հետ ամեն տեղ, դրա համար էլ չզգացիք այդ վայելքը: Գուցե վաղը ճաշակս փոխվի՞, ու ես ըստ երևույթին դառնամ ձեզնից մեկը ու սկսեմ այն երգերը լսել, որոնք շատ դիտում են հավաքել, և ձեր կարծիքով շատ լավ երգ է, միգուցե լսեմ այդ երգերն այո՛, ու ականջակալներս հանգիստ դեն նետած՝ երգիս ձայնը բարձացնեմ այնքան, մինչև ինքներդ հոգնեք ու խնդրեք, որ իմ (միևնույնն է՝ ձեզ համար անճաշակ) երգերը միացնեմ:
Սիրում եմ ու հասկանում անանջակալներիցս փոխանցվող յուրաքանչյուր բառ: Սակայն այդպես էլ չկարողացա հասկանալ ձեր տեսակը և ձեր անմիտ խոսակցությունների իմաստը: