nare hovhannisyan

Կյանքի արահետներն ու Արարատ-Երևան ավտոբուսը

Ուզում եմ խոսել քեզ հետ, վաղուց է, ինչ չեմ պատմել, չեմ կիսվել այն ամենի մասին, ինչն ինձ իսկապես խանգարել է: Դժար է իրականում մեր կյանքում ճիշտ և հարթ ճանապարհներ գտնել, քանի որ երբ վստահ քայլեր ես գցում կյանքի արահետներին և գիտես, որ խոչընդոտները քեզ համար ոչինչ կլինեն, այդ պահին ուղղակի ապշում ես, երբ արահետն իր ուղղությունը փոխում է, ծռվում, ճաքեր տալիս՝ ծառերի փոխարեն ճիշտ փշեր աճեցնելով։ Քեզ թվում է, որ սա ուղղակի թյուրիմացություն է և այն կչքանա, երբ դու չես էլ հասցնի բացել-փակել աչքերդ։ Փակում ես և վստահ բացում այդ հույսով: Գիտեմ՝ դժվար է հավատալ դրան: Բայց դու այս անգամ կրկին վստահ ես, արդեն չես երազում, էլ չես փակում, բացում աչքերդ, այլ հավատում ես միայն քեզ, ու առաջին քայլին ընդառաջ շարժվում ես՝ 2, 3… Ու այդ արահետին դու պահի ազդեցության տակ կորցնում ես գիտակցությունդ, զգոնությունդ, գրպաններումդ փնտրում բանականությունդ: Մտածում ես՝ մի՞թե վերջն է, մի՞թե այս արահետին կորցրիր դրանք, ուզում ես հետ դառնալ, բայց մեկ վայրկյան անց ներքին ձայնդ աղաղակում է.

-Շարժվի՛ր, քայլի՛ր առաջ: Հետ չնայես: Դու շատ բան ես կորցրել, բայց հաջորդ քայլերիդ հետ մեկտեղ դու կգտնես այն, դեռ ձեռք կբերես ավելին: Շարժվի՛ր, արահետն իր վերջը ցույց կտա: Մի՛ վարանիր:

«Միգուցե ինքնաբերաբար ստացվեց»,- մտածում ես դու: Ո՛չ, ամեն բան կարգին է, դու միայն շարժվի՛ր, մեկ տարեկան մանկիկի պես դի՛ր քայլերդ, նրա նման փոքր-ինչ անվստահ, բայց հավատով:

-Նարե, ի՞նչ պատահեց. նորից մտքերով ես տարվել: Հիմա ավտոբուսը կշարժվի, արագ տեղավորվիր, թե չէ նստելու տեղ չես գտնի:

Երկու մտքերիս հորձանուտից դուրս գալով՝ արագ վերջում գտա մի ազատ տեղ և նստեցի: Առավոտյան վստահ էի, որ վերջապես տեղ կգտնեմ ինձ համար, քանի որ շատ էի քայլելու, պետք էր, որ սկզբում մի լավ նստեի:

Եվ ահա, վարորդն էլ տեղավորվեց, նրա հետ միասին ավտոբուս բարձրացան մեծահասակները՝ ծանր-ծանր բեռնված։ Ինքնաբերաբար գլուխս կախեցի, ուզում էի նստած մնալ: Բայց ինչպե՞ս հնարավոր է, որ դաստիարակությունդ գլուխ չբարձրացնի: Այդ պահին փորձում ես վերահսկել նրան, բացատրել, որ գոնե այս անգամ դու նստած մնաս, ոչ թե ամեն անգամ վեր կենաս՝ զիջելով որևէ անծանոթի: Այնուամենայնիվ, վեր կացա:

-Նստե՛ք, տիկին:

-Շնորհակալ եմ, աղջիկ ջան:

Շարժվեց։ Սա էլ կարծես կյանքի արահետ լինի, տե՛ս, դու սկզբում ունես բազմաթիվ անծանոթ մտքեր, երազներ գլխումդ, դու հուշիկ քայլերով փորձում ես անցնել արահետը, բայց կեսից այդ սին մտքերն ու երազները իջնում և լքում են քեզ՝ թողնելով կյանքիդ արահետին մենակ: Եվ այդպես էլ դու նրանց անծանոթ ես դառնում:

-Ինչպե՞ս կարելի է, չեմ հասկանում: Դուք հազարավոր մարդկանց եք տեղափոխում ամեն օր և չեք էլ մտածում գոնե մի անգամ ստուգել շարժիչը:

-Տիկին, իջի՛, գնա՛: Բայց տոմսիդ փողը տուր: Սա քո համար ձրի չէ:

-Ես ուշանում եմ աշխատանքից, չե՞ք հասկանում, ի՞նչ է:

Ինձ թվում էր, որ ոչ ոք էլ չէր հասկանում, որ որևէ մեկը աշխատանքից, հանդիպումից կուշանա, ամեն ոք մտածում էր իջնել և որևէ ելք փնտրել, քանի որ ավտոբուսն արդեն քսան րոպե էր՝ անսարք կանգնած էր փողոցի մեջտեղում:

-Ես չեմ վճարի չորս հարյուր դրամ այս անսարք ջարդոնի համար, որն ինձ մարդավարի տեղ չհասցրեց:

-Մի՛ մտածի, դու երեք հարյուր իննսուն կտաս,- վստահ գոչեց վարորդը:

Անասելի ցավ զգացի, մի՞թե հնարավոր է ծաղրել մի մարդու, ում վերջին հույսն այդ ավտոբուսն էր: Հա, իրականում մի պահ այդ ամենն իմ աչքում ծիծաղելի էր, բայց փոքր ուշ հոգումս կարեկցանք զգացի այդ անծանոթների նկատմամբ, որոնց դեմքին նյարդային և տխուր կերպարանք էր իջել: Թվում էր՝ անհնար է մի բան ձեռնարկել, այնուամենայնիվ, այդ պահերին բարությունն ու մարդասիրությունը չի լքում մարդկանց: Մեքենաներ էին կանգնում, փորձում օգնել, ոմանք առաջարկում էին իրենց հետ մեկնել: Լավ էր, այն կինն, ով ուշանում էր աշխատանքից, բարին չկորցրած մի անծանոթի հետ մեկնեց: Վերջապես մենք էլ մեկնեցինք փոխարինող ավտոբուսով:

Այս ամենից միայն մի բան հասկացա. մարդիկ չարացել են աշխարհի նկատմամբ: Նրանք էլ իրենց կյանքի արահետներին կորցրել են բարությունը, զգոնությունը, սերն ու հավատարմությունը: Նրանք կորցրել են` չցանկանալով դրանք որոնել արահետի վերջում: Այդ արահետին պայքարելիս նրանց հոգին թաքնվել է սրտի և ստամոքսի հետևում, այն իր ուժը կորցրել է, պատվել է չարությամբ, հետո՝ մատնվել մոռացության:

Գիտե՞ք՝ վարորդին, այն տիկնոջը, որն ուշանում էր, այն ծերուկին, որը բողոքում էր, և այն մարդկանց, որոնք կյանքի արահետներ են անցել, նրանց մի բուռ քնքշություն է պակասում, մի բուռ հավատ, մի բուռ զգոնություն, մի բուռ հասկացողություն, մի բուռ հարգանք, տասը բուռ ժպիտ և հազա՜ր, հազա՜ր բուռ սեր:

Թվում էր, որ այդ օրվա ավարտն էլ լինելու էր նույնքան բռնկուն և տհաճ, որքան օրվա սկիզբն ու շարունակությունն էր: Ի ուրախություն ինձ, սխալվում էի։

-Նարե, արա՛գ, արա՛գ, հազիվ հասցնենք: Հինգն անց երեսուն շարժվում է: Եթե հասցնենք, մնում է միայն տեղ որոնել:

Վազեցինք: Եվ իհարկե, անիմաստ էր անգամ տեղ որոնել. ոչ մի ազատ տեղ: «Դե՜, լավ, կանգնեմ, մնում է մի լավ բռնվել, որ հանկարծ չընկնեմ»,- հիասթափված մտածում էի ես։

-Աղջիկ ջան, պտտվի՛ր այս կողմ,- երկրորդ նստարանին նստած տիկինն էր, որը դիմացի նստատեղից վերցրեց սեփական զենքերը (տոպրակները) և շարունակեց,- նստի՛ր, աղջիկս, դու այսօր առավոտյան տեղդ զիջեցիր ինձ, նստի՛ր:

-Շնորհակալ եմ, տիկին, անչափ շնորհակալ եմ:

Չէի կարողանում զսպել ինձ: Հոգնած դեմքիս վրա ժպիտ նկարեց այդ կինը, ում իսկապես այդ պահին չէի հիշում: Իսկ դու հիշեցի՞ր նրան: Իսկ ես ուշադիր զննելուց հետո հիշեցի. տիկնոջ շրջազգեստը ծանոթ էր: Իսկապես այն կինն էր, ում առավոտյան տեղս զիջել էի:

Եվ ուրեմն… Մենք էլ մեր կյանքում շա՜տ- շա՜տ բաներ ենք զիջում և զոհաբերում հանուն որևէ մեկի, հանուն մի չնչին ուշադրության, հանուն մի ժպիտի: Զիջում ու շարժվում ենք մեր կյանքի արահետով, ուղղակի երջանիկ սրտով, մոլորված ու երազկոտ հոգով, պատանուն հարիր միամտությամբ ու փուչ երազներով: Չպատկերացնելով, որ մի օր էլ քո կյանքի ավտոբուսում, որը քեզ անսահման հեռուն կտանի, եթե ուզես, քեզ կզիջեն և անծանոթ, բայց հաճելի ժպիտով կասեն՝ նստի՛ր, շարժվում ենք: