dayana amirkhanyan

«Համայնքը ԵՍ եմ»

Հունվարի 30-ից փետրվարի 5-ը Աղվերանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի

կողմից իրականացվող և Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի»  աջակցությամբ «Համայնքը ԵՍ եմ» համայնքային երիտասարդ առաջնորդների 5-րդ ճամբարը։ Ճամբարին մասնակցում էին Երևանի և  ՀՀ մարզերի համայնքների 35 ակտիվ երիտասարդներ, ովքեր հաղթահարելով առցանց փուլը և հարցազրույցը, հնարավորություն ունեցան 7 օրերի ընթացքում էլ ավելի բարելավել իրենց գիտելիքները, ավելի հմուտ դառնալ իրենց նախաձեռնություններում և ծրագրերում, և իհարկե, ծանոթանալ հիանալի մարդկանց և նախաձեռնող երիտասարդների հետ: Իմ` «17-ամյա 17.am-ցի» նյութի մեջ նշել էի, որ մտահոգ եմ համայնքիս երիտասարդների պասիվությամբ և որևէ բան նախաձեռնելու վախից, և ցանկանում եմ որևէ բան փոխել։  Լինելով 35 հաջողակներից մեկը,  այս  հնարավորությունը պետք է օգտագործեմ, իմ մտքերն ու նախաձեռնություններն իրականացնելու համար։

Ճամբարի առաջին օրը  ծանոթացանք թիմային աշխատանքի սկզբունքներին և խմբային աշխատանքների միջոցով վեր հանեցինք թիմային աշխատանքում հաճախ ծագող խնդիրները։ Ամենակարևոր կետն այն է, որ խմբային աշխատանքի շնորհիվ հասկացանք, թե ինչպես պետք է գործի իրական առաջնորդը թիմում, ինչպես կառուցի արդյունավետ թիմ և սահմանի թիմային ճիշտ նպատակակետեր։

Մենք օրը սկսում էինք  առաջնորդության մասին քննարկումներով ու խմբային աշխատանքներով։ Առանձին խմբերում քննարկում էինք առաջնորդի և ղեկավարի առանձնահատկությունները, նմանություններն ու տարբերությունները: Խոսեցինք տեղական ինքնակառավարման մասին։ Նախ խմբային աշխատանքի միջոցով ուրվագծեցինք կատարյալ ՏԻՄ-ի գործառույթները, ենթակառուցվածքներն ու ծառայությունները, ինչպես նաև բնութագրեցինք իդեալական ավագանուն, համայնքապետին ու բնակչին։ Թեմայի երկրորդ մասում ՏԻՄ հարցերով փորձագետ Վահագն Պետրոսյանը ներկայացրեց ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգը, դրա նախապատմությունը, կառուցվածքն ու ֆունկցիաները։ Դերախաղի միջոցով տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ. քարոզարշավ, հանրային քննարկումներ, քվեարկություն։ Արդյունքում առաջադրված ճամբարական թեկնածուներից ընտրվեց Ռազմիկ Մնացականյանը, որպես Արենավան համայնքի գյուղապետ:

‌Արդեն երրորդ օրն էր, և թեման «Մասնակցային ժողովրդավարությունն» էր։ Օրվա առաջին կեսին ՄԱԶԾ փորձագետներ Վիրջինիա Սեզիլին և Ժաննա Հարությունյանը ներկայացրեցին համայնքային որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիների ներգրավվածության գործիքների կիրառման միջազգային և տեղական փորձերը։ Հաջորդիվ, համայնքների ֆինանսիստների միության նախագահ Վահան Մովսիսյանը ներկայացրեց մասնակցության և հաշվետվողականության կարևորությունը տեղական մակարդակում։ Օրվա 2-րդ մասում  մշակեցինք մասնակցային որոշումների կայացման և մշտադիտարկման նոր մեխանիզմներ։ Քննարկեցինք նաև գենդերային հավասարության և տեղական քաղաքականությանն առնչվող հարցերը։ Օրը ամփոփվեց ՄԱԶԾ կողմից իրականացված Հայաստանի Հանրապետության հինգ խոշորացված համայնքներում հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների վերաբերյալ քաղաքացիների գոհունակության ելակետային գնահատման ներկայացմամբ, որը ներկայացրեց հետազոտության մեջ ներգրավված «Համայնքը ԵՍ եմ» 2-րդ ճամբարի շրջանավարտ Աստղ Վարդանյանը։ «Համայնքը ԵՍ եմ» 5-րդ ճամբարի 4-րդ օրը մեկնարկեց «Ի՞նչ է մասնակցային հետազոտությունը» թեմայով դասընթացով, որը վարում էր ՄԱԶԾ փորձագետ Ժաննա Հարությունյանը։ Հաջորդ դասընթացի թեման՝ «Ինչպե՞ս վարել հարցումներ» թեմայով էր, որը վարում էր «Համայնքը ԵՍ եմ» 1-ին ճամբարի շրջանավարտ Հերմինե Կարապետյանը։ Օրվա մյուսը մասը անցկացրինք Չարենցավան համայնքում, որտեղ հարցումներ իրականացրեցինք բնակիչների հետ, որոնց միջոցով պետք է բացահայտվեն Չարենցավանում մասնակցության խնդիրներն ու դրանց լուծման ուղիներն ըստ բնակիչների։ ‌

Ճամբարի հինգերորդ օրը նվիրված էր ծրագրային գաղափարի մշակմանը։ Օրվա առաջին մասում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը ներկայացրեց ծրագրային առաջարկի մշակման փուլերն ու դրանց կարևորությունները։ Օրվա 2-րդ մասում հանդիպում-զրույց ունեցանք երիտասարդական ոլորտի փորձագետ Արեգ Թադևոսյանի հետ, ով խոսեց երիտասարդների ներուժի ու հնարավորությունների մասին։ Օրվա ավարտին «Ակվարիում» մեթոդով ներկայացրեցինք մեր խմբերում մշակած գաղափարները։

Արդեն մոտենում էին հրաժեշտի օրերը, և մենք պետք է ներկայացնեինք մեր անհատական ծրագրերը, որոնք պետք է իրագործենք մեր համայնքներում: Ճամբարականերից, այն մարդկանցից, ովքեր յոթ օրերի ընթացքում հարազատ են դարձել, դժվար էր բաժանվել:: Երիտասարդների մշակած պլանները դեռ առջևում են: Այսուհետև, շնորհիվ այս ճամբարի, մեր ստացած գիտելիքներն օգտագործելով, փորձելու ենք հասարակության մյուս անդամներին ևս ընդգրկել և ակտիվորեն ներգրավվել համայնքային ցանկացած գործընթացում: Դե ինչ, ի գործ: