Հաղթում ենք միասին

17-ի թղթակիցներ Անի Ավետիսյանը և Արաքս Ահարոնյանը «Մարզերի գիտակ» մրցույթի հաղթողներ

Լուսանկարը՝USAID Armenia-ի

Լուսանկարը՝USAID Armenia-ի

-Ալո, Անի՞: Մենք արդեն ձեր դպրոցի մոտ ենք: Սպասում ենք, արի:

Գիտե՞ք լույսի արագությունն ինչքան է: Այ, այդ արագությամբ էլ ես անցա տնից դպրոց մոտ մեկ կիլոմետր ճանապարհն ու մի քանի վայրկյանից դպրոցի մոտ էի, որտեղ ինձ սպասում էին ԱՄՆ Միջազգային Զարգացման Հայաստանի Գրասենյակի (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացուցիչները:

Հիմա սկսեմ սկզբից:

Օգոստոսի կեսերին համացանցում կարդացի «Մարզերի գիտակ» մրցույթի մասին, ինչպես միշտ, չկարողացա ինձ զսպել ու որոշեցի մասնակցել:

Յուրաքանչյուր օր նրանց կողմից հայտարարվելու էր մեկ մարզ, որի մասին մենք պետք է գրեինք, ավելի ճիշտ՝ այն մասին, թե ինչը տվյալ մարզում կգրավի զբոսաշրջիկներին: Եվ այսպես՝ տասը օր ու տասը մարզ: Գործի դնելով աշխարհագրությունից և, առհասարակ, Հայաստանի մասին ունեցածս բոլոր տեղեկությունները, փորձեցի որքան հնարավոր  է անկեղծ, անմիջական ու չկրկնվող տեղեկություններ տալ: Փաստորեն ստացվեց: Ուրախ էի, որ մրցանակս ստանալուց իրենք էլ դա նշեցին:

Երբ այլևս չէին մնացել մարզեր, որոնց մասին չէինք գրել, սկսվեց իմ ամենաչսիրած սպասման շրջանը: Բայց  հանուն արդարության նշեմ, որ այս անգամ այն երկար չտևեց:

Եվ… Հաղթող է ճանաչվում: Չէ, է , հաղթող են ճանաչվում Արաքսն ու Անին: Հա, հա, երկուսս էլ 17-ի թղթակից ենք:

Մի քանի օր անց կազմակերպիչներն արդեն կապվել էին մեզ հետ և որոշել՝ Արաքսին հանդիպում են ԵՊՀ-ում, իսկ ինձ հետ՝ մեր դպրոցում: Դե հա, նորից այն զգացողությունը, երբ քեզ համար գալիս են քո գյուղ, քո դպրոց: Այդ զգացողությունն արդեն ունեցել էի Dasaran կրթական ծրագրի ու Pepsi Armenia-ի շնորհիվ: Բառերով բացատրելը մի քիչ բարդ է:

Արդեն նյութերիցս մեկում նշել եմ, որ  նման մրցույթներում ինձ համար կարևորը ոչ թե հաղթանակն է կամ մրցանակը, այլ գնահատված լինելու զգացողությունը: Այս անգամ այդ զգացողությունը կրկնապատիկ անգամ ուժեղ էր:

Անի Ավետիսյան 17 տարեկան
Արագածոտնի մարզ, գ.Ոսկեհատ

***

Մրցույթներին մասնակցելը դարձել է սիրելի զբաղմունքներիցս մեկը։ Փորձում եմ հնարավորինս ստեղծագործ լինել և իմ առջև դրված խնդրի համար գտնել ամենահարմար լուծումը, իսկ թե որքանով է դա ստացվում՝ կարելի է հասկանալ միայն մրցույթի ավարտից հետո։

«Մարզերի գիտակ» մրցույթին մասնակցելը, նախ և առաջ, մեծ փորձ էր՝ առավել խորը կերպով ուսումնասիրելու Հայաստանը, մեր մարզերը, ուշադրության և, իհարկե, այցի արժանի մեր բազմաթիվ տեսարժան վայրերը, պատմամշակութային կոթողները, դարերի պատմություն ներկայացնող կառույցները և այլն։ Անշուշտ, այն, ինչ անում է USAID-ին, մեծապես նպաստում է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը և խթան հանդիսանում մեր մշակութային արժեքները աշխարհին ծանոթացնելու գործում։ Սակայն սա նաև օգնում է տեղացիներին՝  հասկանալու, թե որքան մնայուն արժեքներ ունենք, և ցանկություն առաջացնում՝ դրանք տեսնելու։

Հայաստանը այն երկիրն է, որն ունի պատմություն, իսկ պատմություն ունենալ նշանակում է` ունենալ արժեքներ, իսկ արժեքները պետք է պահպանել, գնահատել և փոխանցել պատմության հաջորդ էջերին։

Հայաստանին անդրադարձ կատարելը հեշտ չէ, սակայն հաճելի գործ է։ Հաճելի է խոսել «սեփականի» մասին, հաճելի է խոսել այն ամենի մասին, ինչը արմատներով կապված է քեզ հետ։ Եվ ես փորձում էի հնարավորինս ճշգրիտ և համակողմանի անդրադարձ կատարել ամեն մարզի։ Եթե անկեղծ, հաղթանակը և մրցանակը չէր, որ ինձ «ստիպում» էր անել դա, զուտ՝ ներքին պահանջը։

ԱՄՆ Միջազգային Զարգացման Գրասենյակը (ԱՄՆ ՄԶԳ) մոտ երկու տասնամյակից ավելի է, ինչ Հայաստանում ղեկավարում է ԱՄՆ կառավարության օժանդակությամբ նախաձեռնված և իրականացված ծրագրերի մոտ երկու երրորդը:

Եվ վերջում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին նման մրցույթի կազմակերպման համար, իսկ առանձնակի շնորհակալություն նրանց բարեհամբույր աշխատակցին՝ Արմինե Կարաբեկյանին:

Արաքս Ահարոնյան  18 տարեկան
Կոտայքի մարզ, գ. Կոտայք