aniharutyunyanarm

Կյանքը սուրճի բաժակում

- Տո, ա՛յ Անուշ, էս ո՞ւր ես: Աչքներս ջուր կտրեց: Երկու բաժակ կոֆե խմեցինք, մինչև եկար, – ասում է Գայանը բաժակ նայող հարևանուհուն: – Դե գնա՛, գնա՛, Լիլի՛թ ջան, մեզ էլի կոֆե դիր, հազիվ Անուշն եկել ա:

Բաժակ նայելը հին արհեստ է, Անուշին էլ որ հարցնես` արվեստ է: Բայց ինքը չգիտի` որտեղի՞ց են արմատները, ո՞վ է հորինել: Ըստ վարկածներից մեկի` ալարկոտ հարսները մի ժամանակ ջան չեն արել բաժակները լվանալ, ցանկացել են սուրճի սեղանի մոտ երկար նստել ու զրուցել, բաժակ նայելը սարքել են մահանա, փորձել են պատկերներ գտնել: Սկզբում զուտ զվարճության համար, հետո կամաց-կամաց որոշել են իմաստավորել ու հարևանների մոտ գլուխ գովել, թե բա` բնատուր շնորհք է, Աստծուց է ուղարկված: Ու էդպես` տարիների մեջ տեղափոխվելով, վարկածը կրճատվել, փոփոխվել, հասել է մեր օրեր ու մարդկանց գիտակցության մեջ մտել է որպես, իրոք, Աստծու կողմից տրված շնորհ: Կանայք էլ են սկսել հավատալ իրենց գերբնական ուժերին ու փողոցում կամ երբեմն ամբողջ գյուղում դարձել են հեղինակություն:

- Լիլի՛թ, էդ խաշն ի՞նչ եղավ: Երեք բաժակ կոֆեն քանի՞ ժամ ես եփում:

- Հերիք ա խոսես էդ երեխու վրա, Գայա՛ն: Գործիդ անունն ի՞նչ ա. սպասի էլի:

Գայանը ոչ սուրճին էր սպասում, ոչ էլ Անուշի` բաժակ նայելուն: Գայանը ամուսնուն էր սպասում Ռուսաստանից, որ ամեն ամիս վերադառնալը հետաձգում էր: Ամեն անգամ, երբ խոստացած հերթական օրն էր անցնում, ու ամուսինը չէր հայտնվում, Գայանը կանչում էր Անուշին ու անհամբերությամբ սպասում, որ Անուշն ասի` բաժակիդ մեջ ճանապարհ կա, վերջում` տղամարդ է կանգնած: Էսպես Գայանն իր նվիրական ցանկություններն ու նպատակները վստահում է սուրճի մրուրին ու Անուշի երևակայությանը: Անճար մարդու սովորական միամտությամբ մոռանում է, որ Անուշն իր մասին ամեն ինչ գիտի, իր ընտանիքի կյանքին ու սպասումին տեղյակ է, որ Անուշի գուշակությանը հավատալը, թե` ամուսինը շուտով վերադառնալու է, շարքային ինքնախաբեություն ու միջին վիճակագրական ժամանակավոր սրտհովանք է: Բայց անճար մարդիկ հիմնականում հանձնվում ու իրենց ցանկությունները սուրճի բաժակներին ու երազահաններին են վստահում:

Ասում են նաև, որ երբ շրջում ես բաժակը ափսեի մեջ լցրած մրուրի վրա, սպասում, որ չորանա ու այբուբենի ամեն տառն ասելու հետ խփում բաժակին, որ տառի վրա պոկվեց բաժակն ափսեից, ուրեմն այդ տառով սկսվող անունն ունեցող մարդը կարոտում է քեզ:

Գայանի ամուսնու անունը Լևոն է: Գայանը սուրճը դառն է խմում: Դառը մրուրին հատկապես բաժակը երբեք այնքան ուժեղ չի ամրանում, որ 12 հարվածին դիմանա, ու Գայանը գոնե հուսա, որ ամուսինն իրեն կարոտում է:

Ասում են, որ բաժակում հայտնված ձին մուրազ է, սլացող ձին` լավ լուր սիրելիից, իսկ ձիու գլուխը` հանդիպում սիրելիի հետ: Գայանը ճանապարհից բացի նաև ձիուն էր սպասում իր բաժակում: Անուշն ամեն անգամ ձի ու ճանապարհ էր տեսնում, Գայանն էլ, մյուս կանանց նման, չէր համոզում, որ Անուշը ցույց տա ձին, բացատրի, թե ինչպե՞ս տեսավ: Խաբված լինելն ընդունում էր խոնարհաբար, երջանկանում ու ասում էր` Աստված ձայնդ լսի, Անուշ ջան: Անուշը, առաքելությունը կատարածի դեմքով, մի քանի բան էլ ասում էր Լիլիթի համար, որ արդեն ամուսնանալու ժամանակն էր, մի քիչ փողից, մի քիչ հաջողությունից, ու այդ շաբաթվա հույսի չափաբաժինը Գայանի համար պատրաստ էր:

Պատահում էր նաև, որ սուրճի ժամանակը համընկնում էր Գայանի սկեսրայրի՝ դաշտից վերադառնալուն։ Մտնում էր խոհանոց Գևորգը, բայց Անուշն ուշադրություն չէր դարձնում Գայանի նշաններին, թե` սուս արա, ու շարունակում էր աչքերը կկոցած նայել ու ճանապարհը նշմարել։ Գևորգը երբեք չէր հավատում բաժակի պատկերներին։ Ամեն անգամ թարս նայելով իր ջուրն էր վերցնում, բայց չէր շտապում դուրս գնալ։ Ինքն էլ արդեն հոգու խորքում ձիու հայտնվելուն էր սպասում։ Ինքն էլ ակամա ուրախանում էր, չհավատացողի համառությանը անճարի անկարողությունը մի պահ հաղթում էր։ Ու ձին ու ճանապարհը կամ ձին ճանապարհին իր համար էլ հույս էին դառնում։

Դե բեր, բեր, Լիլի՛թ ջան, արագ նայեմ ու գնամ, գործերս մնացին, – ասաց Անուշն ու տաք սուրճը` լեզուն այրելով, մի կերպ խմեց: Ինքն իր բաժակը երբեք չէր նայում, ինքն իրեն դժվարանում էր խաբել: Շտապելով վերցրեց Գայանի բաժակն ու գազի վրա թողած ճաշի մտքերով մոռացավ ասել, որ ձի ու ճանապարհ կան բաժակում: Շտապելուց չնկատեց էլ Գայանի շփոթված հայացքը` սովորության խախտման անակնկալից:

Դե, գնացի, ժողովուրդ ջան, վաղը կհավաքվենք, – վեր կենալով ասաց ու շտապելուց պատահաբար գցեց գետնին ու կոտրեց Գայանի օժիտի սուրճի բաժակը: Ներողությունների մեջ լսեց Գայանի հեծկլտոցը:

Դե լավ, մա՛մ, բաժակ էր, էլի, նորը կառնենք, – հանգստացնում էր Լիլիթը: Իսկ Գայանը չէր հասկանում` բաժակի՞ համար էր լաց լինում, թե՞ Անուշի շտապելու, ձին ու ճանապարհը մոռանալու: Չգիտեր` ամուսնուն իրո՞ք այդքան սպասում էր, թե՞ գյուղի ձանձրալի օրերում սպասումն արդեն ինչ-որ հետաքրքրություն էր դարձել: