Համայնքը ԵՍ եմ

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Չե՞ս լսել «Համայնքը ԵՍ եմ» համայնքային երիտասարդ առաջնորդների ճամբարի մասին, հոգ չէ, հիմա մանրամասն կպատմեմ:

2016 թվականին ուզում էի մասնակցել ճամբարին, սակայն տարիքս բավարար չէր: 2018 թվականի փետրվարին էլ հնարավորությունը ձեռքիցս բաց չթողեցի, նստեցի ու հայտը լրացրի: Հարցազրույցի փուլն էլ հաղթահարելուց հետո պարզվեց, որ անցել եմ:

Ճանապարհին, երբ աչքերս բացեցի և տեսա, թե ինչ հրաշալի տեսարան է շուրջս, մտածեցի․ «Տեղ հասնելուց հետո աչքերս կբացեմ, որ անակնկալի գամ»: Մտածեցի ու աչքերս փակեցի:

Վերջապես հասանք Աղվերան, որտեղ պիտի անցկացվեր ճամբարը: Տրամադրող մթնոլորտ էր։ Հետաքրքրասեր աչքեր ու անծանոթ դեմքեր կային, որոնք հետո չպետք է մոռացվեին: Նախքան ճամբարի առաջին դասընթացի սկսվելը, գնացինք սենյակներ, մի փոքր հանգստացանք: Ի դեպ, սենյակակիցս 17.am-ի թղթակից Պետրոսյան Նոնան էր, ճամբարին մասնակցում էր նաև 17-ից Անի Ղուլինյանը։ Արդեն հետաքրքիր էր:

Հանգստի ժամն ավարտվել էր, գնացինք կոնֆերանս դահլիճ: Պետք է խոստովանեմ, որ այս ճամբարում փոքր-ինչ պասիվ էի, բայց չգիտեմ՝ ինչով էր դա պայմանավորված: Պատմեմ մեր խիտ, բայց օգտակար օրակարգի մասին: Առաջինը ելույթ ունեցավ ՄԱԶԾ (ՄԱԿ-ի ծարգացման ծրագիր) ծրագրի համակարգող Նատալյա Հարությունյանը, խոսեց ճամբարի մասին: Հետո խաղի միջոցով ծանոթացանք միմյանց հետ: Նատալյա Հարությունյանը խոսեց ժամանակակից առաջնորդության հիմունքների, միտումների մասին:

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Օրվա ամենահետաքրքիր մասը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ հանդիպումն էր։ Նա պատմեց իր մասին, պատասխանեց մեր հարցերին: Հետո խմբային աշխատանքներ կատարեցինք, որոնց գաղտնիքները մեզ բացահայտեց ՄԱԶԾ ծրագրի փորձագետ Ժաննա Հարությունյանը:

Առաջին օրվա համար այն ամենն, ինչ նախատեսված էր, ավարտին հասցրինք: Արդեն ժամը 20:30 էր, կարող էինք գնալ քնելու, հանգստանալու, բայց քանի որ մեր թիմի Անդրանիկը հրաշալի էր պարում, որոշեց մեզ ազգային պարեր սովորեցնել: Դա էլ սովորեցինք, մի փոքր էլ խաղացինք ու գնացինք քնելու։

Հաջորդ օրը սկսվեց հետաքրքիր քննարկումով, թե որն է մեր երազած համայնքը, որտեղ կցանկանանք ապրել: Ծանոթացանք Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգին. նախապատմությանը, կառուցվածքին և հիմունքներին, ինչը ներկայացրեց Աշտարակի փոխքաղաքապետ Գևորգ Եղիազարյանը:

Inspiro զրույց ունեցանք նաև «Գոլդն Գրեյպ Արմաս»-ի գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանի հետ:

Խաղի միջոցով ընտրություններ անցկացրինք մեր Արենավան բնակավայրում, յուրաքանչյուրս ունեինք մեր դերերը: Նրանք, ովքեր ո՛չ ավագանի էին, ո՛չ համայնքապետի թեկնածու, ընտրություններին մասնակցում էին որպես ընդդիմադիր ժողովուրդ:

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Հետո խաղ-վարժություն ունեինք, որը վերաբերում էր հիմնախնդրի վերհանմանը, լուծումների հավաքագրմանը, ծրագրի մշակմանը, հանրային լուծմանը։ Խաղը կազմակերպվել էր ՄԱԶԾ ծրագրի թիմի կողմից: Իսկ օրվա ավարտին աշխատեցինք մեր անհատական ծրագրերի վրա։

Երրորդ օրը հանդիպեցինք Աշոտ Գիլոյանի (ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ) հետ:

Տպավորիչ էր ՄԱԶԾ կառավարման և մասնակցային գործընթացի փորձագետ Վիջինիա Սեզիլի հետ հանդիպումը: Նաև քննարկեցինք քաղաքացիների ներգրավվածության կարևորությունը համայնքային որոշումների կայացման գործում:

Երրորդ օրը Inspiro զրույց ունեցանք Համայնքային ֆինանսիստների միության նախագահ Վահան Մովսիսյանի հետ:

Գենդերային հավասարության և տեղական քաղաքականության մասին խոսեց ՄԱԶԾ դասընթացավար Արմինե Մխիթարյանը:

Հետաքրքիր հանդիպում ունեցանք «Համայնքը ԵՍ եմ» ճամբարի շրջանավարտ Լուսինե Կարապետյանի հետ, որն ի դեպ , իր գործունեությունը նույնպես 17-ից է սկսել:

Չորրորդ օրը, «ՀԿ կենտրոն»-ի նախագահ Արփինե Հակոբյանը ծրագիր գրելու, ճիշտ ներկայացնելու մասին գաղափար տվեց, որից հետո խմբային աշխատանքի միջոցով ամրապնդեցինք ստացած գիտելիքը:

Ու քանի որ չորրորդ օրը վերջին անգամ պիտի գիշերեինք, մի փոքրիկ խնջույք էր կազմակերպվել։ Առավոտյան, նախքան ճամբարի փակման արարողությունը, հանդիպում ունեցանք «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերի, ՄԱԶԾ ժողովրդավարական կառավարման ծրագրերի համակարգող Ալլա Բակունցի հետ:

Նաև հետաքրքիր էր աշխատել Արմինե Փաթաթանյանի, Անի Թարվերդյանի, Դավիթ Դադալյանի և Լիլիթ Սարիբեկյանի հետ:

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Վերջում ուզում եմ նշել, որ ճամբարի առանձնահատկություններից մեկն այն էր, որ մասնակիցները տարբեր տարիքային խմբերում էին․ կային և՛ ավագանիներ, և՛ քաղաքագետներ, և՛ աշակերտներ, և՛ ուսանողներ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Համայնքը ԵՍ եմ»-ին հրաշալի ճամբարի և նոր գիտելիքների համար։