Հարցազրույց Մարգահովիտ գյուղի միջնակարգ դպրոցի նախկին ուսուցչուհի Գայանե Կոծինյանի հետ
-Տիկին Գայանե, քանի՞ տարի եք աշխատել դպրոցում:
-45 տարի աշխատել եմ՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
-Յուրաքանչյուր երեխա առանձին անհատականություն է. երբևէ դժվարացե՞լ եք աշխատել:
-Դժվարը դժվար է, մանկավարժի մասնագիտությունը հեշտ գործ չէ, բայց երբ սիրում ես քո աշխատանքը, դժվարությունը հեշտ է հաղթահարվում:
-Եթե տարիքը չխանգարեր, կշարունակեի՞ք աշխատել:
-Սիրով կշարունակեի:
-Այսօր ուսուցիչների մեծ մասը դպրոցից դուրս աշխատում է նաև անհատական պարապմունքներով, հետաքրքիր է՝ ո՞րն եք Դուք ավելի նախընտրում՝ անհատական աշխատա՞նքը, թե՞ խմբակային:
-Կարևորը ոչ թե անհատական կամ խմբակային աշխատանքն է, այլ ստացված արդյունքը: Եթե արդյունքը գոհացնող է, ուրեմն մեթոդը լավ է գործել: Դպրոցի ներսում իհարկե ավելի բարդ է, բայց առավել հետաքրքիր, որովհետև դասարանից դուրս կա նաև աշխատակազմ, գործընկերներ, իսկ անհատական աշխատանքը զուտ առարկայական է:
-Նախքան մանկավարժ դառնալը հաստատ որոշե՞լ էիք Ձեր ուղին, եթե այո, ապա դա նպատա՞կ է եղել , թե՞ երազանք:
-Չորչորդ դասարանում ես արդեն հաստատ գիտեի՝ ինչ եմ ուզում և ինչու, մանկավարժ դառնալը նպատակ էր, հիմա արդեն՝ երազանք, կուզեի անվերջ աշխատել:
-Ձեր աշակերտները այցելո՞ւմ են Ձեզ:
-Իհարկե, կապը միշտ կա թե աշակերտներիս, թե նախկին գործընկերների հետ:
-Ուսանողական տարիներից ինչ-որ դեմք, ինչ-որ իրադարձություն կա՞, որ դաջվել է Ձեր հիշողության մեջ:
-Ուսանողական տարիներից հիշողությանս մեջ ակադեմիկոս Աշոտ Աբրահամյանն է մնացել, շատ քիչ էր խոսում կամ վերաբերմունք ցույց տալիս ուսանողներին, երբ պատասխանում էի դասը, նրա դեմքին հայտնված մի փոքր ժպիտը բավական էր ինձ…
-Ձեզ բախտ է վիճակվել աշխատել տարբեր սերունդների հետ, տարբերություն բնականաբար կա, կնշե՞ք դրանք:
-Սովետական դպրոցը ավելի շատ ուսուցչակենտրոն էր, երեխային ուսուցչի կարծիքն էր պարտադրվում, բայց ես այդպես չեմ արել, ինձ համար կարևորը երեխայի կարծիքն է եղել, ու միշտ հաշվի եմ առել այն, դա իմ և իմ աշակերտների մեջ մեծ հոգեկան կապ է առաջացրել:
-Հիասթափության պահեր միշտ լինում են, հետաքրքիր է՝ Ձեր աշխատանքային տարիներին եղե՞լ են դեպքեր, երբ այդ հիասթափությունը առաջացրել են աշակերտները:
-Մի դասարան կար, որտեղ ինձ շատ էին սիրում, ես էլ՝ իրենց: Մի անգամ դասիցս փախել էին, վիրավորանք, հիասթափություն խառնվել էր իրար, շատ էի վիրավորվել, բայց դրանից հետո անընդհատ ներողություն էին խնդրում, անընդհատ անակնկալներ ու նամակներ էին գրում:
-Ամփոփելով զրույցը՝ մի բառով բնութագրեք Ձեր աշխատանքը Ձեզ համար:
-Կյանք: