Կրթական հեղափոխության շաբաթ

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Փետրվարի 4-12-ը Հնդկաստանում մասնակցում էի Kids Education Revolution կրթական շաբաթին: Նպատակը մեկն էր՝ համախմբել աշակերտներին և ուսուցիչներին տարբեր երկրներից և քաղաքներից, և փորձել «վերապատկերացնել» կրթությունը: Երբ իմացա, որ ընտրվել եմ, շատ ուրախացա և անհամբեր սպասում էի թռիչքին: Եկավ այդ օրը: Առաջին անգամ մեկնելու էի երկրից ու մեծ սպասումներ ունեի: Ինքնաթիռով թռչելը, ականջները փակվելն ու գերհոգնած լինելը նոր էին ինձ համար: Երբ հասանք Մումբայ, ժամային գոտին էլ փոխվեց, ու բոլորին ծանոթ մշակութային շոկի փոխարեն մենք ավելի շատ տարանք եղանակային և ժամային շոկ:

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Օրերը շատ հետաքրքիր էին անցնում: Հնդիկ, մեքսիկացի, ռուս, ամերիկացի աշակերտներ, մենթորներ ու հիանալի կազմակերպչական թիմ: Հնդկական և հայկական պարեր, բանավեճեր, քննարկումներ, հայերեն բառերի դասավանդում մեր հնդիկ ընկերներին ու շատ-շատ կծու ու բազմազան ուտելիքներ, խաղեր ու ինքնաբացահայտման օրեր․ ահա, սրանցով էին լցված մեր օրը: Հնդիկները շատ բարի էին, ընկերասեր ու հյուրասեր, մենք շատ նմանություններ գտանք մեր կենցաղներում:

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Բայց ծրագրային վերջին երկու օրերը ամենասպասվածն էին: Գագաթնաժողով, որին մասնակցում էին 500 և ավելի ուսուցիչներ և աշակերտներ միևնույն հարթակում, քննարկում էին կրթական հարցերը և փորձում նոր մեթոդներ գտնել ու կիրառել կրթական համակարգը փոփոխելու համար: Այս վերջին երկու օրերի ընթացքում հատկապես հասկացա, որ կրթական խնդիրները իրոք շատ նման են ու կարող են ունենալ լավ լուծումներ, ուղղակի պետք է ժամանակ և տրամադրվածություն: Իսկ ամենավերջին օրը այցելեցինք Aatman academy, որտեղ աշակերտներին պատմեցինք մեր երկրի, մշակույթի մասին: Իսկ թե ինչպես էին նրանք փորձում գտնել Հայաստանը քարտեզի վրա, ֆիքսեց իմ տեսախցիկը:

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Այս օրերը տպավորիչ և անմոռանալի էին ինձ համար: Ես տեսա ապագան կերտողներին, լսեցի հիանալի գաղափարներ, ձեռք բերեցի զանազան հմտություններ, որոնք համոզված եմ, որ կիրառելու եմ, ոգեշնչվեցի ու հիմա պատրաստ եմ բերելու իմ բաժին փոփոխությունն իմ շրջապատում:

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Ճանապարհորդության՝ փոքրիկ տուրերի մասին

Մենք քիչ ազատ ժամանակ ունեինք, բայց այս ընթացքում հասցրինք Մումբայի հյուսիսից գնացքով հասնել հարավ ու մի քանի վայրեր այցելել: Այցելեցինք այն տունը, որտեղ ապրել է Մահաթմա Գանդին, տեսանք Հնդկական օվկիանոսի անսահման գեղեցիկ մայրամուտը ու մայրամուտի տակ՝ բարձրահարկ շենքերը:

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Տեսանք նաև այն լվացքատունը, որտեղ աշխատում են 5000 մարդիկ: Եղանք Gateway of India-ում, տեսանք շատ շքեղ շինություններ և իհարկե, հնդկական հարսանիք, որին միայն ֆիլմերից էինք ծանոթ: Իրականում այն ավելի ուրախ էր ու աղմկոտ: Չնայած շատ աղմուկին ու աղտոտվածությանը, որոնք ես տանել չեմ կարողանում, ես սիրեցի Հնդկաստանը: Հուսով եմ՝ նորից բախտ կվիճակվի լինել այս երկրում: