anna baghdasaryan lori

Կորցրած կամ գտած վերարկուի մասին

Բարև։ Երևի այնքան չէիր հանդիպել նկարիս, որ դեմքս էլ էիր մոռացել։ Ամբողջ ուսումնական տարին տենչում էի այս ժամանակները, որ տանը հանգիստ նստեմ, թեյեմ ու գրեմ։ Եկավ այդ պահը, ճիշտ է՝ ամեն ինչ վերը նշվածից այլ կերպ դասավորվեց, ու ես հիմա ո՛չ նստած եմ, ո՛չ էլ թեյում եմ, բայց կարևորը՝ գրում եմ, թեկուզ պառկած ու գիշերվա տասը հազարին։ Էս ընթացքում ինչ եղավ, ես իմ մտքում գրեցի ու իմ մտքում ուղիղ երթով ուղարկեցի 17-ին, բայց ոչ մեկը թղթին չհանձնեցի։

Երկրաշարժի մասին եմ ուզում մի բան պատմել՝ հուզիչ ու շատ հետաքրքիր։ Մեր պատմության ուսուցչուհու մասին է։ Այս պատմությունը, երկար ճանապարհ անցնելով, հասավ ինձ։

Երկրաշարժի նախորդ օրը՝ 1988-ի դեկտեմբերի 6-ին, նրան արտերկրից մի վերարկու էին ուղարկել։ Ասում է՝ շատ էր հավանել, շատ գեղեցիկ էր, հենց հաջորդ օրը հագավ ու դպրոց գնաց, երրորդ դասարան էր։ Երբ առաջին ցնցումը եղավ, սարսափահար եղած, անգամ դեռ չհասկանալով, թե ինչ է կատարվում՝ արագ դուրս եկան դպրոցից։ Ու երկրորդը եղավ։ Վերարկուն մնացել էր դասասենյակում։ Չորս կողմը քաոս էր, խառնաշփոթ, փոշի։ Գիտեր, որ պետք է հետ դառնար ու վերցներ վերարկուն։ Նա անընդհատ ուզում էր հետ դառնալ, որովհետև այնքան էր հավանել այն, որ չէր նկատում, թե ինչ է շուրջը կատարվում։ Խուճապահար դուրս վազող աշակերտներից մեկը նրան հետ հրեց.

-Այդ ո՞ւր, գժվե՞լ ես, քարերը թափվում են, դուրս արի։

Փորձեց տուն վազել ու հասկացավ, որ դպրոցի հարևանությամբ գտնվող շենքերից մեկի փոխարեն փոշի է։ Հետո հիշում է՝ հայտնվեց մոր գրկում։ Այդ օրն իր համար մի տղայի վերարկու բերեցին։ Մի քանի օրից տեղափոխվեցին արտերկիր։

Անցավ երկու ամիս, հետ եկան։ Քաղաքը վերակենդանանում էր, ավերակների կողքին ավտոտնակներ էին։ Եվ ահա, նա գնում է երաժշտական դպրոց։ Միջանցքում մի աղջիկ է կանգնած՝ իր վերարկուով։ Ամեն օր տեսնում ու միշտ որոշում է հաջորդ անգամ մոտենալ ու հարցնել՝ որտեղի՞ց այս վերարկուն, ու էլի չէր համարձակվում…

Ասում է․

-Հիմա նոր հասկանում եմ, որ երկրաշարժը փշրեց իմ և սերնդակիցներիս անհոգ ու ապահով մանկությունը։ Ինձնից խլեց իմ ամենասիրելի հագուստը, Աստված իմ, իսկ ի՞նչ ասեն այն մարդիկ, ովքեր կորցրին մորը, հորը, եղբորն ու քրոջը: Թող որ երբեք էլ ազգս այդպիսի դառնություն չտեսնի, և մեր կորցրածը լինի սիրելի վերարկու, այլ ոչ թե սիրելի մարդ: