meri hakobyan

Կորուստներ

«Ու ես հասկացա, որ աշխարհում ոչինչ չես գտնի երկրորդ անգամ  և դրա համար ուզեցի գոռալ իմ  ծաղկային ամբողջ ձայնով. «Մի կորցրեք, մարդի՛կ»:

    Վարդգես Պետրոսյան

Պետրոսյանի այս խոսքերն էլ կդառնան նախաբան: Կորուստները տարբեր են լինում: Մեկը կորցնում է քույր, մեկը` եղբայր, մեկը` ընկեր, մեկն էլ ինձ պես` տատիկ ու պապիկ: Միգուցե կորուստդ ապրում է նույն քաղաքում, որտեղ դու ես ապրում, իսկ միգուցե ուրիշ աշխարհում: Մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ մեկին կորցրել է: Մենք կորցնում ենք մեզ հարազատ, սիրելի մարդկանց: Կորցնում ենք միշտ: Կյանքի չգրված օրենքն է այդպես թելադրում: Կորցնում ենք առհավետ և առհավետ էլ պահում ենք մեր սրտի մի փոքրիկ անկյունում:

Տատիկն ու պապիկը առիթների ժամանակ միշտ երգում էին: Երգում էին տխուր երգեր, որոնք ինձ դուր չէին գալիս: Հիմա երազում եմ գեթ մի անգամ լսել նրանց ձայնը: Իմ հիշողության մեջ տատիկն ու պապիկը որպես վառ աստղ միշտ շողում են: Երբեք նրանց չեմ ասել, թե ինչ կարևոր դեր են կատարում իմ կյանքում: Երբեք: Ու ինչքա՜ն եմ ափսոսում: Ու ինչքա՜ն կուզեի, որ մի սարք լիներ, ինձ տաներ հասցներ երկինք, նրանց մոտ, որ ամուր գրկեի ու ասեի, որ շատ եմ սիրում, ասեի, թե ինչքան եմ զգում իրենց կարիքը, ինչքան կուզեի կողքիս լինեին: Մի փունջ բարություն, լույս ու ջերմություն հետ կբերեի ինձ հետ:

«Կյանքում միշտ կորցնում ենք հենց ամենաթանկը»,- ու նորից  Պետրոսյանին եմ հիշում:

Կորցնելով քեզ թանկ մեկին դու պարտավորվում ես ապրել երկու կյանքով՝ քո և նրա, ում կորցրել ես: Պետք է ապրես հանուն նրա, նրա երազանքներով, ցանկություններով ու նպատակներով: Պետք է շարժվես առաջ` նրան պահելով սրտումդ: Պետք է հասնես բարձունքների, որ նա, երկնքից  դիտելով Քեզ, հպարտանա:

Տատիկը երգում էր. «Ճամփորդ ե՜մ»…

Պապիկն էլ շարունակում. «Ճա՜մփիդ ղուրբան»:

Հետ Գրություն. Եկեք բարություն սփռենք այսօր աշխարհում: Ասացեք ձեզ սիրելի մարդկանց, որ սիրում եք նրանց: Ասեք, քանի ուշ չէ, քանի դեռ ունեք դրա հնարավորությունը: