satenik

Հազար պատմություն մի ընտանիքում

Գալստյանների ընտանիքում տնային կենդանիներ պահելը դարձել է արդեն սովորույթ: Տան պայմաններում տարբեր տեսակի կենդանիներ՝ աղավնի, ճագար, բադ, շուն, կատու, ձկներ, պահելը սովորական երևույթ էր: Մի խոսքով՝ կենդանաբանական այգի: Ամեն ինչ սկսվեց մոտ 20 տարի առաջ՝ գարնանը: Մի օր պապս մի շան ձագ գրկած մտավ տուն: Բնականաբար շուն պահելը՝ այն էլ բնակարանում, այդքան էլ հեշտ չէ: Դե իհարկե, շանը անուն էր պետք: Այդ ժամանակ հեռուստացույցով ընթանում էր բրազիլական սերիալ, որի գլխավոր հերոսուհու անունն էլ հետագայում դարձավ շան անունը: Շանն անվանակոչեցինք Մալու: Դե հա՜, ամեն մի սկիզբ ունի նաև վերջ, բայց այս անգամ վերջը մոտեցավ շատ շուտ: Մեկ տարի անց Մալուն հիվանդացավ և սատկեց: Մեծ հանդիսավորությամբ պապս «հուղարկավորություն» արեց: Այնուհետև պապս տուն բերեց բադ՝ Սիմային: Շուն, կատու, ձուկ, բայց բա՞դ: Ընտանիքի անդամները դեմ էին, այդ իսկ պատճառով Սիման բնակություն հաստատեց ավտոտնակում: Սիման արդեն սովորել էր իր նոր, բայց տարբերվող ընտանիքին: Պապս կանչում էր.

-Սիմա՜,- բադը լսելով իր անունը տնգտնգալով մոտիկ էր գալիս: Մուրզիկ. այս բառն ասելիս Գալստյանները հիշում են իրենց երկար տարիների ընկերոջը: Օրերից մի օր՝ մոտ տասնհինգ տարի առաջ, Գալստյանների տան առջև մի փոքրիկ փիսիկ էր նստել և մլավում: Իր ոտքով եկավ և հիմքը դրեց երկար տարիների պատմության: Սկզբում ոչ ոք չէր մտածում, որ կատվին պետք է պահեն տանը: Նախ կերակրեցին, մի քիչ խաղացին հետը, եկավ ժամանակը, որ պետք է հրաժեշտ տային՝ մտավ պապս և ցանկացավ լրացնել «կենդանաբանական այգու» կենդանիների ցուցակը:
Մուրզիկի գլխով շա՜տ բաներ են անցել: Օրինակ՝ եղբայրս պատուհանից նետել էր նրան, որպեսզի համոզվի, իսկապե՞ս կատուները յոթ կյանք ունեն: Մուրզիկը ապրեց մեր ընտանիքում և կիսեց մեզ հետ մեր տխուր և ուրախ օրերը:
Պապս մեզ սովորեցրեց սիրել մեր կրտսեր եղբայրներին` կենդանիներին և հոգ տանել նրանց մասին: Հիմա մենք այլ կերպ չենք պատկերացնում: