Կյանքը թատրոնի մեջ և թատրոնը կյանքի

Նա սովորաբար թատրոն է գալիս բոլորից շուտ, միայնակ նստում դատարկ դահլիճում, ուշի ուշով հետևում իրար հետևից ներս մտնող մարդկանց աղմկալի անցուդարձին, ու մտքերի հորձանուտի մեջ խորասուզվում,  մինչև հայտարարվում է ներկայացման մեկնարկի մասին։

…Կրքերով լի, գունեղ, վառ, պայծառ, մեկ մեղմ, մեկ ահարկու, անվերջ նոր գույներ բերող ու երբեք չհնացող. ահա թատրոնը նրա աչքերով՝ այդ 17-ամյա պատանու, ով կյանքը թատրոնի՛ մեջ է տեսնում և թատրոնում կյա՛նքն է տեսնում։

-Մի օր ինձ բախտ վիճակվեց տեսնել Հակոբ Պարոնյանի պիեսներից մեկի ներկայացման փորձերը, որի ժամանակ շատ լավ մարդկանց հետ ծանոթացա,-պատմում է ապագա դերասան Ռազմիկ Հովհաննիսյանը,- Մինչև փորձերին ներկա գտնվելը՝ ես մտա բեմ։ Բեմը դատարկ էր։ Ես սկսեցի խոսել թատրոնի հետ։ Դրանք իմ կյանքի լավագույն պահերն էին։ Ես ու թատրոնը կրկին զրուցում էինք…

«Թատրոնը դերասանի կինն է, կինոն՝ սիրուհին։ Ուր էլ գնաս, տուն ես վերադառնալու»,-ասում էր մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանը։ Եվ իրոք,  բնատուր դերասանական շնորհով օժտված Ռազմիկը մասնագիտության ընտրության հարցում ի վերջո կողմնորոշվել է և վերադարձել դեպի թատրոն՝ այն վայրը, որտեղ դերասանը մարմնավորելով կերպարին և՛ լացում է, և՛ ծիծաղում, իսկ հանդիսատեսը չի էլ կռահում, թե դերասանն ի՛նքը ինչ տրամադրություն ունի։

-2016թ.-ին նկարահանվեցի Սոս Սարգսյանի համանուն վիպակի՝ «Լակոտի» հիման վրա նկարահանված Ալբերտ Մկրտչյանի ֆիլմում։ Այդ օրվանից սիրեցի արվեստը, կինոն, թատրոնը։ Ընտանիքիս անդամները միշտ գնահատել են արվեստը, բայց մեծագույն հարգանքը դեպի թատրոնը ու կինոն, կարծում եմ, որ իմ միջոցով է փոխանցվել նրանց։ Օրերս լցված են թատրոնով. ամեն օր կարդում եմ բեմական արվեստի մասին բազմաթիվ ձեռնարկներ, ասմունքում եմ, քննադատորեն դիտում եմ ֆիլմեր ու ներկայացումներ, քաղում դրանցից ինձ համար կարևորն ու անհրաժեշտը։ Կարճ ասած՝ ապագա մասնագիտությունս ապրելակերպ եմ դարձրել։

Ռազմիկը կարծում է, որ դերասան դառնալու համար երեք հատկանիշ է անհրաժեշտ ունենալ՝ աստվածատուր շնորհ, աշխատասիրություն և սեր, անսպա՜ռ սեր դեպի թատրոնը։ Իր խաղացած դերերից առանձնացնում է  Հովհաննես Թումանյանի «Նեսոյի քարաբաղնիսը», որտեղ նա մարմնավորում էր Աբգարի դերը, իսկ հաջողությունների մասին առայժմ լռում է.

-Մեծ հաջողությունները դեռ առջևում են, որովհետև թատրոն գնալիս մի թաքուն զգացողություն ունեմ՝ մի բարի նախանձ, թե երբ եմ տրվելու այդ հրաշքին ու զգալու իսկական դերասան լինելու հաճույքը,- ասում է նա,- ներկայիս մեծագույն հաջողությունը ճիշտ ժամանակին ճիշտ մարդկանց հանդիպելն է։ Հպարտորեն եմ ասում, որ թատրոնի հանդեպ ունեցած սիրուս շնորհիվ ձեռք եմ բերել Լուսին Կիրակոսյանի, Լուիզա Ղամբարյանի պես ընկերներ, որոնք միշտ պատրաստակամ են օգնելու։ Չնշել չեմ կարող նաև իմ լավագույն ուսուցչի՝ Տաթև Ղազարյանի մասին, ում տված դասերն անգերազանցելի ներգործություն են ունեցել ինձ վրա։

Իր աշխատասիրությամբ ու բոլոր դժվարությունները պատվով հաղթահարելու և իր երազանքին հասնելու ձգտումով Ռազմիկը օրինակ է իր հասակակիցների համար, իսկ նրա կյանքի ճանապարհին նրա համար լավագույն օրինակը և ոգեշնչման աղբյուրը մշտապես եղել է Սոս Սարգսյանը.

-Ես նրան չեմ տեսել, բայց ամեն վայրկյանս լցված է Սոս Սարգսյանի անտես ներկայությամբ։ Նա ասում էր, որ անհրաժեշտ է միշտ լսել սրտի և հոգու կանչը։ Նրա շնորհիվ ես լսեցի իմ սրտի կանչը, այն, որ թատրոն է կոչվում…

Հ.Գ. Թող ներող լինի Ռազմիկը ամբողջ տեքստում «Թատրոն» բառը  փոքրատառով գրելու համար։ Նա միշտ այն մեծատառով է գրում։