Հաղթանակի ակնթարթներ

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

-Հերիք ա, աղջիկ ջան, էդ հեռախոսը մի կողմ դիր, էդքան որ նայում ես՝ ինչ-որ բա՞ն ա փոխվելու:

10 օր անընդհատ ես լսում էի այս նախադասությունը: Դե, քանի որ ես աղջիկ եմ ու դպրոցական, ինձ թույլ չէին տալիս գալ Երևան, մասնակցել ցույցերին ու հանրահավաքներին, իսկ դա ինձ համար իրոք սարսափելի էր: Ես հոգով Երևանում էի, ամեն վայրկյան ցուցարարների կողքին կանգնած: Անչափ ուրախանում էի, երբ ուղիղ հեռարձակումով տեսնում էի ընկերներիս, ուրախ էի, որ գոնե նրանք այնտեղ են ու պայքարում են նաև իմ փոխարեն:

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

-Ան, մի բան ասեմ՝ չես հավատա․ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց,- մայրս հայտնեց ինձ հաղթանակի լուրը։

Չեմ հավատում ու սկսում եմ լաց լինել: Մեկ էլ հանկարծ նկատում եմ, որ ես արդեն գնում եմ միանալու տոնին ու ցնծությանը:

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ փոխարեն այդքան պայքարեցին, ու խնդրում եմ, ներեք ինձ, որ ես ձեզ միացա միայն հաղթանակի ժամանակ: