seda mkhitaryan

Կղմինդրե տանիքներից զրկված գյուղի բնակիչը

Եթե…

Դու մեկն ես, որը ծնվել, ապրել ու ապրում է մի գյուղում, որի ունեցած միակ հարստությունը քարն է, Քարինջում:

Հողեր չկան։ Բերքառատ ծառեր չկան։

Գիտե՞ք` ինչ կա։ Հոգսեր։ Հոգսեր ու էլի հոգսեր։

Եթե…

Մեկ ժամի չափ տեղացած կարկուտի հետևանքով առանց տանիքի ես մնացել։ Տեսածդ միայն ջարդված կտուրներ են, կոտրված ապակիներ, սատկած կենդանիներ, կորած անասուններ։ Հարակատար դերբայներով շարքը կարելի է շարունակել։ Ինչպես ասենք` գլուխը պատռված տարեց կին։

Ու դու, ինչպես բոլորը, ոնց կարողացար` սկսեցիր պաշտպանվել։ Վարկ։ Պարտք։

Տարբեր միջոցներով մի քանի օրում կարգավորեցիր ամեն ինչ։ Բայց կարևորը` այդ միջոցները սեփական էին։ Երիտասարդների հետ փորձեցիր սոցցանցերով տարածել, օգնություն խնդրել։

Քեզ պետք էին միջոցներ, ոչ թե փոխհատուցում։ Բայց այն, ինչ ստացար, փոխհատուցում էր։

Այն էլ միայն բնակելի տարածքների համար։ Կարծես անասունները գոմերում չէին ապրելու, կամ եթե հավաբնի տանիքը չլինի էլ, նորմալ է։

Կամ, օրինակ, ջարդված խնձորենիները ոչ մի օգուտ չէին տալու։ Ժամանակից շուտ ջրափոսերում լողացող ընկույզներն էլ բանի պետք չէին լինելու։ Դրանց մասին ոչ ոք չխոսեց։

Փոխհատուցված գումարը ստացար, թողեցիր բանկերում ու հետ եկար գյուղ` կղմինդրե տանիքներից զրկված գյուղ։

Հայտարարեցին` ընտրություններ են։

-Ո՞ւմ է պետք։ 10000 դրամը տան` կգնամ:

-Իմ մի ձենը ոչ մի բան չի փոխելու:

-Ինձ ոչ մեկդ մի ասեք` ում ընտրեմ:

-Չէ։ Էդ լավություն անելը պրծավ։ Ես թոռներիս ապագան չեմ վաճառում:

Արտահայտություններ, որ լսեցիր տնից ընտրատեղամաս ճանապարհին։

Ընտրություններն ավարտվել են։ Անընդհատ կարդում ես լրահոսը, հետևում` ինչ պիտի լինի։

Կարծում եմ` կամ թռիչքաձև կզարգանաս, կամ հակառակը, երևի։ Կամ էլ ոնց որ դու ես կարծում` ոչինչ էլ չի փոխվի։

Եթե այս ամենը քո մասին էր, ուրեմն դու միջին վիճակագրական քարինջեցի ես, ու սա քո ապրած վերջին երկու-երեք ամսվա նկարագիրն էր։

Լավ եղիր, ընկե՛ր…