IMG_20201003_205828_913

Հաղթանակից ժամեր առաջ

Աստծո 7-րդ օրն է, ինչ երկինքը եռագույն է հագել։ Սահմանին՝ ամեն խրամատում հայոց որդոց ուժն ու խելքն է, ամեն հայ մոր աչքին որդու պատկերն է, իսկ ականջին՝ զրնգուն ձայնը։ Ամեն օջախում, ամեն կտուրի տակ, ամենքի սրտում միայն հպարտություն ու ցավ է, իսկ ահա ամեն արցունքիս մեջ էլ աղոթքի մի տող է։ Թերևս այս անավարտ շարքն ավարտվեց, բայց կասեմ, հոգուս խոսքը նոր պիտի թրծեմ…

Ես ՀԱՅ եմ, հայ եմ ծնվել դեռ էն սկզբից, ու դեռ մորս արգանդում ես ծովից ծով հայրենիք էի ստեղծում իմ մեջ, ու այն թրծում որպես մի կամքի դեսպան, ու երբեք չնահանջող իմ սրտում այն պահում որպես ոսոխի դեմ կռվող մի մարտիկ՝ հայի արյունով ու խելքով։ Շատ շուտով քսանս կբոլորեմ ու իմ խռոված հոգում դեռ պահում եմ այդ անխռով մարտիկին՝ Հայաստանիս։

Լսի՛ր, քեզ մի բան ասեմ, հիմա ամեն բջջիս մեջ մի հայրենիք ունեմ՝ հզոր ու անկոտրում, բայց լավ իմացիր, հայրենիքի համար պետք չէ գոռալ ու կոկորդ պատռել, ուղղակի այն ունեցիր ներսումդ, ու ուղղակի կերակրիր այն աղոթքով ու հավատով, ու մի օր էլ կտեսնես, որ սահմանին կանգնած կռիվ է տալիս ու արյուն թափում։ Քանի՜ հայրենիքներ ունենք հիմա սահմանին կանգնած, հաշվե՞լ ես։ Մինչ դու հաշվես, ես կասեմ. ես այնքան թա՜նկ հայրենիքներ ունեմ հիմա կանգնած սահմանին, որ հաստատ ինչ էլ լինի, Հայաստանի վիզը ծուռ չեն թողնի։

Ես լավ եմ հիշում. Ապրիլյանի ժամանակ 9-րդ դասարանում էինք ու հանդարտ նստած էինք դասի, երբ սահմանից ձայն լսվեց։ Ու հա՜, մենք չէինք էլ պատկերացնում, որ մի քանի տարի անց մեր կողքին նստած տղերքը կանգնելու են Ապրիլյանի տղերքի կողքին ու հայրենիք պաշտպանեն։ Նրանք իմ մանկությունն են, իմ պատանեկությունը, ու մի խոսքով ասած՝ իմ մանկությունը պատանեկությանս ձեռքը բռնած՝ գնացել է հայրենիքը պաշտպանելու։ Նրանք հերոս են ինձ համար, ու հեչ պարտադիր չի, որ մի սխրանք գործեն, որովհետև հայրենիքի համար ոսոխի առաջ կանգնելը արդեն սխրանք է։

Երեկ ակամա ականատես եղա մի պատկերի, որը երբեք չեմ մոռանա։ Մի քաջ զինվոր էր՝ հանգիստ ու խաղաղ տոնով պատմում էր, թե ինչպես էր վիրավորում ստացել արկի բեկորներից, ու չէր էլ զգում, թե իր ուսին հենված մոր հոգում քանի աշխարհներ են փլուզվում, մայրը լուռ էր, բայց հայացքը գոռում էր, իսկ երկնքին հառած աչքերով էլ՝ արդարություն պահանջում։ Մյուս զինվորն էլ մորը կարոտած սրտով, վիրավոր ոտքով սպասում էր ապաքինվելուն, որ նորից վերադառնա ընկերների մոտ, հասնի դիրքին ու անդավաճան զենքին։ Իսկ ահա վերջինը, որի ձայնը մի քանի օր շարունակ մայրը չի լսել, տանկեր է խոցում ու անկոտրում մնում։ «Դե ե՛կ վարդապետ ու մի խենթանա»,- ճիշտ է ասել մեծն Սևակը, իսկ ես ճիշտ կլինեմ, եթե վերջում ասեմ, որ ուղղակի ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։