Arman Mkrtchyan

Կոտրված լամպը

Խոհանոցում մի լամպ ունեին, որ անհույս կախված խոնավությունից նեխող առաստաղից՝ ամբողջ տարին լուսավորում էր նրանց ճղճիմ գոյությունը։ Երևի լամպը այդ տան միակ մասնիկն էր, որ գոնե ինչ-որ էներգիա էր անջատում․ պատերը վաղուց էին գունաթափվել, դե, իսկ ապրողները․․․ նրանք էլ էին հետևել պատերի օրինակին։ Խոհանոցը մարդաշատ սենյակ էր դառնում ցուրտ, բայց աղոտ լույսով լցված ու սրտխառնոց առաջացնող գիշերների ընթացքում։ Թեև նրանք սնվելուց ու քայքավելուն նպաստելուց զատ ոչնչով զբաղված չէին, այդ կիսախավարի մեջ վերածվում էին իրական․․․ չէ, հրեշների չէ, այլ ինչ-որ արարածի՝ մարդու և անմարդկայինի միջև։ Ու անտանելին այն էր, որ սրանք սիրել գիտեին, հա, սիրում էին իրենց մեռած զգացմունքներով։ Ափսոս, որ այդ քնքշությունը տածում էին իրենց մեծամտության նկատմամբ։ Ինքնասիրահարված լինելուց բացի նրանք ինչ-որ հաջողությամբ հասցնում էին ատել միմյանց, բայց սա չէր ամենաանհեթեթը։

Խոհանոցը՝ որպես ապաստարան, լույսի միակ աղբյուրը՝ որպես լռություն ցրող լավագույն տարբերակ․ սա լոկ նրանց առօրյան չէր, այլ մի ամբողջ ապրելակերպ։ Եթե էլի խորանանք՝ նողկալի արվեստ, որը վաղուց էր մենաշնորհի վերածվել յուրաքանչյուրի համար։ Չէ, սա էլ չի ամենաանհեթեթը։

Նրանց տունը մի մեծ ներքին խոհանոց էր, որը վաղուց ինքնասպան էր եղել, բայց ամբողջ խնդիրն այն էր, որ ոչ մեկը չէր էլ մտածել այն թաղելու մասին․․․ Ինչու՞ թաղել մի բան, որի առկայության անհրաժեշտությունը երբեք էլ չէր եղել։

Սրանց կյանքի գերագույն արժեքն աղմուկն էր, որ մեջ սուզվել էին ու չէին պատրասվում դուրս գալ։ Նրանցից ոչ մեկը պատրաստ չէր մնալ մենակ սեփական ես-ի հետ։

Ու ահա՝ լամպը վերջապես խիզախեց թողնել իր դիրքն ու վերադառնալ սկզբին՝ կոտրվելով ու կոտրելով այդքան կատարյալ թվացող աղմուկը։

Երրորդ ժամն էր լրանում, երրորդ անհնարին լուռ ժամը։ Այդ մարդկանց խումբը կյանքում երկրոդ անգամ ոչինչ չլսեց։ Լամպին փոխարինող չկար, որովհետև տարված եսասիրությամբ՝ լրիվ մոռացել էին իրենց ավելի մեծ թշնամու մասին, որն արդեն ծամում էր առաստաղն ու պատրաստվում պարուրել իրենց անիմաստ գոյությունը։

Աղմուկը լքել էր նրանց արդեն մեկ օր, իսկ նրանք դեռ չէին կարողանում ընդունել այդ փաստը որպես իրականություն։ Չէին կարողանում գիտակցել, որ լռությունը չպիտի լիներ թշնամանքի, իսկ խնդրից փախչելը՝ լավագույն լուծում։

Նրանք գիտեին, որ կգա այս պահը, որ մի օր լույսի բացակայությունը կկոտրի իրենց տարիների հորինած անդորրը։ Նրանք գիտեին, որ չեն կարողանա նայել իրար ու ասել՝ ինչ կար մտքներին։ Որոշել էին, որ ճիշտը փախուստն էր, փախուստը դեպի աղմկոտ մտքեր, որտեղ ոչ մի կպչուն գաղափար չի լինի, որտեղ կարիք չի լինի ինքդ քեզ հասկանալու և ընդունելու։ Ու հազիվ հասցրին դիմել տանջանքից խուսափելու համար այդքան երկար ծրագրած գործողություններին, երբ լռությունը ջարդվեց նրանց ներսում՝ թողնելով մենակություն, դրա ամենասարսափելի տեսակը՝ մենակություն սեփական ես-ի հետ։ Մնացին միայնակ՝ ստիված լինելով մտածել այն ամենի մասին, ինչից այսքան հաջող փախչում էին։ Միայն հիմա նրանք սկսեցին հասկանալ, թե ինչքան էր նողկալի այն ճահիճը, որ դարձրել էին փրկություն։

Բայց լամպը չէր իրենց հույսը, որովհետև հույսը վերջում էր մեռնում՝ անգամ այդ խոհանոցում։ Հույսը կոտրված լամպի անդառանալիությունն էր։ Վերջապես նրանք կարող էին ամեն ինչ սկսել նորից։ Այս պահին սպասել էին մի ամբողջ կյանք՝ չհամարձակվելով ինքնուրույն սպանել արյունարբու այդ աղմուկը։