«Կյանքը շատ կարճ է տխրելու համար»

Մուշեղ Ավետիսյանը հայտնի թրեյներ է։ Նրա թրեյնինգները ուղղված են մարդկանց կյանքի բարելավմանը։ Վերջերս Իջևանում Մուշեղ Ավետիսյանը անց է կացրել անվճար թրեյնինգ, ինչը շատ ողջունելի է։ «Հաջողությունը մեր մեջ է» խորագրով թրեյնինգին հիմնականում մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները։ Կարծում եմ, որ այսպիսի միջոցառումները պետք է լինեն շարունակական, քանի որ նկատելի էր, թե որքան ոգեշնչվեցին ուսանողները նրա ելույթից հետո։

Միջոցառումը շատ հաջող անցավ, ինչին նպաստեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներից ամենաակտիվները, որոնք կամավոր կերպով կատարել էին ողջ կազմակերպչական աշխատանքը։

Ես նույնպես մասնակցում էի թրեյնինգին։ Միջոցառումից հետո մի կարճ զրույց ունեցա Մուշեղ Ավետիսյանի հետ։

-Պարոն Ավետիսյան, կցանկանայի իմանալ, ո՞րն է եղել Ձեր առաջին հանրային ելույթը և ի՞նչ դժվարություններ եք ունեցել դրա հետ կապված։

-Ես ելույթներ սկսել եմ ունենալ համալսարաններում։ Իսկ առաջին մեծ լսարանով ելույթս եղել է նախանցած տարի «Մոսկվա» կինոթատրոնում «Ժամանակն է գործելու» խորագրով, որին մասնակցել է 500 մարդ։ Դրանից հետո ես համոզվեցի, որ հենց այդ ուղղությամբ էլ պետք է շարունակեմ։ Միակ դժվարությունը, որ ունեցել եմ, լարվածությունն էր։ Մի քանի օր առաջ նույնպես ունենցել եմ 500 հոգանոց սեմիանար, սակայն այս անգամ արդեն չկար այն լարվածությունը, որն ունեի առաջին անգամ։ Լարվածությունը հաղթահարել եմ մարդկանց հետ անկեղծ լինելով, ինչպես նաև ուրիշների վրա լավ տպավորություն թողնելու կոմպլեքսը հաղթահարելով։

-Ե՞րբ առաջին անգամ զգացիք, որ վերջապես հաջողակ եք։

-Երևի հենց իմ այդ առաջին մեծ ելույթից հետո այդ զգացումը ունեցա, երբ մարդիկ թրեյնինգից հետո մոտենում էին ինձ, շնորհակալություն հայտնում և ասում, որ այն շատ օգտակար էր իրենց համար։ Ես ինձ հաջողակ զգացի, որ կա այդպիսի մի թրեյնինգի պահանջմունք մարդկանց մոտ, և որ ես կարողացել եմ ինչ-որ չափով բավարարել այս պահանջմունքը։ Իսկ ընդհանրապես, սկսեցի ինձ հաջողակ զգալ, երբ հասկացա, թե ինչ է ինձ համար նշանակում լինել հաջողակ։ Այդ կանոնը սահմանել եմ մոտ երկու տարի առաջ և հիմա ես անընդհատ՝ ամեն րոպե, ամեն օր ինձ հաջողակ եմ զգում։

-Կա՞ որևէ խոսք, որը Ձեզ միշտ ոգեշնչում է։

-Ես իմ ուսուցիչն եմ համարում Թոմմի Ռոբինսին։ Նա ունի շատ ոգեշնչող խոսքեր, բայց կառանձնացնեմ դրանցից մեկը․ «Կյանքը շատ կարճ է տխրելու համար»։ Այսինքն՝ մենք տխրելու վրա շատ ժամանակ չպետք է կորցնենք։ Յուրաքանչյուր պահի, երբ ես զգում եմ տխրություն իմ մեջ, սա հիշելով՝ անմիջապես փոխում եմ տրամադրությունս։

-Կասե՞ք՝ Ձեզ ավելի շատ հաջողությունները, թե՞ անհաջողություններն են ուժ տվել և ոգեշնչել։

-Ես ոգեշնչվել եմ միանշանակ հաջողություններից, բայց մոտիվացվել եմ անհաջողություններից, որովհետև մոտիվացիան՝ միշտ ավելի լավը դառնալու, մեծ է եղել։ Հիմա կարող եմ ասել, որ անցել եմ անհաջողությունների փուլը, հիմա փորձում եմ զարգացնել հաջողության ձգտելու մոտիվացիան, որպեսզի կյանքի կատարելագործման ձգտումը ավելի մեծ լինի։