Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Կյանքի մեկ րոպե. Մեզ մոտ լաց չեն լինում

-Կլինի՞ ես ֆիլմ չնկարեմ: Դե, չեմ ուզում: Ինձ չէին ասել, որ այստեղ ֆիլմեր պետք է նկարահանենք: Ես չգիտեմ` ինչի մասին նկարել: Ախր, ի՞նչ պատմեմ իմ մասին: Ո՞ւմ է հետաքրքիր: Հավես չունեմ:

Իմ մասին պատմելու բան էլ առանձնապես չկա: Ապրում եմ, ինչպես բոլորը: Այո, մանկատանն եմ ապրում, դա՞ էիք ուզում իմանալ: Իմ ծնողնե՞րը: Չգիտեմ, թե ուր են: Իրենց հարցրեք, եթե տեսնեք: Ինձ շատ չի հետաքրքրում, թե որտեղ են:

Ի՞նչ եք ուզում, որ պատմեմ մանկատնից: Ձեզ դա հետաքրքի՞ր է: Սովորական բան է, էլի: Բան չկա պատմելու: Ինչքան ինձ հիշում եմ` այնտեղ եմ ապրում: Դե, ովքե՞ր պիտի ապրեն այնտեղ, ձեր կարծիքով: Փողոցից հավաքած երեխաներ են: Մի մասին շատ փոքր տարիքում գտել են մանկատան շեմին թողած: Դա նրանք են, ում բախտը բերել է: Շատերին գտնում են աղբանոցներում թողած: Մի մասի ծնողներն են մահացել, խնամակալներ էլ չեն հայտնվել: Կան այնպիսիք, որ երկար ժամանակ փողոցներում են ապրել, մինչև նրանց վերջապես չեն գտել: Դա՞ էիք ուզում իմանալ:

Սովորական կյանք է, էլի: Մեծերին ավելի լավ է` տասնվեց-տասնյոթ տարեկաններին: Նրանց մեջ մի խումբ կա, իրենք գլխավորներն են: Եթե մյուսների մեջ վեճեր կամ կռիվներ են լինում, իրենք են որոշում, թե ով է ճիշտ, ով` սխալ, ու պարզում են մեղավորին: Մեղավորն էլ ստանում է իր պատիժը: Մեծերն էլ միշտ ավելի շատ ուտելիք են ստանում: Այդպես է ընդունված: Եթե ուզենան` կարող են որևէ մեկից վերցնել նրա օրվա բաժինը, ու ոչ ոք իրավունք չունի բողոքել: Եթե հանկարծ այդ մասին ասես մանկատան ղեկավարներին, մեծերը գլուխդ կպոկեն:

Չեմ հասկանում, ինչի՞ եմ այս ամենը ձեզ պատմում: Կլինի՞ ես գնամ: Հոգնեցի: Ի՞նչ եք ուզում, որ ասեմ: Որտեղի՞ց գիտեք, որ ես ամենակռվարարն եմ: Ես կռվարար չեմ: Հա, ես չեմ թողնում, որ իմ ուտելիքը վերցնեն, ի՞նչ կա դրա մեջ: Առանց այն էլ քիչ է: Մի անգամ փորձեցին վերցնել: Ես էլ սկուտեղով խփեցի վերցնողի երեսին: Ես չէի ուզում ուժեղ խփել, բայց շատ բարկացած էի: Ուշաթափվեց, քիթը կոտրվել էր: Այսինքն` ես համոզված եմ, որ ձևացնում էր: Դաստիարակները թույլ չտվեցին, որ ճաշս ուտեմ, ուղարկեցին պատժի սենյակ: Գիշերը, երբ գնացի ննջարան, ինձ արդեն սպասում էին: Առանց ինձ արդեն դատ էին արել: Ներս մտա ու ոչինչ չհասցրի անել:

Երբ հիվանդանոցից հետ եկա, իմացա, որ տղաներից երկուսն արդեն ոստիկանությունում հաշվառման մեջ են: Պարզվում է` եթե մեռնեի, նրանց բանտ էին տանելու:

Ես արդեն ուզում եմ գնալ, կլինի՞: Դե, էլ ի՞նչ պատմեմ: Կռիվներ միշտ էլ լինում են, բայց ինձնից այլևս չեն փորձել ուտելիք վերցնել: Բայց կռիվների առիթներ առանց այն էլ շատ են: Քնելու տեղի համար, հագուստի համար, ամեն ինչի համար: Սովորական է, էլի, ինչպես ամեն տեղ: Սովորական դպրոցներում այդպես չէ՞:

Միակ լավ բանն այն է, որ կողքի բոլոր թաղամասերում մեզանից վախենում են և փորձում են գործ չունենալ: Ասում են` մանկատան ապրողները ոչնչից չեն վախենում: Որովհետև կորցնելու բան չունեն: Մի անգամ բակերից մեկում Սերգեյի վրա խմբով հարձակվել էին, որովհետև ինչ-որ տղաների դուր չէր եկել, թե ինչպես է նա իրենց նայում: Սերգե՞յը: Ընկերս է: Չգիտեին, որ մեզ մոտից է: Սերգեյն էլ նրանց առաջնորդի քիթը կծել էր: Ի՞նչը ինչպես: Կծել էր, էլի: Հետո վիրահատել էին, որ հետ կպցնեն: Սերգեյը մի քիչ տարօրինակ է, չի խոսում ընդհանրապես: Բայց լավ տղա է: Իմ ընկերն է:

Իսկ եթե խմբով ենք լինում, ընդհանրապես բոլորը փորձում են բակերում չմնալ: Մտածում են` կուտենք իրենց:

Սովորական կյանք է, էլի: Ի՞նչ ծնողներ: Դե, ասացի, էլի, ես իրենց չեմ տեսել ու չեմ ճանաչել: Գիտե՞ք ինչ: Մեզ մոտ որ շատ փոքր երեխաներ են բերում, նրանք սկզբում լաց են լինում, գիշերներն անընդհատ զարթնում են ու մորն են կանչում: Բայց ժամանակի ընթացքում դա անցնում է: Ու էլ չեն կանչում:

Մենք ոչ մեկին չենք սպասում: Ու ծնողներիս եթե տեսնեք, ասեք` աչքիս չերևան: Ես երբեք չեմ սպասել նրանց ու գիշերները լաց չեմ եղել: Մեզ մոտ լաց չեն լինում:

Վլադիմիր, 13 տարեկան: Ամբողջ կյանքում ապրել է մանկատանը: