Հաղթանակա՛ծ ապրիլ, գարունդ նորից կծնվի

Լույս, խավար, լույս, խավար․․․

Խավարասերը, իր վախկոտ բնավորությանը հավատարիմ մնալով, փորձեց կրկին իր սև գործն անել։

Հերթական սովորական օրերից էր։ Դպրոցում դասի էինք, երբ հանկարծ ամեն ինչ մի վայրկյանում փոխվեց։ Լուր տարածվեց, որ պատերազմ է սկսվել։ Մենք դեռ այդքան էլ չէինք գիտակցում, թե ինչ է կատարվում, բայց մեր ուսուցիչները լավ գիտեին, որովհետև արդեն մեկ անգամ անցել էին դրա միջով։ Դասերն ավարտելուց հետո տուն գնացինք։ Ամբողջ քաղաքն էր արդեն պատերազմի մասին խոսում։ Անգամ լսում էինք, որ մի քանի ժամ առաջ կամավորական ջոկատներ են Արցախ մեկնել։ Փողոցում ամեն ինչ հանդարտ էր, բայց մարդկանց նայելիս կարելի էր միանգամից հասկանալ, որ անասելի անհանգիստ ու լարված էին։ Այդ օրը կիթառահարների մեր փոքրիկ խմբով առաջին անգամ պետք է նվագեինք։ Նվագեցինք, բայց․․․ Փոքրաթիվ հանդիսատեսը, որ կանգնած էր, ջանում էր ոգևորել մեզ, բայց յուրաքանչյուրիս էլ այդ պահին մի հարց էր տանջում՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ հանկարծ սկսվեց այդ ամենը, ինչպե՞ս էին զինվորները, շա՞տ են զոհերը, ի՞նչ է լինելու վերջում, ե՞րբ է ավարտվելու ամեն ինչ։

Մայրիկիս հետ տուն էինք վերադառնում, երբ բակում հանկարծ մի քանի րոպե քարացա տեղումս․ երբեք այդքան բարձր դղրդոց չէի լսել։ Հարցրի մայրիկիս, թե ինչ է կատարվում, ու նա ասաց, որ տանկերն են պատերազմի գնում։ Անհավատալի էր, բայց մեզնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էին գտնվում այդ տանկերը։ Նրանց ձայնից կարծես ողջ քաղաքը ցնցվում էր։ Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էի անթարթ հայացքով մտապահում այդ ձայները։ Ես ոչ միայն անսպասելի վախից, այլև զարմանքից էի քարացել։ Չէի կարողանում հավատալ, որ այդ ամենն իսկապես կարող է իրականություն լինել։ Ախր մենք պատերազմի մասին միայն գրքերում էինք կարդացել։ Մայրիկս այդ պահին մի փոքր ավելի սառնասիրտ էր, չէ, ոչ թե սառնասիրտ, այլ փորձառու։ Նա արդեն երկրորդ անգամ էր տանկերի ձայնը այդչափ բարձր լսում։ Նա երկրորդ անգամ էր պատերազմական այդ իրավիճակին ականատես լինում։ Տուն հասնելուց հետո ընկերներով անընդհատ քննարկում էինք իրավիճակը, իրար հարցնում, թե ինչ նորություն կա։ Ոչ մի վայրկյան հեռուստացույցի էկրաններից չէինք կտրվում, որովհետև ամեն վայրկյան լուրերի էինք սպասում։ Շուտով սկսեցին հերթով մեր զոհերի մասին հայտարարել։ Նրանց նկարներն էին ցույց տալիս, պատմում նրանց մասին։ Ժամ առ ժամ, օր օրի անուններն ավելանում էին, ու չնայած՝ մեծամասնությանն անձամբ չէինք ճանաչում, մեր արցունքները չէինք կարողանում զսպել։ Չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը լույս էր, կյանք։ Հերթը հասավ նաև մեր քաղաքի՝ Կապանի հերոսներին։ Ամբողջ քաղաքն էր սգում։ Նրանցից երկուսի թաղման օրը, երբ ամբողջ քաղաքն էր ճանապարհում, մենք աշակերտներով հավաքվել էինք դպրոցի բակում։ Երբեք մեր բակը այդքան լռակյաց չէր եղել․ անգամ շշուկ չէր լսվում։ Բոլորս մեր արցունքներոը խեղդելով կամ էլ հուզվելով, ափսոսանքով նայում էինք այդ դաժան, սիրտ կրծող, ցավալի տեսարանին։ Չէ՞ որ այդ հերոսներից յուրաքանչյուրը լուսավոր երազանքներ, նպատակներ ուներ։ Պատերազմական այդ օրերին բոլորիս կյանքը կարծես գլխիվայր շուռ եկած լիներ։ Անտանելի անհանգստություն, անբացատրելի իրադարձություններ, անդադար հարցեր, ափսոսանքով նայող հայացքներ, անմեղ զոհեր, անբուժելի ցավ, անջնջելի հիշողություններ, աննկարագրելի խորը վերք, որը դեռ շատ երկար, գուցե և երբեք չսպիանա։

Մենք, որ սահմանին կանգնած չէինք կռվում, այսպիսի զգացողություններ, ապրումներ ենք ունեցել։ Իսկ ի՞նչ են զգացել այդ րոպեին սահմանին կանգած զինվորները, որոնք իրենց ընկերների մահն են տեսել, որոնք պայքարել են, որոնք զգացել են պատերազմի դառը համը։ Կարծում եմ՝ բառերը քիչ կլինեն անգամ նկարագրել փորձելու համար։ Շատ պատանիներ ժամանակից շուտ հասունացան, սկսեցին շատ խորը ընկալել ու հասկանալ, թե ինչ է հայրենիքը, ընկերությունը, հայրենասիրությունը։

2016թ․-ի ապրիլը տպվեց բոլորիս հիշողության մեջ։ Ցավալի է, երբ մարդկային կյանքը ժամանակից շուտ է ընդհատվում։ Որքան էլ փորձում ենք ցույց տալ, որ կյանքը շարունակում է իր բնականոն ընթացքով շարժվել, այնուամենայնիվ, պարզից էլ պարզ է, որ շատ բան է փոխվել։ Յուրաքանչյուրս էլ ժամանակ առ ժամանակ առանձնանում ենք ինքներս մեզ հետ՝ սկսելով անդադար հարցեր տալ ու պատասխաններ գտնել։ Պատասխանների մեծ մասը այդպես էլ չենք ստանում ու, երևի թե, դա բնական է։ Ուղղակի պիտի համակերպվենք այն փաստի հետ, որ պատերազմը միշտ էլ զոհեր է պահանջում։ Հիշողությունները երբեք չեն լքի ու ցավ կպատճառեն հենց այն պատճառով, որ ընդամենը հիշողություն են։ Կյանքը գուցե ամեն վայրկյան է փոխվում, բայց կան արժեքներ, որոնք մնայուն են։ Խաղաղությունը բացարձակ արժեք է և ցանկալի կլինի, որ օրերից մի օր կարողանանք վերջնականապես հասնել դրան։ Իհարկե, ասածս մի փոքր անհավանական է հնչում, բայց պետք չէ հուսահատվել։ Շնորհակալություն բոլոր նրանց, ում շնորհիվ մենք այսօր մեր ամենօրյա կյանքն ենք ապրում։

Խավարասերը, իր վախկոտ բնավորությանը հավատարիմ մնալով, փորձեց կրկին իր սև գործն անել, բայց չգիտեր, որ չի կարողանալու հաջողել։ Ախր նա այնքան վախկոտ է ու այսքան տարիների ընթացքում այդպես էլ չի հասկացել, որ լույսը միշտ է հաղթում խավարին, միշտ։

Լույս, խավար, լույս, խավար, լույս։