sona abunts

Կյանքով արբած

Տը՜զ, ֆը՜շ, խը՜շ, թը՜շ, բը՜զ, զը՜, կու-կու, ծուղրուղու՜, հա՛ֆ-հա՛ֆ, մե՜…
Ձայնային ֆոնը քիչ թե շատ ապահովեցի, պատկերացրեք, էլի, դժվար չէ դաշտ պատկերացնել, ճիշտ է, մի քիչ աբսուրդ է, բայց հավերով, շներով ու աքլորներով, որովհետև այդպես եմ ուզում:
Մոլորակի կենտրոնում եմ գտնվում, ամենագեղեցիկ բնության գրկում: Կանգնած տեղիցս դիմացս  փռված հորիզոնը նման է գունավոր, ծիածանանման գորգի: Ու մոտավոր պատկերացնում եմ այդ տեսարանը վերևից՝  ծաղիկներից հյուսված ծիածան՝ փռված դաշտի վրա, որի վրա վեր եմ խոյանում ես: Երկնքում ծիկրակող արեգակը իր տաքությամբ հաճելիորեն ու աստիճանաբար թմրեցնում է ինձ: Էլ չասեմ շուրջս  շշնջող բնության ձայնի մասին: Թմրությունից ոտքերս այլևս չեն պահպանում, և ձգողականության ուժը ինձ գեղեցիկ տապալում է գետնին: Մեջքիս վրա փռվում եմ գորգիս վրա և խրվում ծաղիկների հյուսվածքի մեջ: Հողը այնքան փափուկ է, անգամ անկողինս այդքան փափուկ ու հաճելի չէ, երևի մի գիշեր առաջ անձրև է խմել ու դեռ չի հասցրել չորանալ: Հողի բույրը, օդում սահելով, գալիս մտնում է քիթս ու հասնում ուղեղիս: Ձեռքերս բացված մեկնված են գորգին: Զգում եմ՝ ինչպես են մրջյուններն ու զատիկները վեր ու վար անում. ա՛յ քեզ հաճույք: Օդում ճոճվող քամին շոյում է դաշտերի չքնաղ ծաղիկներն ու խոտերը, որոնք էլ իրենց հերթին շոյում ու խուտուտ են տալիս ինձ: Դաշտի զեռունները հերթով գալիս են բարձրանում մարմնիս վրա, հետո հանգիստ սահելով իջնում ու հեռանում: Չէ՛, չեմ վախենում զեռուններից: Արևը արդեն կուրացրել է աչքերս: Դա զգում եմ ,երբ փորձում եմ շուրջս նայել. ամեն ինչ մութ է: Բայց ես հո՞ գիտեմ, թե ինչ է շուրջս կատարվում: Շուրջս կյանքն է եռում, բնական, անսկիզբ, անվերջ հրաշք կյանքը:
Սովորաբար ասում են, թե դաշտի ծաղիկներից լավ հոտ չի գալիս: Ասողները չարաչար սխալվում են: Դաշտի ծաղիկներից կյանք է բուրում, ազատություն ու բնություն:  Դաշտային ծաղիկը քաղելու ու տուն տանելու համար չէ: Դաշտային ծաղկից պետք է թագեր հյուսես ու քեզ պսակես բնության թագով՝ անմահության: Քեզ թույլ տաս զգալ որպես նրա բարի ծնունդ, որպես դաշտի մի ծաղիկ, որ փոքրիկ բաղադրիչն է այդ չքնաղ գլուխգործոց արվեստի՝ բնության: Զգաս քեզ գեղեցիկ, անուշաբույր և օգտակար, ինչպիսին դաշտի ծաղիկներն են: Օգտակար, ինչպիսին նրանք են՝ մեղուների ստնտուները. չէ՞ որ այդքան նեկտար են ընծայում փոքրիկ, արհեստավարժ մասնագետներին: Զգաս քեզ ինքնավստահ, ինչպիսին կարմիր վարդն է, պայծառ, ինչպիսին բարի արեգակն է, պարզ, ինչպիսին թափանցիկ ամպն է, խաղաղ, ինչպիսին ծավի երկինքն է, կյանքով լի, ինչպիսին ինքը՝ Աստված է:
Համեղ է բնությունը: Եկեք ձեր ախորժակները մի փոքր գրգռեմ: Պատկերացրեք  նստած եք երկար, լայն սեղանի առաջ ու ձեր առջև դրված է գառի խորոված, տապակած ճուտ, հարիսա, Քյավառի քյուվթա, «Իշլի քյուվթա», խեցգետնի պոչի քաբաբ, թփով տոլմա, աջափսանբալ, տժվժիկ, ավելուկի աղցան, պանիր, զեյթուն, գոմեշի մածուն, ավելուկի գնդիկներ, ղավուրմա, փախլավա:
Չէ՛, սա իրականում հիմար, դաժան կատակ էր, ու ոչ մի կապ չունի մեզ հետ:
Պատկերացրե՛ք. տաք-տաք, թարմ, լավ թխված արևի կտոր, հալած պաղպաղակի նման արևի ջերմությունից հալած կապտասառը երկնքի մի կծելու փայ, փափուկ, պաղ, քառակուսի կտրված հողի մաս իր բաղադրիչ համեմունքներով՝ մրջյուն, միջատ ու էլի, ասած տատիկիս, զըռթ-զըբիլ, ընդերքից բխող մի բուռ հեքիաթային ջուր, որը խմելով հնարավոր է Սասնա ծռերի Ծովինարի օրը ընկնես, և որպես նախուտեստ՝ քաղցրահամ, անուշահոտ խորտիկներ՝ վարդեր, մանուշակներ, նորածիլ խոտեր, դաշտային բազմատեսակ ծաղիկներ:
Ախորժելի է, այնպես չէ՞: Գոնե ինձ համար հաստատ այո՛, համեղ է: Եթե այսպիսի սեղան գցված լինի, ապա հաստատ մի կողմ կդնեմ ձևական քաղաքավարությունն ու  չափավոր չտեսությունը և կհարձակվեմ սեղանի վրա: Կուտեմ ոտքերով ու ձեռքերով, ամբողջ երեսս կլղոզեմ, ոտքից գլուխ կկեղտոտվեմ այն աստիճանի, որ եթե մայրս ինձ այդպես տեսնի, առանց հարցնելու կմտցնի լվացքի մեքենայի մեջ ու ամբողջ լվացքի փոշին, ժավելն ու անուշահոտ հեղուկները կլցնի վրաս:
Ա՛յ, այսքան շատ եմ քեզ սիրում, Բնությու՛ն: Քո գրկում կյանքով արբենում եմ: Քո գրկում ցանկանում եմ բարձր գոռալ ու վայելել քո սփռվածությունը:
Ով մի անգամ բնության գրկում բա՜րձր, շա՜տ բարձր գոռացել է, ու զգացել բնության անսահմանությունը, հզորությունն ու տարածվածությունը, ուրեմն նա կյանքով արբած եղել է:

Կյանքով արբած եմ մի այլ տեսակ…