aneta baghdasaryan

Հաղորդակցության արվեստը

08:00, երկրորդ չսիրածս մեղեդին ստիպեց ինձ աչքերս բացել։ Ձեռքս գցեցի, որ անջատեմ այդ զզվելի ձայնն ու մի քիչ էլ քնեմ, մինչև 10 րոպեից կմիանար հաջորդը։ Հեչ հավես չկար դասի գնալու։ Երևի դու էլ ես ամեն առավոտ քեզ մի կերպ պահում դասի չգնալու գայթակղությունից։

08։10, չեմ պատրաստվում անկողինս լքել։ 08։20, քունս տանում ա։ 08։30, է, դե, լրիվ մոռացել էի՝ ֆրանսիացի դասախոսն է էսօր գալու, լավ կլինի չուշանամ, տենաս` կի՞ն է, թե՞ տղամարդ, մենակ թե հետաքրքիր պատմի, թե չէ` կքնեմ, 3 լեկցիա իրար հետևից ո՞նց եմ դիմանալու։ Կարո՞ղ է երրորդ դասից պիտի գնամ։

Չգիտեմ՝ ոնց այդպես ստացվեց, բայց դասացուցակով երրորդ ժամից էի դասի։ Նորից քնել մոտս էլ չէր ստացվի, իսկ այ, պառկած մնալու ու ինստագրամով կատուների ու թխվածքների նկարներ նայելու համար մոտ մի ժամ ունեի։

11։40 արդեն իջնում եմ տրոլեյբուսից, մտնում դահլիճ, որ նստեմ իմ տեղն ու ևս մեկ նստարան զբաղեցնեմ Անուշենց համար։ Ոնց ասեմ՝ տեղս զբաղեցրած էր։ Լսարանի մյուս թևից տեսա ինձ՝ ձեռքով անող հուսահատ Մերիին․ հասցրել էր մեզ համար տեղ պահել։ Դե ինքներդ պատկերացրեք՝ նոր առարկա, նոր դասախոս, ֆրանսիացի, ամենայն հավանականությամբ ցածր ձայնով․ կարևոր էինք համարում այդ առարկան, դրա համար ենթադրում եմ, որ ոմանք մոտ կես կամ մեկ ժամ առաջ դեռ առաջին նստարաններին տեղ էին պահել։

-Էս էլ մեր սևամորթ տղամարդ դասախոսը։

Թեքվեցի աջ ու տեսա շիկահեր մի կնոջ, ով համառորեն պայքարում էր նոր տեխնոլոգիաների հետ։

Դասախոսությունը կարծես թե սկսվում է։

-Ի՞նչ ասեց։

-Չգիտեմ, մենակ լսեցի, որ մի քանի րոպեից կսկսենք։

-Բայց ոնց որ պարզ է խոսում, հա՞։

-Դեռ դասը չի սկսվել, մի նավսի։

Հա, մոռացա ասել, այս կինը առաջիկա երեք օրվա ընթացքում մեզ համար կոմունիկացիայի մասին դասախոսություններ է կարդալու։ Բավականին ակտիվ կին էր, երևում էր, որ սիրում է իր մասնագիտությունը։ Երևի կատարյալ ապուշի տպավորություն թողեցինք, համենայն դեպս առաջին րոպեներից, քանի որ «լավ ֆրանսերեն իմացողները թող ձեռք բարձրացնեն»-ից հետո երևաց 5-6 ձեռք։ Ինչքան էլ դասը ֆրանսերենով է գրված, ու թեև սովորում ենք ֆրանսիական համալսարանում, որոշվեց երբեմն օգտագործել անգլերենը, որպեսզի մնացածը նույնպես հասկանան։

-Ֆրանսերենից հետո չեմ հասկանում՝ ինչ է ասում անգլերենով։

-Ինչի՞ է մեր շարքին անգլերենով հարցեր տալիս։ Ֆրանսերենը նորմալ հասկանում ենք։

-Որովհետև մենք չգիտես ինչու ձեռք չբարձրացրինք։

Երևի երբ սկսեցի այս ամենը պատմել, դու չէիր էլ նկատել, որ նստած եմ քո պես՝ ձեռքս դնչիս տակ, խոսում եմ վստահ և ակտիվ ձայնով։ Իհարկե չես նկատի, ինձ չես տեսնում։ Կարող եմ նույն հանգստությամբ պնդել, որ գլխիս զանգակներով գլխարկ է, կամ որ ձայնս կտրված մի բան եմ փսփսում։

Ինչևէ, դասախոսության կեսից մեզ մարտահրավեր նետվեց՝ չօգտագործել խնդիր բառը։ Ինչպես բացատրեց դասախոսը «Խնդիր գոյություն չունի, կա միայն իրավիճակ»։ Այսուհետ ինքներս մեզ պետք է ստիպեինք «խնդիր» բառը փոխարինել «իրավիճակով»։

13։20, լսարանը դատարկվեց, գնացինք թեյերի, սուրճերի ու բրդուճների հետևից։

12։00, երկրորդ մոտեցում, մի քիչ թարմացած։ Խաբում եմ, քունս դեռ տանում էր։ Հազիվ էի ինձ պահում, որ Մարիամի ուսին չհենվեմ ու չքնեմ։ Էլի տեխնիկական խնդիրներ, վայ չէ, իրավիճակներ առաջացան։ Այս անգամ խոսքը գնաց սեփական բրենդի կառուցման մասին։ Օրինակ, եթե ցանկանում ես, որ մարդիկ կարծեն, թե լուրջ մարդ ես, ապա պետք է քո պահվածքով ու գործողություններով նրան դրանում համոզես, ստեղծես կարծիք, որ դու այդպիսին ես։ Երբեք մտքովս չէր անցել, թե ինչ եմ ցանկանում, որ իմ մասին մտածեն։ Իհարկե կցանկանայի լինել ինքնավստահ ու առաջնորդ, հանճար կամ հավասարակշռված մեկը։ Բայց եթե տեսնես, թե ինչպես եմ վիճակագրական տվյալների հետ վիճում, հռհռում Մարիամի հումորների վրա, կամ էլ լսես դողացող ձայնս անգլերենի պրեզենտացիայի ժամանակ, ինձ կվերագրես վերոնշյալ հատկանիշների հականիշները։

-Էլ չեմ կարող, վաղը ո՞նց ենք 4 հատին դիմանալու, թեյս էլ սառավ։

-Էսա մի 5 րոպեից դասամիջոց ա։

15։30, դանդաղ մահանում եմ՝ Մարիամի հետ պարբերաբար կատուների վիդեոներ նայելով։ Երրորդ մոտեցումը շատ ծանր տրվեց ինձ։ Էլ չէի կարողանում ուշադրությունս կենտրոնացնել դասախոսի ասածների վրա։ Նա պատմում էր ոչ վերբալ հաղորդագրությունների մասին, բացատրում էր, թե ինչպես են դրանք ֆիլտրվում ու հասկացվում լսարանի կողմից։ Այս ամենը հենց նոր հորինեցի, գուցե դասախոսությունը խոսողի ինտոնացիայի կամ էլ ազգային առանձնահատկությունների մասին էր, որտեղի՞ց իմանաս։ Չես տեսնում, թե որ ուղղությամբ են նայում աչքերս՝ աջ թե ձախ, վերև թե ներքև, չես կարող հասկանալ ստում եմ, թե ոչ։ Երբեք էլ չես հասկանա, որովհետև չես տեսնում ինձ։

Վերջապես 16։50, տուն եմ գնում։ Տրոլեյբուսի ուղևորներին ուսումնասիրելու և նոր ստացած գիտելիքներս կիրառելու փոխարեն սառած հայացքով նայում էի հակառակ ուղղությամբ շարժվող ծառերին։

-Լավ, ինչպիսի՞ տպավորություն եմ ցանկանում թողնել մարդկանց վրա։ Ինչպիսի՞ն եմ ես։ Լու՞րջ եմ, թե շփվող, խի՞ստ, թե հարմարվող։ Բարդ որոշում է, թող իրենք դա իմ փոխարեն անեն։