emma miqayelyan-2

Կրթական բարեփոխումներ դպրոցական համակարգում

Հարցումն անցկացվում է Հրազդանի դպրոցներում, որտեղ պատանիները հույսով սպասում են բարեփոխումների: Մենք բարեփոխումները սկսում ենք մեր դպրոցից, մեր տեսակետներով և առաջարկներով:

-Ի՞նչը կփոխեիք ուսումնական ծրագրերի մեջ և առհասարակ, դպրոցական համակարգում:

-12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի քննությունները (Աննա Խաչատրյան, 17տ., 11-րդ դասարան): 

-Կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչ մի բան (Դավիթ Ալավերդյան, 17տ., 11-րդ դասարան): 

-Ոչ մի բան (Պետրոս Հովհաննիսյան, 17տ. 11-րդ դասարան): 

-Դասապրոցեսը՝ դասերը անցկացնելու ձևը (Մարգարիտա Հովհաննիսյան, 17տ., 11-րդ դասարան): 

-Դպրոցում համազգեստ կմտցնեի, որ ամեն օր չմտածեմ՝ ինչ պիտի հագնեմ (Լիլյա Հակոբջանյան, 16տ., 10-րդ դասարան):

-Ռազմագիտության ժամին աղջիկներին առաջին բուժօգնություն կհանձնարարեի սովորեն, զենքի կառուցվածքը մեզ պետք չէ (Լիլիթ Ստեփանյան, 16տ., 11-րդ դասարան): 

- Ձմռանը ֆիզկուլտուրայի ժամերին դահուկ, չմուշկ քշել կսովորեցնեի երեխաներին, արտադասարանական պարապմունքներ կմտցնեի (Վերգինե Սարգսյան,17տ.,11-րդ դասարան): 

-Ավագ դպրոցը կհանեի, որ երեխաները ուրիշ դպրոցներից չհավաքվեն մի տեղ (Արծվիկ Երեմյան, 54տ., ուսուցչուհի):

-Դպրոցում բանավոր քննություն չլինի (Նարեկ Բաբայան, 16տ.,10-րդ դասարան): 

-Դպրոցում համաշխարհային գրականություն կմտցնեի, կյանքին պատրաստող դասեր կտայի երեխաներին (Վիկտորիա Աբաղյան, 44տ., ուսուցչուհի): 

-Գնահատման համակարգը 5 միավորանոց կդարձնեի, ավելի հեշտ կլիներ համ մեր, համ ուսուցիչների համար (Անի Հովհաննիսյան, 18տ., 11-րդ դասարան): 

-Երեխաներին անտեղի վիրավորող դասատուներին կհեռացնեի: Դպրոցներին կտրամադրեի ավտոբուսներ, որովհետև շատ երեխաներ կան, ովքեր շատ երկար ճանապարհ են կտրում անցնում, որ հասնեն դպրոց (Սոնա Մարտիրոսյան, 17տ., 11-րդ դասարան):

-Դպրոցական համակարգում ոչ մի բան, բայց դպրոցում պատերը կփոխեի (Լևոն Մանուկյան, 16տ., 10-րդ դասարան):

-Ով ինչ առարկա ցանկանում է՝ թող դրանք սովորի, ոչ թե բոլորը (Մելինե Մարտիրոսյան, 17տ., 11-րդ դասարան):

-Ամեն առարկայից երկու դասագիրք կտայի երեխաներին, որ մեկը թողեին դպրոցում, մեկը՝ տանը (Շուշան Ստեփանյան, 17տ., 2-րդ կուրս):

-Դասամիջոցները 10 րոպե, երկար դասամիջոցը՝ 20, իսկ դասաժամը 35 րոպե կսարքեի (Գոհար Հարությունյան,17տ., 11-րդ դասարան):

-Դպրոցը կսարքեի 11 ամյա, բուհերն էլ անվճար (Անժելա Սարգսյան, 18տ., 12-րդ դասարան):

-Դպրոցների գրադարանների գրքերի պաշարը շատ քիչ է, կշատացնեի (Վերգինե Ստեփանյան, 15տ., 9-րդ դասարան):

-Ավագ դպրոցը կհանեի, որովհետև չի տալիս այն գիտելիքը, որով ես կարողանամ համալսարան ընդունվել առանց մասնավոր պարապելու: Երեք տարի 7-րդ, 8-րդ, 9-րդ դասարանների առարկաների կրկնությամբ ենք զբաղված (Ալիսա Մկրտչյան,17տ., 11-րդ դասարան):