Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Կյանքը հաղթած

Exploring the world through the lens of camera ծրագրի շրջանակներում

Գյումրու կենտրոնական փողոցներից տնակային թաղամասերից մեկը հասնելու համար տասը րոպեից քիչ ժամանակ է պետք: Մինչ այդ, ժամանակ` մտածելու, թե ինչից կարող ես խոսել նրանց հետ, ովքեր ապրել են երկրաշարժը, ովքեր, գուցե, բայց իրականում՝ հաստատ չեն ուզում նորից խոսել այդ մասին: Իսկ ես գնում էի՝ հարցնելու բաներ, որոնք լսել գուցե ինքս էլ չէի ուզում: Տնակների թաղամասում երկրաշարժն իրեն հիշեցնել է տալիս ամենուր, մարդկանց աչքերում՝ հատկապես: Ուրեմն՝ ի՞նչ հարցնել: Կամ ինչպե՞ս հարցնել՝ չլսելու, որ 88-ին մարդիկ միմյանց շնորհավորում էին՝ հարազատի դին գտնելու համար:

Այստեղ 88-ից մնացած ինչ-որ սառը շունչ կա, այստեղ մարդիկ խուսափում են խոսել նրա մասին, ինչ, թվում է, արդեն անցյալ է:

Բայց այստեղ կողք-կողքի են անցյալն ու ներկան, իսկ այնտեղ, ուր մարդիկ քարե տներ են կառուցում երկրաշարժից հետո ստացած տնակների տեղում կամ դրանց փոխարեն՝ ապագան է: Այս քարե շենքերը, եթե իհարկե այդպես կարելի է կոչել՝ դեռ տնակներ են, կամ մի քիչ ավելին են, քան տնակն ու մի փոքր ավելի քիչ, քան տունը:

Երկրաշարժին, անցյալին ու կյանքին հաղթած ապագան ապրում է այդ թաղամասի տնակներից մեկում: Երբ հասանք այնտեղ, նա վերանորոգում էր հարևանի տունը: Կարճ մազեր, արհեստավորին բնորոշ սպորտային- թեթև հագուստ, գյումրեցուն բնորոշ հումոր ու զրնգուն ձայն: Իսկ նա կին է, ով մինչ 88-ը կար ու ձև էր սովորում ուսումնարանում, ով երկրաշարժից հետո աշխատում էր Մարալիկի տեքստիլ գործարանում: Նա երկրաշարժից հետո ամուսնացել է, կորցրել ամուսնուն: Նրա երկու երեխաներն այսօր Ռուսաստանում զբաղվում են նույն գործով, ինչով մայրը՝ Հայաստանում: Չնայած աղջիկը՝ Աղունիկը, ծանրամարտի Հայաստանի առաջնության քառակի չեմպիոն է: Իսկ տիկին Անահիտը հիմա իր հոր տնակ-դոմիկում է, որը կառուցել են երկուսով՝ սեփական ձեռքերով: Ինքը երբեմն գնում է երեխաներին տեսնելու, բայց հիմա այնքան հաճախ չէ, որովհետև այդպիսի մի այցի ընթացքում գողացել են աշխատանքային գործիքներն ու տան սպասքը: Չնայած, սպասքն այնքան էլ հոգ չէր, գործիքները…
Տիկին Անահիտն ասում է, որ երբեմն մարդիկ զարմանում են, թե ինչպես կարող է կինը տներ վերանորոգել, բայց հետո ամեն բան հարթվում է: Քաղաքացիները վստահում են իրեն: Նա, իրականում ամենևին էլ չի բողոքում կյանքից, աշխատանքից ու նույնիսկ դոմիկից, որտեղ ապրում է: Նա անգամ ասում է, որ կհրաժարվի պետության տրամադրած բնակարանից.

-Էդ կվարտիրաները դուրս չեն գա: Հետո էդ նոր սարքած շենքերում կփռշտաս, կողքիդ հարևանը կըսե՝ առողջություն:

Երկրաշարժից մնացած նրա հիշողությունները թարմ են: Այդ օրը նա ուսումնարանում էր, քույրը՝ աշխատանքի: Այդ օրը նրա եղբայրը կորել է, գտնվել միայն մեկ օր անց: Նրա հայրը մնացել է փլվող շենքի տակ ու երկար ժամանակ հիվանդանոցում եղել: Հենց այդ ժամանակ է տիկին Անահիտն ապրել շենքում ու ատել այն: Ինքն ազատության է սովոր, թեկուզ դոմիկում:

Այս դոմիկում նա մոր հետ է ապրում, իսկ պատերին աղջկա մեդալներն են, որոնք հաշվել ուղղակի չէր լինի: Տնակը սեփականաշնորհելու հնարավորություն ստանալուց հետո որոշել է վերանորոգել այն: Ասում է՝ հաջորդ տարի կավարտի:

Տնակի բակում մի ուրիշ՝ ավելի փոքր դոմիկ է, ուր մի ժամանակ ապրել է ինքը, իսկ հիմա օգտագործում է որպես արհեստանոց: Գործիքները գնալով ավելանում են, տեղը՝ նվազում: Եվ դարպասը, որ բաժանում էր նրա տնակը թաղամասից, թվում է, ինչ- որ սահման է, որից ներս ինքը պարզապես չի ուզում թողնել երկրաշարժի ստվերը։