Հայաստանը գնացել ա Ռուսաստան…

Լուսանկարը՝ Դավիթ Ասլանյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ասլանյանի

-Հո’ս, դե կհանձնես էլի, մի վախեցի,- քաջալերում էի եղբորս, երբ զանգեց Շուշանը:

-Լուս ջան, բարև, լա՞վ ես:
-Լավ եմ, Շուշ ջան, իսկ դո՞ւ:
-Լավ եմ, չէ’, լավ չեմ, ուֆ, չգիտեմ` ոնց եմ, երկու օրից քննության եմ, ո՞նց պիտի լինեմ: Լավ ինչևէ, Լուս ջան, հիշո՞ւմ ես, որ գնացել էինք ձեր բարեկամի տուն, որ իրենց Նարեկ գրքի մասին հարցազրույց վերցնեինք Տանյա տատից ու իր աղջիկ Հայաստանից: Հետո Տանյա տատիկը ասաց, որ եթե երազանք պահենք ու կարդանք էդ գրքի էջերից մեկը` մեր երազանքը կկատարվի: Իմ երազանքը կատարվել է և ուզում եմ նորից գնալ իրենց տուն: Կգաս, չէ՞:
- Հա, բա ոնց, հիշում եմ, շատ լավ ա,- ասացի ես` փորձելով մտաբերել, թե ես ինչ երազանք եմ պահել այդ ժամանակ,- գնանք հենց վաղը, կգա՛ս, ես քեզ կդիմավորեմ:
Հաջորդ օրը առավոտյան Շուշանը եկավ, իսկ ես գնացի նրան դիմավորելու: Մի փոքր քայլեցինք, և Շուշանը միանգամից նկատեց այն խանութը, որտեղից նախորդ իր գալուց պաղպաղակ էինք գնել ու որոշեցինք, որ նախաքննական լարվածությունը ցրելու համար պաղպաղակը չէր խանգարի: Մտանք խանութ և վերցրեցինք վաղուց մոռացված երկու պաղպաղակ (ուրիշ ընտրություն չունեինք) և մոտեցանք մթության մեջ նստած վաճառողուհուն, վճարեցինք` սպասելով մանրին: Սպասելը տևեց  հինգ րոպե, մինչև այդ կինը 800 դրամը կտար 10 և 20 դրամներով: Վերջապես Շուշանի ձեռքի մեջ լցվեցին մի բուռ կոպեկներ, և մենք դուրս եկանք խանութից: Շուշանը իր շուշանական դժգոհ դեմքով ասաց.
-էէէէէ… Բա սրանցով ի՞նչ անեմ, լրիվ մանր ա…
-Ինչ արած, Շուշ ջան, մոտը առևտուր չի լինում, մարդ չի մնացել էստեղ… Ի՞նչ անի…
-Տանյա տատիկը տունը կլինի, չէ՞…
-Հա, բա ոնց, ո՞ւր պիտի լինի:
Տանյա տատիկին մի բան պետք է տանեինք, բայց մոռացել էինք, սակայն ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք. մենք մեր ուղղությունը փոխեցինք ու գնացինք խանութ: Վերցրեցինք շոկոլադե սալիկ` փափուկ միջուկով (մտածեցինք Տանյա տատիկի ատամների մասին): Երբ հասնում էինք արդեն իրենց տանը, ակամայից սկսեցինք հիշել Տանյա տատիկի այգին.
-Հիշո՞ւմ ես, ինչ լավ այգի ուներ` խնամված, սիրուն;
-Հաաա, ծաղիկները տարբեր գույների ու տեսակների …
Ինչ խոսք, Տանյա տատիկը լավ էր խնամում այգին: Երբ հասանք, եղավ այն, ինչից Շուշանիկը ավելի շատ էր վախենում, քան իր հաջորդ օրվա քննությունից: Տանյա տատիկենց դարպասը փակ էր, իսկ խոտերը փակում էին տունը, և կարծես երբեք չէր էլ եղել այն կախարդական այգին:
-Սպասիր, ես հասկացա, ախր, հնարավոր չի, է,-ասացի ես և վազեցի հարևանի տուն:
-Բարև ձեզ, չե՞ք ասի` որտեղ է Տանյա տատին …
-Տանյան,-մեզ մոտենալով ասաց հարևանուհին ,- Հայաստանը գնացել ա Ռուսաստան, մորն էլ հետն ա տարե….
Մենք գլխիկոր և շուշանական դժգոհ դեմքով դուրս եկանք: Որպեսզի Շուշանի գալը իզուր չլիներ, ես նրան տարա մի ուրիշ մատուռ, և երկուսով աղոթեցիքն բոլոր դիմորդների համար:

Հ.Գ Մաղթում եմ հաջողություն բոլոր դիմորդներին: