Համբարձման տոնը մեր բակում

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Վերջերս շատ եմ գրում ավանդույթների, սովորույթների մասին, և դա պատահական չէ, քանի որ Քյավառը Հայաստանի ամենաավանդապահ քաղաքներից մեկն է։ Իսկ Քյավառի ամենաավանդապահ բակերից մեկը մերն է։ Այստեղից անցնող տարիները իրենց հետ չեն տանում սերնդեսերունդ փոխանցվող ծեսերն ու արարողակարգերը, խաղերն ու ժամանցի «հնացած» տարբերակները։ Յոթ քար, կլաս, գործնագործ, պահմտոցի, ռեզին, ճամբար-միջոցառում… Մեր բակում այս խաղերին, փառք Աստծո, դեռ չեն փոխարինել հեռախոսներն ու համակարգիչները։ Հիշու՞մ եք մութ ու ցուրտ տարիները։ Մեր շքամուտքում պահպանվել է անգամ ավագների երեկոյան զբաղմունքը՝ լոտո, մրոցի, արդեն նաև մաֆիա։

Մեր բակում տարին 1-2 անգամ հետաքրքիր ու ինտերակտիվ միջոցառումներ են կազմակերպվում, իսկ տոները հատկապես փոքրերի համար իսկական խրախճանք են դառնում։

Կրտսեր սերնդի ամենասիրելի տոներից մեկը Համբարձման տոնն է։ Այս տոնի հետ կապված հետաքրքիր սովորույթներ են պահպանվել, որոնցից են` «Ջան գյուլում» երգելը, ջուր գողանալը, վիճակ հանելով բախտագուշակություն անելը և այլն։

Այս տարի տոնական միջոցառման կազմակերպիչը 8-րդ դասարանի աշակերտուհի Նատալին էր՝ բակի ամենաակտիվ, ամենաբարձրախոս, ամենանախաձեռնող երեխաներից մեկը։ Նա նախ հյուրերին ներկայացրեց տոնի քրիստոնեական, ապա՝ վիճակի կախարդական խորհուրդը։ Նրան հաջորդեցին ավելի փոքրիկները, ովքեր իրար հաջորդելով պատմեցին, որ Վիճակի տոնը խորհրդանշում է հասարակության և բնության կապը։ Համբարձման չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը համարվում էր զորության կախարդական գիշեր։ Մարդիկ հավատում էին, որ տարին մեկ անգամ Համբարձման գիշերը, աստղերը երկնակամարի տարբեր կողմերից գալիս, միանում, ջերմ համբուրվում ու վերադառնում են իրենց տեղերը։ Այդ համբույրին ականատես մարդկանց երազանքները իբրև կատարվում էին։ Համբարձման տոնին տղաները մրցում էին ուժով, իսկ աղջիկները տոնին նախորդող երեկոյան անխոս պետք է 7 աղբյուրից ջուր գողանային, 7 տարբեր ծաղիկներ ու 7 քարեր լցնեին տարայի մեջ ու  թողնեին բաց երկնքի տակ։ Իսկ հաջորդ օրը վիճակ գցեին՝ իմանալու համար այդ տարում իրենց ինչ է սպասվում։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Միջոցառման ընթացքում վիճակահանությամբ ընտրվեց հարսիկը՝ նա, ով համապատասխան կանխատեսումից, խրատից կամ բարեմաղթանքից հետո պետք է ջրով լի տարայից հաներ վիճակին մասնակցող աղջիկների իրերը։

-Էսօր մեզ Համբարձում ա,

Աստծուն փառքի բարձըմ ա,

Քրիստոս երկինք համբարձավ,

Ողջիս բախտը բացվըմ ա։

-Համբարձման երկուշաբթին

Կռվան երկու տեքերկին…

Բակային փոքրիկ միջոցառումը համեմված էր նաև ազգային երգ ու պարով, խաղերով ու մրցույթներով։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Մեր օրերում Համբարձման վիճակը, Ջան գյուլումը համարյա մոռացվել են և մնացել են միայն ուխտագնացությունների սովորույթները, բայց եթե յուրաքանչյուր բնակավայրի մեկ-երկու բակում փոքրերը կազմակերպեն նման միջոցառումներ, մեր ազգային տոները, արժեքները ծեսերն ու ավանդույթները մոռացության չեն մատնվի։