«Կյանքը հենց հավերժական շարժիչ է». Գևորգ Արշակյան

Շատերի համար «երեք տեղ սովորող այն տղան», մտերիմների խոսքով՝ ֆանտաստիկ, ընկերասեր, կնամեծարԱյս շարքը կարող է երկար շարունակվել, մինչդեռ ինքը՝ Գևորգը, հստակ գիտի՝ ինչպես բնութագրել իրեն. «ծույլ, բայց նպատակասլաց, ու վերջում՝ անպայման փիլիսոփա»: Այս ամենից հետո գուցեև զարմանալի չհնչի այն, որ նա սովորում է ԵՊՀ փիլիսոփայության, ինչպես նաև իրավագիտության ֆակուլտետներում (4-րդ կուրս): Այս տարի կավարտի նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Թե ինչու և ինչպես, կպատմի հենց ինքը` քսանմեկամյա Գևորգ Արշակյանը:

-Գևո՛րգ, մի առիթով ասել ես, որ երբ դեռահաս էիր, ցանկանում էիր ճանաչել ինքդ քեզ, ու դրա համար էլ ընտրեցիր ամենաբարդ, բայց ամենահետաքրքիր ճանապարհը՝ դառնալ փիլիսոփա: 16-17 տարեկան պատանին ինչպե՞ս էր պատկերացնում, որ ինքն ուզում է իրեն ճանաչել, այն էլ փիլիսոփայության միջոցով:

-Փիլիսոփա դառնալ ես ուզել եմ 6-րդ դասարանից: Ինձ դուր էր գալիս ամեն ինչ, ես ուզում էի հասկանալ ընդհանուր օրինաչափություններ, որոնցով կկարողանայի ճանաչել աշխարհը, ուզում էի ունենալ համակարգային մտածողություն, նույնիսկ դուրս գալ այդ համակարգից: Փիլիսոփայությունը տալիս է սրա հնարավորությունը: Որոշակի ազդեցություն է ունեցել նաև պապիկս, ով դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում քաղաքական եւ իրավական ուսմունքների պատմություն առարկան, որի շրջանակում, իհարկե, «առնչվում է» փիլիսոփաների հետ: Ես տանը հաճախ եմ լսել մտածողների անունները. Արիստոտել, Պլատոն, Կանտ, Մոնտեսքյո, վերջիվերջո Հեգել… Այս ամենը չէր կարող ինչ-որ տեղ չարտահայտվել:

-Փիլիսոփայությանը՝ որպես մասնագիտության, հաճախ թերահավատորեն են վերաբերվում: Չխանգարե՞ց քեզ այս կարծրատիպային մտածողությունը:

-Ոչ, նույնիսկ օգնեց: Փիլիսոփայությունը ավելին է, քան մասնագիտությունը, ավելին, քան գիտությունը: Հիշենք Դավիթ Անհաղթին, ով ասում էր՝ փիլիսոփայությունը հնարավոր չէ մի ձևով սահմանել, այն ունի ոչ ավել, ոչ պակաս վեց սահմանում: Փոքր տարիքում բարեկամներիցս շատերը ասում էին՝ կմեծանաս, ճիշտ ճանապարհին կգաս, բայց ես հստակ գիտեի, որ փիլիսոփայությունն եմ ընտրելու: Ընտանիքում էլ ոչ մի ճնշում չէին գործադրում, ասում էին՝ որն ուզում ես, դա էլ պիտի ընտրես:

-Ինչո՞վ է կյանքում օգնում կամ խանգարում փիլիսոփայությունը:

-Խանգարում է միայն շփման մեջ այն մարդկանց հետ, ովքեր կարծում են, թե փիլիսոփաները կյանքից կտրված մարդիկ են, մինչդեռ իրականում կյանքը վայելողներն են: Եթե կարդանք փիլիսոփաների կենսագրությունները, կհամոզվենք սրանում: Իսկ կյանքում այն միշտ օգնում է, այն հենց օգնելու համար էլ ստեղծված է: Ասում են՝ ջուր տուր՝ կյանք պարգևիր, չէ՞, ես կասեմ՝ փիլիսոփայություն տուր՝ կյանք պարգևիր, մտածողություն, աշխարհ պարգևիր:

-Հեռակա կարգով միաժամանակ իրավաբանության ֆակուլտետ ընդունվելդ պայմանավորվա՞ծ էր ընտանիքում իրավաբանների առկայությամբ, թե՞ ամեն դեպքում, դա ևս սիրելի էր:

-Դե, այդ ազդեցությունը չեմ բացառում, բնականաբար կար, բայց նաև սիրելի էր: Ու վերջապես, գոյություն ունի իրավունքի փիլիսոփայություն, որը ևս շատ հետաքրքիր է, ու ես ուզում եմ իմ կյանքի ինչ-որ շրջան նվիրել դրա ճանաչողությանը:

-Մի անգամ նշել ես, որ ռազմական ոլորտ մուտքդ պատահական էր: Արդյո՞ք նման որոշումը կարող էր լինել պատահական, թե՞ այն ինչ-որ պահի մտապահված երազանք էր:

- ՊՆ-ի այդ տարվա ծրագրով տարկետման իրավունքից օգտվող ուսանողը հնարավորություն ունեցավ համալսարանական կրթությանը զուգահեռ ստանալ նաև ռազմական կրթություն: Պատահական էր այնքանով, որ այդ ծրագրի մեկնարկը համընկավ իմ ընդունելությանը: Ռազմական կրթություն ստանալը երազանք չի եղել, բայց հետաքրքրություն այդ ոլորտի նկատմամբ, այո, եղել է: Փոքր տարիքում ուզում էի աշխատել ուժային որևէ կառույցում՝ լիներ դա ոստիկանություն, ազգային անվտանգություն, թե մեկ ուրիշը: Սրանք կառույցներ են, որոնք միտված են մեզ պաշտպանելուն, ու ես ուզում էի դրանց միջոցով իմ ծառայությունը ևս մատուցել հայրենիքին: Երբ մի քանի ամսից գնամ ծառայության, արդեն որպես սպա, հպարտությամբ եմ կրելու այդ համազգեստը ու ասելու՝ ես հայոց բանակի սպա եմ: Շատերն ասում են՝ գնալու ես, հիասթափվես, բայց ես գնում եմ, որպեսզի իմ մասով ինչ-որ բան դեպի լավը փոխեմ բանակում: Ես գնում եմ՝ անցկացնելու իմ կյանքի ամենակարևոր տարիները: Ու պատահական չէ, որ ծառայության մեկնելուս տարին համընկնում է Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյակին եւ Երեւանի հիմնադրման երկու հազար ութ հարյուրամյակին: Ծառայության ընթացքում նշելու եմ նաև համալսարանի հիմնադրման հարյուրամյակը:

-Դժվար չէ՞ միաժամանակ լինել մի քանի տեղ և յուրաքանչյուրում էլ ձգտել լինել լավագույնը:

- Մեկը մյուսին չի խանգարում, չգիտեմ: Դա բոլորն էլ կարող են, պարզապես պիտի ձգտեն: Օրը ունի 24 ժամ, չէ՞, որի մեծ մասը մենք ծախսում ենք անտեղի. դաս, տուն, համացանց, հեռուստացույց, հաջորդ օրը՝ նույնը: Իսկ եթե այդ համացանցն ու հեռուստացույցը կրճատենք, կխնայենք մեծ ժամանակ, ինչը կարող ենք նվիրել այլ մասնագիտություն սովորելուն: Այսինքն՝ ցանկության դեպքում ժամանակ միշտ կա: Նույնիսկ հիմա ես էլի մտածում եմ, որ ժամանակս ինչ-որ տեղ անիմաստ եմ ծախսում: Չեմ ասում՝ ամբողջ օրը պետք է նստել, գիրք «կրծել»: Պետք է ամեն ինչից էլ օգտվել. և կինո գնալ, և ընկերների հետ ժամանակ անցկացնել, և հանգստանալ:

-Իսկ ինչ-որ մի պահի ամեն ինչ թողնելու ցանկություն չի՞ առաջանում:

-Նման պահերին հիշում եմ, որ ես եմ ընտրել այս ճանապարհը, որ ինձ ոչ ոք չի ստիպել: Ես գիտակցել եմ՝ ինչի եմ գնում, ինչից եմ հրաժարվում, ինչ կարող է լինել: Գիտակցել եմ, որ շատ քննություններ կունենամ, որ ինչ-որ բաներից ինձ կզրկեմ, որ ընկերներիս շատ հաճախ չեմ հանդիպի, փոխարենը տարիներ հետո կունենամ խնայած ժամանակ, ավելի շատ գիտելիք, ավելի լայն մտածողություն: Ես հիմա գնում եմ այս նպատակիս հետևից: Որոշ բաներ ստացվում են, որոշները՝ չէ, բայց դրանք էլ փորձում եմ ուղղել: Չէ՞ որ ապրելով մեզնից յուրաքանչյուրը կուտակում է փորձ ոչ միայն իր, այլև իր ժամանակակիցների ու հետագա սերունդների համար:

-Ու այս ամենի հետ մեկտեղ ասում ես, թե ծույլ ես, միայն թե ոչ երազանքի հանդեպ: Ուրեմն՝ ինչի՞ հանդեպ:

-Ծուլությունը հաճախ ինձ օգնում է, որ ինչ-որ բան անելիս ես հեշտ ուղի գտնեմ, թե չէ՝ ալարելու եմ երկարով գնալ: Այսինքն՝ ծույլ եմ առօրյայում, ինչ-որ մանր խնդիրների դեպքում: Իսկ երազանքի հանդեպ ծույլ չեմ այնքանով, որ անընդհատ ստեղծում եմ պայմաններ, որոնք ինձ կպարտադրեն շարժվել, կստիպեն երազանքս դարձնել նպատակ ու գնալ դրա հետևից: Համալսարան ընդունվելն էլ է այդ պայմաններից. քննությունը ինձ ստիպում է, որ ինչ-որ բան անեմ, այլ հարց է, որ ես այն մեծ հաճույքով եմ անում:

-Քո խոսքով՝ ուսանող լինելը մեծագույն նվաճում է: Իսկ ի՞նչ ասել է լինել ուսանող:

-Լինել ուսանող նշանակում է լինել ցանկացած իրավիճակից ելք գտնող: Ասում են՝ երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար: Այսինքն՝ նշանակում է լինել խենթ: Նշանակում է ունենալ քաջություն ու լինել երիտասարդ. ութսուն տարեկանում էլ կարող ես լինել ուսանող ու երիտասարդանալ: Եվ վերջապես, ուսանող լինել նշանակում է լինել այնպիսի հասարակության անդամ, որը հասել է այն բարձր մակարդակին, որ ստեղծել է համալսարան:

-Գիտեմ, որ մասնակցել ես նաեւ «Ամենախելացի» ծրագրին: Սա սեփական ուժերդ ստուգելու ևս մի փո՞րձ էր:

-Եվ փորձ էր, եւ ժամանց: Դա հեռուստատեսային իմ առաջին խաղն էր: Օրը՝ ապրիլի չորսը, համընկավ Ապրիլյան պատերազմին… Հենց առաջին փուլից դուրս մնացի մեկ միավորի պատճառով, ընդ որում, ես ունեի հինգ հնարավորություն այդ մեկ միավորը ձեռք բերելու, ու ոչ մեկը չստացվեց: Բայց դրանում վատ բան չեմ տեսնում. շոու էր, հետաքրքիր էր: Կարևորը՝ ձեռք բերեցի շատ ընկերներ, որոնցից միշտ կարելի է ինչ-որ բան սովորել, ու որոնց հետ հիմա էլ կապը պահում ենք:

-Ուսումնական դաշտից դուրս ի՞նչ նախասիրություններ ունես:

-Վերջերս ազատ ժամանակս տրամադրում եմ աշխարհում ամենահայտնի խաղալիքի՝ Ռուբիկի խորանարդին: Իսկ առհասարակ, սիրում եմ նվագել. ավարտել եմ Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Այլ հաճույք է, երբ երաժշտությունը քեզնից է դուրս գալիս: Ինչքան էլ հեղինակն ուրիշն է, այդ պահին դու ես այն ստեղծում: Դե, նաև կարդում եմ, ֆիլմեր դիտում, հեծանիվ քշում:

-Մի քանի ամսից  մեկնելու ես ծառայության, բայց ակտիվությունդ քաղաքացիական կյանքում, վստահ եմ, փորձելու ես պահել: Ի՞նչ ծրագրեր կան:

-Հեռակա ուսուցմամբ կշարունակեմ ուսումս իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում, իսկ ծառայությունից հետո կսովորեմ նաև փիլիսոփայության մագիստրատուրայում, ու հավանաբար միասին էլ կավարտեմ: Կուզեմ, որ բանակում կարողանամ իմ զինվորների կյանքը հետաքրքիր դարձնել, նրանց հետ միասին հավեսով ծառայել ու լինել ընտանիք: Իհարկե, կլինեն խնդիրներ, բայց էլ ի՞նչ ընտանիք, որ չլուծի դրանք: Իսկ երբ վերադառնամ, կշարունակեմ ծառայել արդեն գիտության մեջ, հասարակական տարբեր ոլորտներում:

-Ի՞նչն է մոտիվացնում քեզ ամեն հաջորդ օրվա համար:

-Հենց հաջորդ օրը, որտեղ ես ունեմ 86400 վայրկյան՝ առավելագույնս լավ սպառելու: Մոտիվացնում է այն միտքը, որ կյանքը ֆանտաստիկ է: Ասում են հավերժական շարժիչներ չկան, բայց կյանքը հենց հավերժական շարժիչ է: