valentina chilingaryn

Հազար ու մեկ գիշերներից

Շատ ուշ էր, երբ ծնողներիս հետ վերադառնում էի տուն:

-Դու ինձ չսովորեցրիր մեքենա վարել: Էս անտերը շատ կարևոր է: Ինչի՞ վատ կլիներ, որ վարել իմանայի: Առևտուրն էլ կանեի, ըըը… Առևտուրն է․․․ Ըըը․․․ Առևտուրն էլ:

Պապան լուռ էր:

-Ես չեմ հասկանում, էս մեքենայի եղածն ի՞նչ է, որ չսովորեցի: Ախր, սա էնքան հեշտ է: Մի կոճակ ես սեղմում, մի ղեկ ես թեքում, մեկ-մեկ էլ էստեղ ես սեղմում, որ ուզում ես կանգնես: Վերջ: Իսկ դու մի օր ժամանակ չգտար, որ ինձ սովորեցնես:

Պապան էլի լուռ էր: Գրողը տանի, ոնց եմ հասկանում նրան:

-Հեսա վաղը դու կգնաս աշխատանքի, ես կփորձեմ վարել քո մեքենան: Էսպես չի կարող շարունակվել, կամ էլ վարորդական դասեր կվերցնեմ ու կգնամ սովորելու: Ես էլ եմ ուզում մեքենա վարել իմանալ, ես էլ եմ ուզում առևտուր անել:

Հանկարծ հայրս անջատեց շարժիչը: Սկզբում ոչինչ չհասկացա, ու նաև` թե ինչի կանգնեցինք, որովհետև շատ հեռու էինք տնից, իսկ մոտակայքում կանգնելու որևէ առիթ չկար:

-Իջի՛ր,- ասաց հայրս մեքենայից իջնելով:

-Ո՞ւր,- հարցրեց մայրս:

-Հենց հիմա սկսում ենք դասերը: Հենց հիմա էդ մի կոճակը սեղմիր, մի ղեկը թեքիր ու մի սեղմակը սեղմիր, երբ ուզես կանգնել: Հենց հիմա:

Ես էլի չէի հասկանում, թե ինչ է կատարվում իրականում, ու էն սերիալի դերասանների պես ուզում էի անընդհատ ասել. «Ոնց որ կինոյում լինենք» կամ «Ոնց որ կյանքս կինո լինի»:

-Հիմա ես պատրաստ չեմ,- լսվեց մամայի արդեն ցածր ձայնը:

-Ի՞նչ է պետք մի կոճակ սեղմելու համար: Դա հեշտ է, սկսիր:

Ես շարունակում էի ծիծաղել, որովհետև երբեք ծնողներիս նման իրավիճակում չէի տեսել: Ու ամենաանսպասելին այն էր, որ մայրս մոտեցավ ղեկին:

-Գոնե գուգլի որոնումների պատմությունը ջնջեի,- բարձր մտածում էի ես,- հեռախոսս ինձ հետ կդնեք, նոթբուքս, գրքերս ու թերմոսս ոչ մեկին չտաք: Հա՜, գրպանիս էն 230 դրամն էլ կտաք ձրիակեր եղբորս, որ վաղը առավոտ չարթնանա ու ամբողջ տան մեջ գոռա, թե հաց ուտելու փող է պետք: Գոնե վաղը թողնի մարդավարի արթնանանք, ը՜, բայց ինչպես միջին վիճակագրական դիակ:

-Վա՜յ դե,- արձագանքեց մայրս:

-Կոճակը չես սեղմո՞ւմ՝ գնանք:

-Պապ, մաման կատակ էր անում: Ախպերական, քշի գնանք, ես փոշմանեցի, էն 230 դրամն էլ չարժի էդ ձրիակերին տալ:

-Չէ, ես կսպասեմ,- պատասխանեց հայրս:

Մաման նստեց ղեկին, հայրս արագ մյուս կողմից նստեց կողքը: Գրողը տանի, 230 դրամս:

-Գնո՞ւմ ենք,- հարցրի ես:

-Ոչ, սկզբից պետք է կապենք ամրագոտին,- սկսեց ժամանակ շահել մայրս:

-Կապեցինք,- պատասխանեց հայրս:

-Ես էլ կապե՞մ,- հետևի նստարանին նստած՝ կրկին հարցրի ես:

-Դու էլ կապիր, նոր կգնանք,- ասաց մայրս կրկին ժամանակ շահելու ցանկությամբ:

Ինձ համար ամեն ինչ ավելի բարդ էր թվում, քան կյանքը սերիալի դերասանների համար: Մայրս, ով կյանքում լվացքի մեքենայից բացի ուրիշ ոչինչ չէր վարել, հիմա նստած էր ավտոմեքենայի ղեկին, ու մեզ պատրաստվում էր տուն հասցնել: Անցյալում մնացին բոլոր տնայինները, որոնք րոպեներ առաջ հանձնարարեց դասախոսս: Կարծես մորս ներշնչած լիներ Պաուլո Կոելյոն, ով ասել էր՝ եթե մի բան ես ուզում, ողջ տիեզերքն է նպաստում ցանկությանդ իրականացմանը: Բայց էս անգամ ոչ տիեզերքն էր մայրիկին փրկելու, ոչ էլ ալքիմիկոսը, որովհետև ոչ մի կոճակ էլ չկար:

-Բա չես սեղմո՞ւմ՝ գնանք:

-Չէ:

Ողջ ճանապարհին մտածում էի՝ ինչքան խենթ են ծնողներս, ինչքան սիրուն ու ինչքան հետաքրքիր: Մտքերս հօդս ցնդեցին, երբ տուն հասնելուն պես նկատեցի նոր դրամահավաք սկսած փոքրիկ եղբորս:

-Հիմա ի՞նչ ես անում:

-Դու փակվիր, կասեմ:

Փոքրիկ աբորիգենը ուշադիր նայում էր մայրիկի ու հայրիկի հոգնած ու մտազբաղ դեմքերին.

-Ես մի բան եմ հասկացել:

-Ի՞նչ,- միաձայն հարցրին ծնողներս:

-Թե ով է ձեզանից շատ աշխատում:

-Ո՞ւ,- հարցրի ես:

-Պապան ամեն օր աշխատավայրում իր համար հանգիստ նստած աշխատում է, իսկ մաման տանը ամբողջ օրը գործ է անում, բայց ոչ մի վարձատրություն չի ստանում: Չնայած, ասում է, որ իր վարձատրությունը մեր սերն ու ջերմությունն է: Մաման ավելի շատ է աշխատում, քան պապան:

-Ո՞ւ- էլի հարցրի ես:

-Ու դրա համար էսօր միայն պապան կտա վաղվա հաց ուտելու գումարը:

-Միայն այսօ՞ր,- ոգևորված հարցրեց մայրս:

-Մեր կազմակերպությունը միայն այսօրվա համար է հաշվարկներ անում, վաղվա օրը այլ հաշվարկ է,- խիստ գործնական տոնով պատասխանեց փոքրամարմին աբորիգենը:

Իսկ Մարկեսը պատուհանից նայելով լուռ ժպտում էր, ասելով.

-Սեր եմ ասել, է…