Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Կրակների միջով դեպի հասունացում

Չգիտեմ, ուրիշ վայրերում կա՞ այս՝ կարելի է ասել, տարօրինակ, բայց զվարճալի սովորությունը թե ոչ, բայց Ճամբարակում Նոր տարին նոր տարի չի լինի, եթե դեկտեմբերի 31-ի գիշերը փողոցներում չտեսնես մի խումբ մրոտ դեմքերով պատանիների և ծխի մի մեծ ամպ: Չգիտեմ, ձեր մտքով ինչ անցավ, բայց ես խոսում եմ անիվ վառելու մասին:
Հայրս պատմում է, որ իրենք բարձրանում էին բարձր սարեր, որպեսզի բոլոր տեղերից տեսանելի լինի, և նույնիսկ այդ անիվներով տվյալ տարվա տարեթիվն էին գրում և վառում, պատկերացնում եմ` ինչ գեղեցիկ է եղել: Քեռուս տղան, ով 23 տարեկան է, պատմում է, որ իրենք անիվները վառում և սարերից գլորում էին, իսկ ահա եղբայրս, ով 12 տարեկան է, այս տարի առաջին անգամ մասնակցեց այդ «պատվավոր» արարողությանը, սակայն նա և իր ընկերները այս տարի բավարարվել էին միայն քաղաքի ոչ այնքան բանուկ վայրում դրանք վառելով: Ինչպես նկատում եք, այդ ավանդույթի «էվոլուցիան» մի քիչ հետ է ընթանում, բայց ամեն դեպքում չի կորցնում իր արդիականությունը:
Ինչպես նշեցի, եղբայրս առաջին անգամ այս տարի էր մասնակցում: Նա և իր ընկերները սեպտեմբերից արդեն սկսել էին անիվների «որսը»: Անիվներ էին բերում ամենահավանական և անհավանական վայրերից: Դեկտեմբերի 31-ին Դավիթը դուրս եկավ տնից մեծ ոգևորությամբ և վերադարձավ… Լավ, նրա վերադարձը պատմեմ մի քիչ մանրամասն: Նա բացեց տան դուռը, բոլորիս հայացքները կանգ առան նրա վրա: Բոլորս մտածում էինք, որ ամեն դեպքում մենք տնից ճանապարհել էինք սպիտակամորթ Դավիթի, բայց այժմ մեր առջև կանգնած էր սև դեմքով մեկը: Անզուսպ ծիծաղը պատեց բոլորիս: Եղբայրս զարմացած գլուխը թեքեց այն կողմը, որտեղ հայելին էր դրված, հայացքը իրենից փախցրեց, և երևի իր սեփական տեսքը չճանաչելով, անջատեց քիչ առաջ միացրած լույսը: Վազեց լոգարան ու դուռը փակեց, սակայն նրա ամեն շարժումը մայրիկի համար դաժան փորձություն էր, քանի որ ինչին կպնում էր, թողում էր իր սև հետքը: Երկար համոզելուց հետո կարողացա գոնե մե անգամ նկարել նրան, և ամեն անգամ այդ նկարին նայելով, երևի նա կհիշի իր առաջին մասնակցությունը այդ ամանորյա զվարճանքին: