arman mkrtchyan

Կրկնվող ցիկլը

Երբ մասնագիտական կողմնորոշումդ դառնում է համանուն հիվանդություն, իսկ մասնագիտությունների մասին պատմող հոլովակներ նայելը կամ նյութեր կարդալը՝ ռեֆլեքս, ապա դու իմ պես հաջողությամբ ընկել ես անվերջ նեղացող պարույրի մեջ: Պարույրը նեղանում է քո՝ մասնագիտություն ընտրելու ժամանակի փոքրանալուն զուգընթաց: Եվ ինչպես ասում են՝ чем дальше, тем больше։ Քանի որ ինֆորմից սկսել ես գլուխ հանել, մտովի ստեղծում ես ալգորիթմ՝ իր ցիկլով, որում ամեն օր X-ին (X- ը դու ես ապագայում) տալով որևէ արժեք՝ մասնագիտություն, հաջորդ օրը նրան կրկին տալիս ես 0, քանի որ նրանցից հիասթափվել ես, կամ ավելի վատ՝ բացասական արժեք: Մյուս օրը X-ին կրկին տալիս ես որևէ նախնական մասնագիտություն, կարդում դրա մասին այնքան, որ հիասթափվում ես, կամ ընդհակառակը, տարվում դրանով, սուզվում ապագայի մասին երազանքներիդ մեջ: Բայց առավելագույնը մեկ շաբաթ հետո, ավելի ու ավելի շատ կարդալով կամ լսելով այդ մասնագիտության մասին՝ սկսում ես ակամա գտնել դրա թերությունները, որոնց թեկուզ չնչին լինելու դեպքում՝ դարձնում ես նոր պարույրի ստեղծման պատճառներ: Բայց այս դեպքում պարույրը լինում է փոքր ու արագ նեղացող:

Մյուս օրը ցիկլը կրկնվում է:

Որոշ ժամանակ անց, երբ վերջնականապես նյարդահան ես լինում այդ ցիկլից, սկսում ես շարժվել վերջերս մեզ մոտ բավականին հայտնի հեղինակի՝ Մարկ Մենսոնի գրքի վերնագրին համապատասխան։

Բայց ցիկլը վերցնում է գերակայությունը գիտակցությանդ վրա ու նեղացնում այն բոլոր պարույրները:

Ու էսպես օրեցօր փորձում ես ամեն խնդիր վերագրել անցումային շրջանիդ ու դեռահասությանդ:

Իսկ ցիկլը քիչ-քիչ տեսլականից դառնում է քո նյութական գերակա բաղադրիչը: