Կյանքի կարևորագույն նպատակն ինքնաարտահայտումն է

Այս ուսումնական տարվանից սկսած՝ Շիրակի պետական համալսարանի ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի ընթերցասրահում ամեն ամիս կամ ամիսը մի քանի անգամ անցկացվում են համալսարանականների կողմից սիրված գրքերի ներկայացում-քննարկումներ։ Ես, սիրելով ընթերցանությունը և գրքերի քննարկումները, պարտաճանաչ կերպով մասնակցում եմ այդ քննարկումներին, որոնց ներկա են լինում ինչպես ուսանողներ, այնպես էլ դասախոսներ։

Մի անգամ՝ հերթական գրքի քննարկումից հետո, ես առաջարկեցի հաջորդ անգամ քննարկել Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը, որը կարդացել էի սեպտեմբեր ամսին և ինձ մոտ շատ հարցեր մնացել էին անպատասխան։ Ներկա գտնվող դասախոսներից մեկն առաջարկեց, որ հենց ես ղեկավարեմ այդ գրքի քննարկումը և հենց ինքս լինեմ օրվա բանախոս։

Պատկերացնո՞ւմ եք, թե որքան մեծ պատասխանատվություն էի վերցնելու ինձ վրա։ Լինել բանախոս խելամիտ և կյանքի մեծ փորձ ունեցող դասախոսներից հետո մի փոքր դժվար էր լինելու առաջին կուրսեցուս համար, սակայն ես վստահորեն համաձայնեցի։ Ես իմ առջև լուրջ նպատակ էի դրել, և որը պետք էր պատվով հաղթահարել։

Քննարկումից հետո վերադառնալով տուն՝ միանգամից վերցրի գիրքը և սկսեցի վերընթերցել այն։ Ամեն մի պարբերություն կրկին ու կրկին կարդալով՝ մի նոր բան էի նկատում, որը երևի կամ վրիպել էր աչքիցս, կամ միգուցե այդքան էլ ուշադիր չէի կարդացել։ Ամեն դեպքում, անհրաժեշտ էր գիրքն ամբողջությամբ ընկալել ու հասկանալ, որը, չնայած, մի փոքր բարդ էր, քանի որ գրքի ամեն մի նախադասությունը մի խորիմաստ աֆորիզմ էր, մի պարադոքս…

Ահա և եկավ իմ բանախոսության օրը և ժամը։ Մի փոքր լարվում էի, երևի պատասխանատվության զգացումից էր։ Հուզմունքից այնպես էի կարմրել (դա իմ վատ սովորություններից մեկն է), որ նույնիսկ դասախոսներն էին նկատել։ Բայց և այնպես, քննարկումն անցավ շատ հաճելի և շատ հետաքրքիր։